Պարոն դատավոր, ունեք պատմական շանս՝ ստեղծել 19 տարվա վաղեմության գործի վերաբացման նախադեպ
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Առավոտյան բանտային արդուկով՝ այլումինե կրուժկայի մեջ տաքացրած աղով, արդուկում եմ վերնաշապիկս: Պատրաստվում եմ դատական նիստին: Չեմ հիշում, թե քանի դատավարության եմ մասնակցել 19 տարվա ընթացքում: Չեմ հիշում, թե քանի անգամ եմ մերժումներ ստացել: Մտքումս, ավելի ճիշտ՝ կիսաձայն արտասանում եմ խոսքիս այն հիմնական «մեխերը», որոնք ուզում եմ շեշտադրել դատավորի մոտ:
Արդուկելը շարունակում եմ ու հիշում իմ հին ընկերներից Ցիցերոնին, ում մասին շատ եմ կարդացել: Դեռ մի 15 տարի առաջ Կարմիր Խաչի գրասենյակից ներկայացուցիչներ էին այցելել մեզ՝ ցմահ դատապարտյալներին նվիրելով գրքեր: Գրքի վերնագիրը չեմ հիշում, բայց այնտեղ գեղարվեստորեն նկարագրվում էր, թե ինչպես էր Հին Հռոմում աշխատում դատաիրավական համակարգը: Հրապուրված կարդում էի, թե ինչպես էր հանրաճանաչ Ցիցերոնը կառուցում իր պաշտպանական ճառը: Նրա տրամաբանությունն ու հռետորաբանությունը քանդում էր ողջ մեղադրանքը, որը ներկայացնում էին իր պաշտպանյալին: Նա հարցադրումների ու փաստարկների միջոցով ցույց էր տալիս, որ մեղադրող կողմը, չունենալով որևէ ապացույց, փորձում էր հասարակության աչքին մեղադրյալին ներկայացնել ինչպես մի հրեշի: Եվ մեղադրանքը կառուցում էր միայն նրա վրա, որ եթե մեր դիմաց մեկն է, ով մեղադրվում է չարագործության մեջ, ուրեմն հենց ինքն էլ չարագործն է: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես հիմա Հայաստանում է: Եթե մաղադրվում ես, ուրեմն արդեն մեղավոր ես: Էլ ի՞նչ ապացույց: Իսկ Ցիցերոնը հասարակությանը ցույց էր տալիս, որ իրականում բացարձակապես ոչ մի օբյեկտիվ ապացույց մեղադրող կողմը չի բերում: Հետևաբար ինչպե՞ս կարելի է մեղադրել մի մարդու, ով միգուցե անմեղ է: Ցիցերոնի մասին հիշողություններով տարված՝ չնկատեցի, թե երբ եկավ նիստի ժամը:
Դրսից ժամանած ոստիկաններն ուղեկցում են ինձ «Նուբարաշեն» կլոր բանտի դահլիճ, որտեղ մոտավորապես 10 անգամ տարբեր նիստերի եմ մասնակցել: Այնտեղ միայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն է քարտուղարի հետ: Ինչպես սովորաբար, այս անգամ էլ փորձում են ինձ փակել բեմի վրա ամրացված վանդակի մեջ: Սկսում եմ առարկել.
- Պարոն Մարտիրոսյան, վանդակում ես խոսք անգամ չեմ ասի, և նիստը չի կայանա: 2010 թ-ին Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ Աշոտ Հարությունյանի գործով՝ մարդուն վանդակի մեջ պահելը համարելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Խնդրում եմ կարգադրեք առանձին սեղան-աթոռ տրամադրեն, որ կարողանամ նորմալ պայմաններում իրականացնեմ իմ պաշտպանությունը: Որոշողը Դուք եք:
- Առարկություն չունեմ, բայց, կարծում եմ, անվտանգությունն ապահովող ոստիկանների լուծելիք հարցն է,- լսվեց դատավորի պատասխանը:
Մինչ ոստիկանները կապվեցին իրենց վերադասի հետ, ինձ փակեցին վանդակում: Սակայն մի երեք րոպե անց ինձ վանդակից դուրս թողեցին: Ներս մտավ դատախազ Չարխիֆալաքյանը: Նիստը համարվեց բացված, սակայն դահլիճում դեռ մարդ չկար: Բայց մի քանի րոպե անց իրար հետևից դահլիճ սկսեցին մտնել ծանոթ և անծանոթ, բայց բոլորն էլ հարազատ մարդիկ: Խոսքս սկսեցի միջնադարյան Եվրոպայի ու Հայաստանի համեմատականներով:
Երբ Եվրոպայում միջին դարերում ինկվիզիցիան անմեղ մարդկանց գլխատում, խարույկների վրա այրում էր, վհուկների որս էր անում, Հայաստանում 1200-ականներին Մխիթար Գոշը գրում էր «Դատաստանագիրքը»՝ հիմքում դնելով մարդասիրության ու քրիստոնեության սկզբունքները: Նա դեմ էր նաև մահապատժին: Բայց արի ու տես, որ 1000-ամյակների քաղաքակրթություն ունեցող հայերիս Եվրոպան պարտադրեց հրաժարվել մահապատժից 21-րդ դարասկզբին: Իսկ մահապատժից հրաժարման հիմքում դրված է այն, որ ոչ մի երկիր չունի դատական կատարյալ համակարգ, չկան անսխալական դատավորներ: Ուստի պիտի պահպանել մարդու կյանքը: Ոչ մեկը ապահովագրված չէ դատական սխալից, և վաղը, Աստված չանի, կարող է մեկ ուրիշը՝ անմեղ լինելով հայտնվել մեղադրյալի աթոռին: Եվ մեր դատաիրավական համակարգն այսօր պետք է ընդունի, որ Հայաստանում նույնպես կան դատական սխալներ, ինչպես ամենուր:
Ելույթի ժամանակ հերթով նայում էի դահլիճում նստած մարդկանց: Շատերին չեմ ճանաչում, մարդիկ են, ովքեր արձագանքել են իմ պատմվածքներին, հոդվածներին, իմ պատմությանը: Նկատեցի նաև մարդու, ում հանդիպել եմ այստեղ՝ բանտախցում 19 տարի առաջ. մաթեմատիկոս Գուրգեն Մարտիրոսյանն է, ում հետ նույն խցում մինչև մահապատժի դատավճիռը եղել եմ 4 ամիս՝ 1996 թ-ին: Հիշում եմ նրա եղբայրական հոգատար վերաբերմունքը իմ նկատմամբ: Չէ՞ որ 20 տարեկան երիտասարդ էի այդ ժամանակ: Առաջին անգամ տեսնում եմ ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանին, ում միայն հեռուստաէկրանից էի նախկինում տեսել: Ու էլի շատերին…
Հուզված որսում էի մարդկանց հայացքները՝ փորձում հասկանալ՝ ինչ են հիմա մտածում: Միգուցե փորձում են հասկանալ մի դատապարտյալի, որ 19 տարի պայքարում է հանուն ցհահ ազատության: Ուժ եմ ստանում և ոգևորվում մարդկանցով, ովքեր ուզում են արժանապատիվ ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ օրենքի առջև բոլորն են հավասար, և արդարադատությունը գերակա արժեք է: Մտածեցի՝ միգուցե Լեռ Կամսարի թոռնուհին էլ դահլիճում լինի: Չէ՞ որ նրա հետ գրի միջոցով հեռակա շփվում ենք, իսկ իրական կյանքում երբևէ չենք հանդիպել:
Սիրելի Վանուհի, մեծ ուրախությամբ կարդացի նամակդ, է՛լ ավելի ոգևորվեցի, մի փոքր էլ «ջղայնացա», որ ինձ պատկերացրել ես պաշտոնյայի դերում: Չգիտեմ՝ երբևէ ինչ-որ պաշտոն կզբաղեցնեմ, թե ոչ, սակայն երբեք ինքնանպատակ դա չի կարող լինել: Պաշտոնյա դառնալու դեպքում էլ՝ աշխատասենյակիս դռան վերևում կփակցնեմ քո խոսքերը. «Նայի՛, հա՛, Մհե՛ր տղա…»:
Վանուհի ջան, երկու հարց էիր տվել. այս անգամ կպատասխանեմ մեկին՝ արդյոք շփվում ենք մյուս ցմահ դատապարտյալների հետ (մյուս հարցին հաջորդ նամակով կպատասխանեմ): Ցմահների բաժնում հնարավոր է շփվել միայն խցակիցների հետ. երբեք տարբեր խցերում գտնվող դատապարտյալներն իրար չեն հանդիպում այլ վայրում, այսինքն՝ զբոսանքի ժամանակ: Փակ ռեժիմային գոտի է: Իսկ զբոսնում ենք ոչ թե բաց հրապարակում՝ հողի վրա, բաց երկնքի տակ, այլ փոքրիկ խցերում, բանտի 6-րդ հարկում: Եվ քանի որ նորից 4 պատերի մեջ ենք, ոչ մի բան չենք տեսնում: Տարբերությունը միայն այն է, որ առաստաղի փոխարեն ճաղավանդակ է, և ճաղերի արանքից հնարավոր է երկինքը տեսել, նաև մի քանի բառ փոխանակել կողքի խցերում գտնվող տղաների հետ:
Հ. Գ. Խոսքս ավարտելուց հետո ուզում էի մոտենալ ներկաներին, բոլորին գրկել, ասել ջերմ խոսքեր: Բայց ոստիկանները նորից ինձ հիշեցրեցին ձեռնաշղթաների մասին: Այդ ժամանակ ես էլ հիշեցի այս պատմությունը, որը գրեթե չեմ մոռանում. եթե չեմ սխալվում հնդկական փիլիսոփայությունից է:
Մի թռչուն ձու է դնում օվկիանոսի ափին, բայց ալիքներն այն «գողանում» են, տանում օվկիանոսի խորքը: Թռչունն իր փոքրիկ կտուցով սկսում է կաթիլ-կաթիլ ջուր վերցնել օվկինոսից ու տանել մի ուրիշ տեղում դատարկել: Այդպես ամիսներ, տարիներ շարունակ փորձում է օվկիանոսը չորացնել, որպեսզի իր ձուն գտնի: Բոլոր կենդանիներն ու մարդիկ զարմացած հարցնում են.
- Մի՞թե անօգուտ չեն քո ջանքերը:
Բայց թռչունի համառության համար տիեզերքի բոլոր ուժերը միանում են նրա պայքարին, օվկիանոսի ջրերը բացվում են, ու բնությունը թռչունին պարգևատրում է իր աննահանջ լավատեսության, աշխատասիրության, հավատի համար: Նրա ջանքերը փոխհատուցվում են երջանկությամբ:
Կհանդիպենք հունիսի 15-ին, ժամը 11-ին… սպասում եմ…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել