
«Հարուստների ձեռքը բռնող չկա, նրանք ինչ ցանկանան, կարող են անել»
Առավոտ է, բայց Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի փողոցներում որևէ ակտիվություն չի նկատվում: Մարդիկ չկան, երեխաների ճիչ չի լսվում, գյուղի կենտրոնում մի քանի տղամարդ է հավաքվել ու թղթախաղ են խաղում: Նրանցից քիչ հեռու` մանկապարտեզի բակում, աշխատում էր 75-ամյա Համլետ Հովսեփյանը: Նա գերանդիով խոտ էր հնձում:
«Արի-արի, արի տենամ ինչ կա երևաններում, ոնց որ քաղաքից ես եկել, կոշիկներդ ցեխոտ չի»,- մեզ տեսնելով՝ ձայն տվեց Համլետ պապը:
Նա առաջարկեց նստել ծառերի հովին ու խոսել Հայաստանի քաղաքացու մասին: Առաջին նախադասությունը սկսեց դժվար ապրելակերպից:
«Ապրելը մեզ համար շատ դժվար է, ամենուր թանկացում է, եկամուտ էլ չունենք: Հիմա էլ էլեկտրաէներգիան են ուզում թանկացնեն: Վեճ ա գնում, որ չթանկացնեն, բայց մի քիչ հավատս չի գալիս: Այդ հարցերում մի քիչ անհավատ եմ, որովհետև սովոր են միշտ թանկացնել ամեն ինչը, էժանացնելու համար ոչ մեկ չի մտածում: Իսկ թանկացնելուց հետո ժողովրդի վիճակը թե ոնց պիտի լինի, դա արդեն հարց է»,- ասում է Համլետ Հովսեփյանը:
Նա օրինակն իր վրա է բերում: Ասում է, որ ամսական մոտ 15 հազար դրամ միայն էլեկտրաէներգիայի համար է վճարում: Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի բավարարել ՀԷՑ-ի հայտը և բարձրացնի սակագինը, ամսական վճարելու է 20-25 հազար դրամ:
«Դա իմ հաշվից, իմ ապրելու հաշվից է գնում: Նշանակում է, որ ես ամսվա մեջ 10-15 հազար դրամի քիչ ուտելիք եմ առնելու, որ լույսի փող տամ»,- ավելացնում է Հ. Հովսեփյանը:
Ալաշկերտցի Համլետ պապը թեև այսօրվա սոցիալ-կենցաղային անբարենպաստ վիճակի հիմնական մեղավորներին փնտրում էր իշխանության մեջ, սակայն փորձում էր հավասարակշռել և մեղավորներ փնտրել բոլորի մեջ:
«Այսօր Հայաստանում մի իշխանության գլխին հարյուր իշխանություն է թափվել, ինչ կուսակցություն ասես կա, նրանք էլ խանգարում են ամեն ինչին: Ես պատմությունից մի քիչ լավ եմ, կարդացել եմ: Ժամանակին Ստալինին հարց են տալիս՝ ինչպես է, որ ձեր մոտ ղեկավարման հարցը հեշտ է: Նա էլ պատասխանում է, թե մեր մոտ մի կուսակցություն է, դրա համար էլ հեշտ է: Հիմա մի կուսակցություն որ լիներ, ավելի լավ կլիներ, ինչ է, ամեն մեկն իր թեզն է առաջ քաշում, իր անձնական հարցերն է լուծում, պաշտոններ են իրար մեջ բաժանում, ու ժողովուրդը մնում է անտեր»,- նշում է Համլետ պապը:
Նրա կարծիքով, եթե իշխանության վերին օղակները ցանկանում են ժողովրդի վիճակը բարելավել, առաջին հերթին պետք է ապահովել աշխատանքով:
«Հոգուդ մատաղ, եթե ես չաշխատեմ, որտեղի՞ց պիտի ապրեմ: 75 տարեկան մարդ եմ, մինչև հիմա հողի հետ կռիվ եմ տալիս: Այն ժամանակ քիչ էինք աշխատում ու լավ էինք ապրում, հիմա շատ ենք աշխատում ու ահավոր ձևով ենք ապրում, եկամուտ չունենք: Հարուստների ձեռքը բռնող չկա, նրանք ինչ ցանկանան, կարող են անել: Նրանք վատ բան չեն անում, բիզնես են անում, բայց այդ բիզնեսը անկում է տանում: Ժողովրդի վիճակը դրա ապացույցն է»,- հավելում է Համլետ Հովսեփյանը:
Արևն արդեն այրում էր: Համլետ պապը կամաց-կամաց ոտքի կանգնեց ու ձեռքը վերցրեց գերանդին: Նա պիտի աշխատեր: Իրար հրաժեշտ տվեցինք: Գյուղամեջում հավաքված մարդիկ, տեսնելով, որ մոտենում ենք իրենց, սկսեցին ամեն մեկը մի կողմ շարժվել:
«Կանգնեք, ինչի՞ եք փախնում»,- բղավեց նրանցից մեկը` տեսնելով, որ ընկերները լուռ հեռանում են: «Գյուղապետի լուսամուտը էս կողմ ա նայում, կտեսնի»,- հնչեց պատասխանը:
Մեկնաբանել