HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երկու տարվա դատական քաշքշուկ՝ հայրական տան ժառանգության համար

Քույր և եղբայր Ռիտա և Շավիղ Մնացականյաններն արդեն երկու տարի է՝ չեն կարողանում որոշել, թե իրականում ում է պատկանում հայրական տունը:  2013թ.-ից մինչ օրս ազգականների վեճը շրջում է Հայաստանի երեք դատական ատյաններով և այդպես էլ իր հանգուցալուծումը չի գտնում:

Ռիտա Մնացականյանը «Հետքին» պատմել էր, որ եղբայրը 1972թ. հեռացել է Արագյուղի իրենց հայրական տնից, մշտապես իր ընտանիքով բնակվել է Երեւանում, վարել է առանձին տնտեսություն: Իսկ ինքը մշտապես բնակվել է ծնողների հետ իր հայրական տանը`Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում:  Նրանց հայրը՝ Օնիկ Մնացականյանը 1997թ. ապրիլին մահացել է, իսկ մայրն ավելի վաղ էր մահացել: Ռիտա Մնացականյանի ասելով՝ հոր մահից հետո իր տղայի հետ անընդմեջ բնակվել է նշված տանը, որը պատկանել է հանգուցյալ հորը: Տղան 2003-2012թթ. հաճախել է Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց, որի մասին դպրոցի տնօրենը տեղեկանք է տվել: Ռ. Մնացականյանն ասում է, որ հոր մահից հետո ինքը փաստացի տիրապետել է նրա թողած ամբողջ անշարժ գույքը, մշակել է հողամասը, իր հաշվին կատարել է գույքի պահպանման ծախսերը, վճարել գույքահարկը և բոլոր կոմունալ ծախսերը: Նշված վճարումները նա կատարել է հանգուցյալ հոր անվամբ, քանի որ ժառանգությունն իր անվամբ պետական գրանցում չի ստացել: Ըստ նրա՝ ինքն է եղբորը լավություն արել եւ թույլատրել, որ հողամասի մյուս ծայրում վերջինս տուն կառուցի, ինչից հետո էլ եղբայրը տիրացել է ամբողջ գույքին:

Ռիտա Մնացականյանը պատմում էր, որ եղբայրը՝ Շավիղ Մնացականյանը, իրենից գաղտնի, հոր մահից շուրջ 6 տարի անց, ինչ-ինչ ճանապարհներով, առանց ձեռքի տակ ունենալու հոր անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը (Ռ. Մնացականյանի ասելով՝ այն մշտապես գտնվել է իր մոտ), հոր անվամբ կատարել է սեփականության պետական գրանցում, այնուհետև 2006թ., Աշտարակի նոտարական տարածքի նոտարի վավերացմամբ ձեռք է բերել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր և դրա հիման վրա ժառանգական գույքը որպես սեփականություն կադաստրում գրանցել է իր անվամբ:

Ռ. Մնացականյանը պարզել էր, որ  Շավիղ Մնացականյանը 2010թ. վիճելի անշարժ գույքի մի մասը վաճառել է դստերը՝ Լուսինե Մնացականյանին, մի մասն էլ նվիրել է իր որդուն՝ Գևորգ Մնացականյանին: Ռիտա Մնացականյանը նշում է, որ եղբայրը անօրինական կերպով է ժառանգորդ ճանաչվել եւ ամբողջ ժառանգական զանգվածը գրանցել իր անվամբ որպես սեփականություն, այնուհետեւ մի մասը վաճառել, մի մասն էլ նվիրել է զավակներին:

Ռիտա Մնացականյանը 2013թ. ապրիլի 23-ին դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝  Աշտարակի նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացրած ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն իր կողմից ընդունած համարելու պահանջով: Իսկ Գևորգ Մնացականյանը դիմել էր դատարան՝ մի դեպքում հորաքրոջը տնից վտարելու, մյուս դեպքում՝ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ըստ օրենքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջով, որտեղ պատասխանող կողմում հայրն էր:

Թե առաջին, թե վերաքննիչ դատարանները մերժել էին Ռիտա Մնացականյանի պահանջը, իսկ Գ. Մնացականյանի դեպքում հարգելի էր համարվել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցապահանջը բավարարվել էր:

Վճռաբեկ դատարանը, Ռ. Մնացականյանի բողոքն ընդունելով վարույթ, 2014թ. հուլիսի 18-ին բեկանել էր վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։ 

Ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Էդգար Սեդրակյանի, այս տարվա մարտի 10-ին մերժել է Ռիտա Մնացականյանի հայցը: Դատարանը հակառակ գործում եղած Ռ. Մնացականյանի կողմից ներկայացված ապացույցների, հաստատված է համարել, որ եղբայրն է տիրապետել ժառանգական գույքին:

Անդրադառնալով վիճելի տանը վերաբերող վճարման անդորրագրերին, դատարանը նշել է, որ դրանք պատշաճ ապացույց լինել չեն կարող, քանի որ դրանց վրա, որպես վճարող, նշված է հանգուցյալ Օնիկ Մնացականյանի անունը: Սա այն դեպքում, երբ անդորրագրերից մեկը ներկայցվել է Ռիտա Մնացականյանի կողմից Օնիկ Մնացականյանի մահից ամիսներ հետո: Պարզ է, որ հանգուցյալը չէր կարող որևէ վճարում կատարել: Իսկ Շավիղ Մնացականյանը  ժառանգության վկայագիրը ստացել է հոր մահից շուրջ 9 տարի անց՝ 2006թ, որի մասին ժառանգներից որևէ մեկը տեղյակ չի եղել:

Ռիտա Մնացականյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Նա փաստում է, որ առաջին ատյանի դատարանը ուշադրության չի արժանացրել այն պարզ իրողությունը, որ 2006թ. ժառանգություն ընդունած եղբայրը իր կողմից և իր անվամբ վճարված որևէ անդորրագիր չի ներկայացրել դատարան, ուստի անհասկանալի է մնում, թե ինչի հիման վրա է դատարանը եզրակացրել, որ Շավիղ Մնացականյանն է փաստացի տիրապետել և այդ հիմքով ընդունել  հանգուցյալ Օնիկ Մնացականյանի գույքի նկատմամբ ժառանգությունը:

Դատարանը ընդհանրապես քննության առարկա չի դարձրել վիճող կողմերի քույրերի  և թվով 26 հարևանների կողմից տրված գրավոր հայտարարությունները, որոնք վկայել են, որ  նրանց հոր մահից հետո  ժառանգական գույքը տիրապետել է բացառապես Ռիտա Մնացականյանը:

Դատարանն անդրադարձել է նաև հայցային վաղեմության խնդրին և կողմնակալ դիրքոշոշում հայտնել՝ նշելով, որ երբ 22.07.2010թ.  կադաստրում գրանցվել է Շավիղ Մնացականյանի  սեփականության իրավունքը, իբր հայցվոր Ռ. Մնացականյանն իմացել է իր իրավունքների խախտման մասին  դեռևս իրավունքի գրանցման օրը և, 3 տարվա ընթացքում դատարան չդիմելով, բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:

«Դատարանը հավանաբար չի էլ հաշվարկել, որ իմ դատարան դիմելու և Շավիղ Մնացականյանի սեփականության իրավունքի պետական գրանցման միջև երեք տարին դեռ չէր լրացել, հետևաբար չէի կարող հայցային վաղեմության ժամկետը բաց թողնել»,-ասում է Ռիտա Մնացականյանը՝ շեշտելով, որ ինքը դատարան է դիմել 2013թ. ապրիլի 23-ին:

Ռ. Մնացականյանն ասում է, որ մեծ ակնկալիքներ ունի վերաքննիչ դատարանից, հույս ունի, որ գործը օբյեկտիվ և բազմակողմանի կուսումնասիրվի և արդարացի որոշում կկայացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter