HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»

Շուշիից երևացող Քարին Տակ գյուղի ճանապարհը, կարծես, ցախավելի` հողի վրա թողած հետքերն է կրում: Տներից մեկից բարձրացող ծուխը ձուլվում է արդեն երեկոյացող օրվան: Մենք գնում ենք Քարին Տակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանի տուն: Դրանից երկու օր առաջ նրան հանդիպել էինք գյուղապետարանի մոտ: Գյուղապետն ասաց, որ գյուղի կռվող տղերքից է, իր հոր` Վաղարշակ Առուշանյանի զոհվելուց հետո Արթուրն է դարձել ջոկատի հրամանատարը:

Բարձրահասակ, նիհար, սևացած դեմքին հանգստություն կա, երբ մենք հարցեր ենք տալիս գյուղից, ուշադիր լսում է, քիչ է խոսում: Մի տեսակ կուտակված դառնություն է զգացվում նրա լռության մեջ: Իսկ այդ դառնությունը տխրություն է դրոշմել դեմքին: Հարցնում եմ` կլինի՞ զրուցենք մի օր: Դեմքի հանդարտությամբ, հետո մի փոքր ժպիտով պատասխանում է, թե կլինի, բայց այնպիսի օր պիտի ընտրենք, որ դաշտ գնացած չլինի:

Երկու օր հետո հանդիպում ենք իրենց տանը: Դարպասների մոտ մեզ էր սպասում: Որդիները, թոռները, կինն ու հարսն էլ մեզ դիմավորում են տան բակում: Մեր խնդրանքով զրույցն անում ենք տան բակում: «Ա, համոթ ա, է~, մարդ ալ տոն չկյա»,- ասում է Արթուրի կինը: Արթուրը թե` «պա ես հինչ անիմ, օզումըն դրսում նստին»: Ծիծաղում ենք:

Մի գյուղ, մի «Մոսին»

Արթուր Առաքելյանը 56 տարեկան է: Շուշիում է ծնվել, երբ 88-ի ազգամիջյան լարվածությունն սկսեց, ընտանիքով տեղափոխվեց իր պապենական գյուղը` Քարին Տակ: «88-ին երբ սկսեց շարժումը, ստորագրահավաք էին անում` հավատալով, որ Գորբաչովը կլսի մեզ, Ղարաբաղը կտա Հայաստանին: Իսկ թուրքերն` այդ իրադարձություններից դժգոհ, սկսեցին մարդկանց ձերբակալել»,- ասում է նա:

Այդ ժամանակ, Արթուրի ասելով, ադրբեջանցիները հաճախակի էին գալիս գյուղ, անձնագրերն էին ստուգում, եթե մեկը գյուղի գրանցում չէր ունենում, ձերբակալում էին: Մարդիկ են եղել, որ ամիսներով մնացել են Բաքվի բանտում: Սկզբից այդ ճնշումները հոգեբանական բնույթ էին կրում, իսկ հետո վերածվեցին մարտական գործողությունների: Այդ ժամանակից էլ սկսվեցին կրակոցները: Շուշիի բարձունքից գյուղը նշանառության տակ էր ադրբեջանցիների կողմից: «Քանի որ այդ ժամանակ իրենք զինամթերքի պակաս չունեին, ռուսական բանակի գնալուց հետո ինչ ունեին, իրենց մնաց, անընդհատ կրակում էին: Այդ ժամանակ զենք չունեինք մեզ, մի քանի որսորդական հրացան ունեինք, ռուսի բանակը եկել էր, հավաքել էր զենքը, իսկ զենք մնացել էր այն մարդկանց, ովքեր չէին գրանցել»,- նշում է Արթուրը:

Գյուղում առաջին զենքը հայ-թուրքական կռիվներից իրենց ընկերոջ հոր պահած «Մոսին» հրացանն էր: Ընկերը հորը խնդրել էր իրենց տալ հրացանը, հայրը հրաժարվել էր` ասելով, թե զենք չկա: Տղան էլ թե` «կամ զենքը բեր, կամ էլ լոմով քանդելու եմ պատերը»: Դա լսելուց հետո հայրը բերել էր զենքը: «Այդ մի հրացանը մեծ բան էր մեր գյուղի համար: Որսորդական հրացանը չի կրակում մեծ հեռավորությունների վրա: Իսկ այդ մի զենքով էստեղից կրակում էինք, թուրքերին վախեցնում էինք, որովհետև իմանում էին, թե մենք զենք ունենք: Էդ մի զենքը մեծ դեր խաղաց մեզ համար»,- հիշում է Արթուրը:

Մինչ կրակոցները` 1989-ին, անդամագրվել էր ՀՅԴ-ին: Նրա հետ էին նաև երեք համագյուղացիներ, որոնցից Վաղարշակ Առուշանյանն այնուհետ դարձավ Քարին Տակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար:

1991-ին` մարտական գործողությունների սկսվելու ժամանակ, ըստ զրուցակցիս, գյուղում 650-700 բնակիչ կար: Մինչ օրս այդ թիվը գրեթե պահպանվում է: «Մեր գյուղից ոչ մեկը դուրս չեկավ, անգամ այն ժամանակ, երբ թուրքերը սկսեցին ոչ միայն հրաձգային զենքերով, այլև նռնականետներով, ականանետներով կրակել: Այդպիսի հարց եղավ, որ ասացին` գոնե կանանց և երեխաներին հանենք գյուղից, որ չվնասվեն: Դրա համար ժողով հրավիրեցինք, որոշեցինք, որ գյուղից ոչ մեկը պիտի դուրս չգա: Մեծ, փոքր, կին, էրեխա պիտի մնային գյուղում, ուղղակի պիտի գտնեինք ապահով տեղեր»,- նշում է նա: Հետո ավելացնում է, որ իրենք մտածում էին ոչ միայն գյուղը չլքել, այլև ազատագրել Շուշին:

Մինչ 92 թ. հունվարի 26-ը փոքր հարձակումներ են եղել գյուղի վրա, իսկ Շուշիի բարձունքից կրակոցներն անընդհատ էին, ժայռից այրվող անվադողեր էին գլորում դեպի գյուղ: Արթուրը հիշում է, որ գյուղում ցերեկը տեղաշարժվելը գրեթե անհնար էր: Որևէ շարժում նկատելիս կրակոցներն ավելի էին ուժգնանում: Այդ տարիներին սնունդը քիչ էր Ղարաբաղում: Հացը թխում էին հարևան Սղնախ գյուղում, որտեղից Քարին Տակ էին տանում գիշերը: Բացի դրանից` Կոմանդոսը հանձնարարություն էր տվել Սղնախի գյուղապետին մսով ապահովել Քարին Տակի բնակչությանը: Շաբաթը մի քանի անասուն էին մորթում, ուղարկում Շուշիին հարակից գյուղ:

1992-ի հունվարի 26-ը

Այդ օրը կատարվածը զրուցակիցս անվանում է ճակատամարտ: Ասում է, որ նախորդող գիշերն ինքը տանն էր, իր հանգստի օրն էր: Գյուղում հերթապահություն էր նշանակված, հսկում էին հերթափոխով, իսկ լարված իրավիճակներում միանում էին:

Հունվարի 26-ի լուսադեմին ադրբեջանական երկու կանոնավոր գումարտակ շրջապատել էր գյուղը, իսկ Շուշիի ժայռի վրա ու հարակից բարձունքներին լրացուցիչ ուժեր էին տեղակայված: Ըստ Արթուրի` հակառակորդի կողմից գործողությանն անմիջական մասնակցություն է ունեցել մոտ 500 հոգի: Այդ ժամանակ, ազատամարտիկի ասելով, իրենք արդեն 41 ավտոմատ ունեին, մեկական գնդացիր, դիպուկահար հրացան և հակատանկային նռնականետ, որն ընդամենը 3 արկ ուներ: «Էդ էր ամբողջը: Մենք տեղյակ չէինք շրջափակման մասին, բայց կասկածներ ունեինք, որովհետև տեսել էինք, որ կիրճի վրա ինչ-որ բան կատարվում էր, բայց թե կոնկրետ ինչ, չգիտեինք: Դրա նախորդը օրը նկատել էինք, որ շարժումները, մեքենաների ակտիվ գնալ-գալը շատացել է: Ավելի հաճախակի էին դարձել կրակոցները: Արդեն առավոտյան 05:40-ին հարձակումը սկսել էին»,- ասում է ազատամարտիկը:

Նրա խոսքով` իրենք ամեն րոպե էլ սպասում էին արդբեջանական զինուժի ներխուժման, բայց ոչ այդ ծավալներով: «Մեր տանն էինք, առավոտը մայրս եկավ-մտավ, դե, տարիքով կին էր, չէր կարող ջոկել` ինչ էր կատարվում, ասաց, ոնց որ մեր պուլիմյոտը փչացել է, լավ չի աշխատում: Պուլիմյոտը դրել էինք էն սարի վրա (ցույց է տալիս տեղը- հեղ.) ու թուրքերի վրա էինք կրակում: Մայրս նայել էր, տեսել, որ պուլիմյոտը ցած է կրակում: Էդ ժամանակ թուրքերը որ հարձակվել էին, պուլիմյոտչիկը ցած էր կրակում, թուրքերի վրա: Դուրս եկանք, տեսանք` մարտ է գնում: Անմիջապես միացանք ջոկատին»,- վերհիշում է նա: Մարտն սկսվելուց որոշ ժամանակ անց սպանված ադրբեջանցիների մոտից զենքեր էին վերցնում` տալով գյուղի այն երիտասարդներին, ովքեր զենք չունեին: Չնայած ինքնապաշտպանվողների թիվն աստիճանաբար շատանում էր, միաժամանակ ավելանում էին վիրավորներն ու զոհերը: Այդ օրը քարինտակցիներին օգնության էին շտապել նաև Շոշից, Սղնախից, Չանախչիից (Ավետարանոցից), Կարմիրգյուղից, Սզնեքից: Սղնախից օգնության գնացածներից մի քանիսը զոհվել էին մինչև մարտ սկսվելը, քանի որ անակնկալ դուրս էին եկել երկու հայկական գյուղերի միջև գտնվող բարձունքում տեղակայված ադրբեջանական զինուժի դեմ:

«Դժվար էր մեզ համար: Գյուղում չէինք կարողանում ազատ տեղաշարժվել, որտեղից մարդ էր երևում, վերևից կրակում էին: Մի պահ նկատեցի, որ գնդացրի կետի վրա հարձակումը ուժեղացրել են, զգացինք, որ էնտեղ տղաները վատ վիճակում են, օգնության գնացինք մի 4-5 հոգով: Ճանապարհին թփուտների միջով գնալուց երկուսով էինք. երկուսը` մի տեղով, երկուսը` մի, մեկը` մի տեղով էր գնում: Մեկ էլ թփուտների արանքից սկսեցին կրակել մեզ վրա, 9 հոգի էին, մենք էլ երկուսով էինք, մենք էլ իրենց վրա կրակեցինք, 9 հոգու սպանեցինք: Մինչև էսօր էլ մնացել եմ զարմացած, թե 9 հոգի մեզ վրա կրակել են, ոչ ինձ, ոչ էդ տղային չկպավ մի հատ»,- պատմում է ազատամարտիկը: Փորձում եմ հնարավորինս քիչ ընդհատել նրան: Ասում է` այդ 9 հոգուն սպանելուց հետո նորից հետ էին եկել իրենց դիրքերը` նկատելով, որ հարձակումն ուժեղացել էր այնտեղ: «Որ մենք կոտորել էինք, դրանց մեջ մեկը կար փորի վրա ընկած, դեռ շնչում էր: Հետ գալուց մեր տղաներից մեկը ոտքով հրում է, շուռ է տալիս, թուրքի ձեռին գրանատ կար, ձեռից բացվում է, պայթում էդ գրանատը, մեր ընկերոջը` Հենոյին, ծանր վիրավորում, դե, մինչև հոսպիտալ հասցնեինք, մահանում է: Դա էլ համարյա մեռած թուրքն էր»,- նշում է զրուցակիցս:

Մարտը մոտ 12 ժամ է տևել: Ժամը 18-ի կողմերն արդեն ավարտվել էր: «Մենք հաղթեցինք, որովհետև մեր գյուղը, մեր տունն էինք պաշտպանում»,- ասում է Արթուրը:

Այդ օրվա երկրորդ կեսին քարինտակցիներին օգնության էր գնացել նաև Բեկոր Աշոտի ուղարկած դասակը: Բայց մարտն արդեն ավարտին էր մոտենում: Այդուհանդերձ, դասակը 4-5 օր պահել են գյուղում իբրև օգնական ուժ: Չնայած, ավելի ուշ ասում է ազատամարտիկը, ադրբեջանցիներն այլևս չներխուժեցին իրենց գյուղ: «Դե, ում էլ էդպես կոտորես, ռիսկ կանի՞ նորից մտնի գյուղ»,- մեղմ ժպտալով ասում է նա:

Հայկական կողմն այդ օրը 22 զոհ և մոտ 20 վիրավոր է տվել: Զոհերի թվում էր նաև գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Քանի որ մինչ այդ Արթուր Առաքելյանը նրա տեղակալն էր, կենտրոնական շտաբի հրահանգով դառնում է ջոկատի հրամանատար: Հիշում է, որ հունվարի 26-ից հետո գյուղի կանանց ու երեխաներին տեղափոխել են հարևան գյուղեր, գյուղում մի քանի կին էր մնացել, ովքեր ճաշ պիտի պատրաստեին ազատամարտիկների համար:

Հակառակորդը հրաժարվել է տանել յուրայինների դիերը

Քարինտակցի ազատամարտիկը հիշում է, որ հունվարի 26-ին 136 ադրբեջանցու դի են գտել գյուղում և շրջակայքում:

Քարին Տակից հակառակորդի մոտ 20 դիակ ուղարկել են Ստեփանակերտ և այլ վայրեր, որտեղ ապրող հայերի հարազատները պատանդ էին ադրբեջանցիների մոտ: Դիակները պիտի փոխանակվեին գերիների հետ: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը` գրոհայինների դիակները վերցնելու համար: «Ասացինք` լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք: Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ: Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած: Ասացին` մեզ պետք չեն դրանք: Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է Արթուր Առաքելյանը:

Ըստ նրա` գյուղի ինքնապաշտպանական ջոկատի անձնակազմը հասել է առավելագույնը 82-ի: «Շուշիի ազատագրմանը ևս մասնակացել է մեր ջոկատը»,- նկատում է նախկին հրամանատարը: Ջոկատն ընդգրկվել է քաղաքի ազատագրմանը մասնակցող 4 խումբ-ուղղություններից հարավայինում: Ջոկատի մարտական առաջադրանքն էր ոչ միայն փակել դեպի Շուշի ադրբեջանական օգնական զինուժի հնարավոր մուտքը, այլև վերահսկողության տակ վերցնել Նաբիլար գյուղը: Քարին Տակի ջոկատը Շուշիի ազատագրմանը 10-12 վիրավոր է ունեցել և մեկ զոհ` Աշոտ Գասպարյանը: 1993-ից ջոկատն ընդգրկվել է Շուշիի գնդի կազմում` մասնակցելով ազատագրական բազմաթիվ մարտերի:

1994-ի ապրիլի 24-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ ուղղության մարտերում զրուցակիցս թևից վիրավորվել է: «Ձեռքիս ջլերն էին վնասվել, չէի կարողանում շարժել թևս»,- ասում է նա: Հրադադարից ամիսներ անց ձեռքը վիրահատել են Երևանում: Երբ խոսում ենք հրադադարի մասին, ասում է. «Էդ ժամանակ մեր բանակի վիճակն էնպիսին էր, որ բոլոր կռվողները գիտեին` եթե մեզ չկանգնեցնեին, կարող է մի քանի օրում հասնեինք Բաքու»: Մինչ 2009 թ. Ա. Առաքելյանը եղել է բանակում, ծառայել է թիկունքային և սահմանապահ զորամասերում:

Գնահատված լինել-չլինելու մասին

Նախկին հրամանատարին հարցնում եմ, թե քանի մեդալ ու շքանշան ունի: Իր մասին չի խոսում: Ասում է` մի ժամանակ Շուշիի շրջանի վետերանների միության նախագահն էր, կարողացել է այնպես անել, որ ջոկատի համարյա բոլոր տղերքը Շուշիի ազատագրման մեդալ ստանան: Ինքն ունի երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան, Շուշիի ազատարագման և մի քանի գերատեսչական մեդալներ, որոնց անունները նույնիսկ դժվարությամբ է հիշում:

«Գնահատվա՞ծ եք»,- հարցնում եմ նրան: «Դրա մասին ավելի լավ է չխոսենք»,- պատասխանում է: «Ինչի՞»,- հետաքրքվում եմ:

«Մայիսի 9 է եղել: Քանի որ տրադիցիոն հաղթանակի օր է, էդպիսի մայիսի 9 չի եղել, որ միս չվերցնենք, խորոված չանենք, բայց էս տարի առաջին անգամ, ճիշտն ասած, հնարավորություն չեմ ունեցել միս առնելու: Էրեխեքն էլ գիտեն, որ տոն օր է, տելեվիզորը միացրեցինք, տեսանք, էլի, նախագահն էր, վարչապետն էր, հենա նստած քեֆ են անում, էրեխեքը թե` բա էսօր հաղթանակի օր չի՞, տոն օր չի՞: Ասի` էդ մերը չի, այ, իրենցն է»,- ասում է ազատամարտիկը:

Ներկայի մասին խոսելիս նա հանում է ծխախոտի գլանակն ու վառում, թոռը մոխրամանն է բերում, ոտնաթաթի մատներին կանգնելով, դնում պապի դիմաց:

«Էդ մեդալները որ տալիս են հիմա, ոնց որ հիմա մարդ սեմուշկան լցնում ա ջեբը, չրթելով գնում, էդ ա, մեդալն իմաստ չունի»,- նշում է նա:

Կորցրածն ու ձեռք բերածը

«Շատ բան կորցրեցինք, և ոչ մի բան ձեռք չբերեցինք: Եվ այսօր էլ անընդհատ խոսվում է Ցեղասպանության մասին` հիշում եմ, պահանջում եմ… Էդ բառերը որ տելեվիզորով լսում եմ, իմ ասելը մեկն է` էսքան տարի էսքան բան տեսնելուց հետո մեր խելքը չի հասունանում, չի գալիս էն աստիճանի, որ պահանջելով ոչ մեկը քեզ ոչ մի բան չի տալիս, ուժ ունես, պիտի վերցնես: Դե գնա սաղ կյանքդ պահանջի, տեսնեմ` ո՞վ է տալու քեզ: Ո՞վ, ոչ մեկը: Թեկուզ սաղ աշխարհքն էլ կանգնի, ասի` հա, տեսել ենք, եղել է ցեղասպանություն, ոչ մի բան չի փոխվելու, թուրքը քեզ մի թիզ հող կամ փոխհատուցում չի տալու, իսկ ուժով անելու համար մենք էսօր պիտի ոչ թե էսպիսի պետություն ունենանք, ոչ թե քանդենք եղածը, այլ փորձենք սարքել: Հիմա մեզ պետք է ուժեղանալ»:

Անցած-գնացած ճանապարհը

«Մեր անցած ճանապարհի մասի՞ն. նայած տրամադրությունս ոնց է լինում: Մի օր մտածում եմ, որ երևի սխալ եմ արել, որ կռվել եմ, մտածում եմ, որ երևի ահագին մարդկանց նման պիտի գնայինք արտասահմանում կյանք ստեղծեինք, նորմալ, մարդավարի ապրեինք, մեկ էլ մտածում եմ, որ պետք է եղել, որ արել ենք: Էսօրվա գիտակցությամբ եթե կռվեինք էն ժամանակ, կարող է մի քիչ ուրիշ ձևով էլ գնար, որ հետագայում էս օրին չհասնեինք»,- ասում է ազատամարտիկը: Նրա խոսքով` այն ժամանակ մտածում էին մի բան` կռվեն, հաղթեն, և հետո ամեն ինչ լավ կլինի: Բայց ստացվեց այլ բան:

«Էս կռվի վերջը տեսնո՞ւմ եք»,- հարցնում ենք նրան:

«Կռվի վերջը մոտավորապես Հայոց ցեղասպանության նման եմ պատկերացնում. տարիներ շարունակ խոսելու են, Ադրբեջանն ասելու է` իմ տարածքները գրավել են, հայերն ասելու են` չի եղել էդպիսի բան, իսկ սահմանում որ կրակում են, դրա վերջը չեմ տեսնում»,- ասում է նա:

Սառը քամի է բարձրացել բակում: Երկնքի մուգ կապույտը, կարծես, լցվել է ձորակի մեջ գտնվող Քարին Տակ: Նախկին հրամանատարը մեզ ուղեկցում է դեպի ավտոմեքենան: Նրան հանդիպելուց առաջ էլ զգում էի, որ զրույցը թեթև չի լինելու: Առավոտյան, եթե եղանակը լավ լինի, նա նորից դաշտ է գնալու` իր ու ընկերների արյունով պահած փոքր հողակտորի վրա, այրող արևի տակ քրտինք թափելով, վաստակելու օրվա հացը:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter