
«Թեղուտ» ընկերությունը նպաստել է հանքարդյունաբերության ոլորտի աճին
Այս տարվա ապրիլին Հայաստանում հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արտադրությունը կազմել է 20,44 մլրդ դրամ, որից 20,12 մլրդ դրամը ստացվել է մետաղական հանքերի շահագործումից։ 2014 թվականի ապրիլի համեմատ ընդհանուր ցուցանիշը 39,5%-ով աճել է։
Իսկ հունվար-ապրիլին այն կազմել է 75.74 մլրդ դրամ՝ 30,9%-ով ավելի 2014-ի նույն ժամանակահատվածից։ Միայն մետաղական հանքերի շահագործումից ստացվել է 74,92 մլրդ դրամ` 31,5%-ով ավելի նախորդ տարվա հունվար-ապրիլից։ Իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերից ստացված գումարներն այս տարի նվազել են։ Սա նշանակում է, որ այս ոլորտում արձանագրված աճն ապահովել է մետաղական հանքերի շահագործումը։
Այդ աճն անսպասելի չէր։ Նախորդ հրապարակումներից մի քանիսում «Հետքն» անդրադարձել է Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանին:
Հունվար-ապրիլին գրանցված աճի, եթե ոչ միակ, ապա հիմնական նպաստողը եղել է հենց Թեղուտի գործարանը։ Այդ մասին է վկայում այն, որ այն շահագործող «Թեղուտ» ընկերությունը հայտնվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 17-րդ տեղում է։ Վճարել է 1,208 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 510 մլն դրամ դիմաց։
Հիշեցնենք, որ Թեղուտի պաշարների արդյունահանման և վերամշակման իրավունքը պատկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ին: 2015 թվականի համար նախատեսված է 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել, 2016-ին՝ 7,5 մլն տոննա, 2017-ին՝ 9 մլն տոննա: Հանքավայրի արտադրողականությունը ամսական 580 հազար տոննա է կազմում: Թեղուտի պաշարները հաշվառված են, հանքաքարը կհերիքի մոտ 40 տարի: Ընդհանուր առմամբ, Թեղուտում 1,6 մլն տոննա պղնձի և 99 հազ. տոննա մոլիբդենի պաշար կա: Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19,7 հազ. տոննա) պարունակությամբ և մոտ 760 տոննա մոիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ: Ընկերությունը 2015թ. հունվարի 31-ի դրությամբ ունի շուրջ 1290 աշխատող:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել