HY RU EN

Գրիշա Բալասանյան

Լրագրող Անի Գևորգյանը դիմելու է Եվրադատարան. Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրա բողոքը

Իրավապահ և դատական համակարգում շուրջ մեկ տարվա շրջապտույտից հետո այդպես էլ չգտնվեցին այն «մեղավորները», ովքեր 2014թ. փետրվարի 12-ին խոչընդոտել էին ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ տարածող ակտիվիստների աշխատանքը,  «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանի մասնագիտական գործունեությունը: Նրանք ակտիվիստների հետ միասին բերման էին ենթարկվել ոստիկանական բաժին, ենթարկվել էին անձնական խուզարկության, առգրավվել էին նրանց տեսախցիկները, իսկ երբ վերադարձվել էին, պարզվել էր, որ նկարահանված տեսաձայնագրությունները ջնջված են։ Մի քանի ժամ հետո, առանց որևէ բացատրության, նրանք ազատ էին արձակվել:

Անի Գևորգյանը պնդում էր, որ ոստիկանական բաժնում բարձրաստիճան ոստիկանը հարվածել էր իր դեմքին: Մեկ տարվա շրջապտույտից հետո չպատժվեց նաև բռնություն գործադրած ոստիկանը, թեև լրագրողը նշում էր նրա անունը՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյան:

Հիշեցնենք, որ լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:

Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» պատճառաբանությամբ: «Ասում են, թե քրեական գործը կարճել են, քանի որ ոստիկաններն իմ նկատմամբ բռնություն էին գործադրում իմ անվտանգության համար»,-նշում է լրագրողը:

Անի Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ երեք ամիս առաջ բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ՀՔԾ-ի վարույթում գտնվող քրեական գործը կարճելու որոշման դեմ: Լրագրողն այսօր տեղեկացել է, որ Հայաստանի վերջին դատական ատյանը բողոքը վարույթ չի ընդունել՝ վերադարձրել է:  

«Այսօր զանգահարեցի դատարան` իմանալու, թե ինչ նորություն կա բողոքից, ինձ ասացին, որ մայիսի 25-ին դատարանը որոշում է կայացրել բողոքի ընդունումը մերժելու մասին: Որոշումն այսօր են մեզ ուղարկել, այն մեզ կհասնի մի քանի օրից, հետևապես դատարանի որոշման հիմնավորումներին ծանոթ չեմ»,- ասաց Անի Գևորգյանը:

Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո Անին դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: