HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտումը հակասում է պատժի նշանակությանը, եթե չեն գործում վերադարձի մեխանիզմները

20 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ տեղեկացնելով, որ հայտարարում է անժամկետ հացադուլ, որի պատճառը պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկման 1 տարով հետաձգումն է:

Մայիսի 14-ին լրացել է ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին: Իսկ, ըստ Քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի, ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Սակայն Ստեփան Գրիգորյանի նամակից պարզ է դառնում, որ մայիսի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը քննարկել է հարցը, իսկ հունիսի 2-ին նույն դատապարտյալը ստացել է պատասխան, ըստ որի, իրեն ծանոթացրել են առանց որևէ հիմնավորման հարցը մեկ տարով հետաձգելու մասին տեղեկանքին. «Մեկ տարի հետո ես ողջ կլինեմ, թե ոչ, ըստ երևույթին, որևէ մեկին չի հուզում: Ես ոչ մեկի կյանք չեմ խլել.  ինչու՞ են ձգտում խլել իմ կյանքը: Եթե նպատակը դա է, ուրեմն ես այլևս չեմ տանջի ոչ ինձ, ոչ էլ հարազատներիս: ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ»,- նշված է դատապարտյալի նամակում:

«Հետքի» հարցերին պատասխանելով՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությունը, որ ցմահ դատապարտյալը երեկ՝ հունիսի 2-ին, ժամը 18:00-ին հացադուլ է հայտարարել: Դիմումի մեջ պատճառը չի նշել: Գտնվում է առանձին խցում:

Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է դեռևս 1996 թ.-ին: 1997 թ.-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961 թ.-ի Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: «Ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: Հարկ եղած դեպքում՝ Ձեր դատին կարող եմ ներկայացնել քննիչների կողմից անհեթեթ եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռս:  2003-ի օգոստոսի 1-ին Ա-103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ. Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով»,- գրել է Ստեփան Գրիգորյանը:

Ստեփանի ընտանիքը՝ տղան, աղջիկը, կինը, մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ 20 տարի սպասել են ընտանիքի հոր վերադարձին, սակայն կրկին հետաձգումներ: Աղջիկը 5 տարեկան է եղել, իսկ որդին՝ 8, երբ Ստեփանը ձերբակալվել է: Ընտանիքի կոչն է, որպեսզի վերջ դրվի իրենց ընտանիք տառապանքին:

Ստեփան Գրիգորյանի դեպքը միակը չէ

Դատապարտյալները, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկվածները, պարբերաբար «Հետքին» ահազանգում են, որ կա հոդվածային խտրականություն, չգրված օրենք, ըստ որի, մի խումբ հոդվածներով դատապարտվածները, այդ թվում և ծանր ու առանձնաապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները չեն ներկայացվում պայմանական ազատման: Այսպես՝ մոտ 10 ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին թեպետ լրացել է, այդուհանդերձ պայմանական ազատման որևէ նախադեպ դեռ չկա: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը կամ հետաձգվում է, կամ վարչական հանձնաժողովը մերժում է նրանց ներկայացնել ազատման:

Խնդրահարույց է նաև այն, որ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն, թե՛ պայմանական ազատման, թե՛ փակ ռեժիմից կիսափակ անցնելու շեմը նույնն է. ցմահ դատապարտյալը երկու դեպքում էլ պիտի 20 տարի պատիժ կրած լինի: Սակայն մասնագետները գտնում են, որ ռեժիմների փոփոխման հնարավորությունը պիտի լինի ավելի վաղ՝ օրինակ՝ 15 տարի անց, որ նա կարողանա ադապտացվել պայմանական ազատություն վերադառնալուն: 2011 թ.-ին Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր մի օրինագիծ, որով նախատեսվում էր ցմահ դատապարտյալների պատժի կրման ռեժիմների փոփոխություն: Ըստ այդմ՝ ներկայիս 20 տարի պատիժը փակ ռեժիմում կրելուց հետո կիսափակ անցնելու հնարավորության փոխարեն սահմանվել էր 15 տարի: Մինչդեռ այդ օրինագիծը հետագայում՝ 2014 թ.-ին, լրացված տարբերակով ներկայացրել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Թեպետ այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգում, սակայն այդպես էլ օրենքի ուժ դեռ չի ստացել: Այսպիսով՝ 20 տարի պատիժը կրելուց հետո մինչ օրս 3 ցմահ դատապարտյալի պահման ռեժիմ է փոխվել, որոնցից երկուսն այսօր գտնվում են «Արթիկ» ՔԿՀ-ում (իսկ Մանուկ Սեմերջյանը մահացել է 2012 թ.-ին հիվանդությունից):

Ինչպիսի՞ն է միջազգային փորձը

Հետաքրքիր է Լատվիայի փորձը. փակ ռեժիմը բաժանվում է 3 ենթառեժիմների. ցածր՝ 7 տարի, միջին՝ 10 տարի և բարձր: Չեխիայում 10 տարի անց անցում է կատարվում փակ ռեժիմից կիցափակի դատարանի որոշմամբ: Լիտվայում ցմահականն անցկացնում է 10 տարի փակ ռեժիմում,  հետո պատիժը կրում ուղղիչ տանը:

Քեթրին Ապպելթոնը Լիդսի համալսարանի դասախոս է, քրեական իրավունքի մասնագետ: Առանձին գրքով հրատարակել է «Կյանքը ցմահ ազատազրկումից հետո» աշխատությունը, որտեղ 1990-2000-ականներին ազատված բանտարկյալների հետ հարցազրույցների հիման վրա հետազոտել է, թե ինչ գործոններ են ազդում նրանց վրա: 2 տարի առաջ նա Հայաստանում էր, մասնակցում էր «Ցմահ ազատազրկման հիմնախնդիրները» թեմայով միջազգային կոնֆերանսին:

Քրեական իրավունքի բրիտանացի մասնագետն մեզ հետ զրույցում պատմեց, որ Անգլիայում ցմահ բանտարկության հատուկ համակարգ կա: Բանտային համակարգը քառաստիճան է՝ A-D, առաջինը` ամենախիստ ռեժիմի բանտն է, երկրորդը` պակաս խիստ, երրորդը` կիսաբաց, չորրորդը` բաց: Ցմահները պիտի անցնեն այդ համակարգով` սկսելով երկրորդից, միայն առանձին դեպքերում, եթե շատ վտանգավոր են, առաջին կատեգորիայից: Որոշ ժամանակ անց կարող են հասնել մինչև չորրորդ կատեգորիա, որն անվանում են առանց պատերի բանտ, որտեղ նրանք կարող են մնալ իրենց հարազատների հետ: Անգլիայում ցմահ ազատազրկվածներն ունեն համակարգիչներ, սահմանափակ մուտք կարող են ունենալ համացանց ու մասնակցել բարձրագույն տեխնոլոգիաների դասերի: Ըստ բրիտանացի փորձագետի, պայմանական ազատումն Անգլիայում լավ է գործում: Անգամ կա տոկոսային գնահատում, ըստ որի, ցմահ ազատազրկվածների պարագայում կրկնահանցագործությունները ձգտում են զրոյի, այն դեպքում, երբ թեթև ու միջին ծանրության հանցանք գործածները կարող են դարձյալ հայտնվել բանտերում:  

Հիշեցնենք, որ դեռևս 1980 թ.-ին Կարակասում ՄԱԿ-ի 6-րդ կոնգրեսի ժամանակ արձանագրվել է, որ ցմահ դատապարտումը հակասում է պատժի նշանակությանը, եթե չեն կիրառվում մարդուն հասարակություն վերադարձնելուն ուղղված գործուն քայլեր: Իսկ Եվրոպական խորհրդի դեռևս 1979 թ.-ին ընդունած «Երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածների վարվեցողության մասին» հայտարարության համաձայն, ԵԽ անդամ երկրներին կոչ է արվում որոշակիություն մտցնելու ցմահ դատապարտության տևողության մեջ` օպտիմալ համարելով պայմանական վաղաժամկետ արձակման համար 8-14 տարվա ժամկետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։