HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչնչացվել է շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ մոտ մեկուկես տարի առաջ` 2014 թվականի հունվարի 17-ին Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել է 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչն, ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև տարածաշրջանում: Հիշեցնենք, որ մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով, ինչի նկատմամբ դեռևս 2013-ի դեկտեմբերի 27-ից էր հսկողություն սահմանվել Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ  էին տեղափոխել: 

Վահրամ Գուրողլյանի խոսքով` հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, ռենտգեն պատկերն ուղարկվել է Նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծություն և ռիսկային  գնահատում կատարելու համար. «Համապատասխան վերլուծությունից հետո բեռնատարի պատկերը գնահատվել է ռիսկային  և վերցրել հսկողության: Վարչության աշխատանքներին կասկածանքի հիմք տվեց  նաև  այն  հանգամանքը, որ  փայտանյութը  կիսով  չափ  էր բեռնված  և  մեքենայի կցորդի  խցիկը սառնարանային  էր»: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկվել է Մեղրիի մաքսակետ, որպեսզի մեքենայի սահմանահատման ժամանակ նույնպես ռենտգեն պատկերների համեմատություն  կատարվի: 2013-ի դեկտեմբերի 28-ին, փայտանյութ տեղափոխող մեքենան հատել է հայ-իրանական սահմանը, իսկ շուրջ 20 օր հետո` 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում հսկողության վերցված «DAF» մակնիշի բեռնատարն, արդեն դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ, որտեղ «Rapiskan» համակարգով կրկին զննման է ենթարկվել և ռենտգեն պատկերը կրկին ուղարկվել Նախաբացթողումային հսկողության վարչություն: «Համադրելով այդ 3 ռենտգեն  պատկերները, պարզվել է, որ բեռնատարի կցորդի  հատակային  մասում, իսկապես առկա է օտար մարմին: Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երևան և «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում նախաբացթողումային հսկողության շրջանակում ենթարկել առավել մանրակրկիտ զննության: Արդյունքում, ինչպես արդեն գիտեք, 2014-ի հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, բեռնատարին ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս է բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ»,-տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «հերոին» տեսակի թմրամիջոցը ենթակա է ոչնչացման: Այն այրման միջոցով ոչնչացվել է հունիսի 6-ին` Արարատի ցեմենտի գործարանի վառարանում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter