HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեկ տարում Հայաստանում 8 նոր հյուրանոց է բացվել

Հայաստանում հյուրանոցների թիվը գնալով ավելանում է։ Տարին մի քանի անգամ տեսնում և լսում ենք նոր հյուրանոցների բացման արարողությունների մասին ռեպորտաժներն ու գովազդային հոլովակները։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ միայն 2014 թվականին Հայաստանում  բացվել է 8 նոր հյուրանոց, 1-ն էլ՝ վերաբացվել։ Իսկ այս տարի արդեն 3 նոր հյուրանոց է բացվել։  Չնայած, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ հանրապետություն ժամանող զբոսաշրջիկների քիչ մասն է իջևանում հյուրանոցներում (միջինում՝ 15%-ը), միևնույն է, դրանց պահանջարկը կա։ Հակառակ դեպքում՝ նորերը չէին բացվի։

Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասն արտասահմանում ապրող հայերն են կամ նրանց ընկեր-ծանոթները, որոնք այստեղ մեծամասամբ օգտվում են ոչ թե հյուրանոցներից, այլ՝ բարեկամների տանն են իջևանում, կամ առանձին տներ վարձում մի քանի ամսով։ Այս վերջին տարբերակին են հաճախ դիմում նաև ոչ հայ զբոսաշրջիկները։ Դա է պատճառը, որ հյուրանոցներում իջևանող զբոսաշրջիկների թիվը համեմատաբար փոքր է։
«Հետք»-ին Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրին, որ այսօր Հայաստանում 186 հյուրանոց է գործում (հաշվառված), որից 70-ը՝  Երևանում, իսկ 116-ը՝ մարզերում։ Դրանցից 70-80-ը պարբերաբար ընդունում են միջազգային զբոսաշրջիկներ։ 186 հյուրանոցն ապահովում է  6 հազ. 497 համար և 12 հազ. 640 ննջատեղ։

Երևանից հետո, քաղաքներից հյուրանոցներով ամենահագեցվածը Ծաղկաձորն է

Ծաղկաձորում 37 հյուրանոց կա։ Հանգստյան կենտրոններ համարվող   Ջերմուկում կա 17 հյուրանոց, Դիլիջանում՝ 15 և Աղվերանում՝ 9:

Հյուրանոցային տնտեսությունը, սակայն, միայն  հյուրանոցները չեն։ Այն ներառում է նաև մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, պանսիոնները, հոսթելները և այլն։ Այսօր Հայաստանում այդ օբյեկտների ընդհանուր թիվը  կազմում է 337: 122-ը գտնվում են Երևանում` ապահովելով 3 հազ. 467 համար և 5 հազ. 855 ննջատեղ, իսկ 215-ը մարզերում` ապահովելով 6 հազ. 710 համար և 14 հազ. 272 ննջատեղ: Ընդհանուր առմամբ՝ այսօր հանրապետությունում կա 13 առողջարան, 39 հանգստյան տուն, 3 պանսիոն, 9 հոսթել և 1 մոթել:
Բացի վերոնշյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից, Հայաստանում (հիմնականում մարզերում և գյուղական համայնքներում) գործում են ավելի քան 200 զբոսաշրջային տներ (B&B):
Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին, որը պայմանականորեն համարում ենք Հայաստանի զբոսաշրջության վիճակագրության համար ստարտային տարի, Հայաստանում գործել են 3-4 հյուրանոց`  բոլորը Երևան քաղաքում: Այդ ժամանակ զբոսաշրջային տներ, որպես այդպիսիք, չեն եղել:

Հյուրանոցների թվի ավելացումը մրցակցության նոր կանոններ է թելադրում

Ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանում հյուրանոցների թվի աճը նպաստել է այդ շուկայում մրցակցության աշխուժացմանը, ինչի հետևանքով էլ բարձրացել է սպասարկման որակը, գներն ավելի են համապատասխանեցվել պայմաններին և այլն։ Այդուամենայնիվ, հայաստանցիների մեծ մասի համար հյուրանոցների ու հանգստյան տների որոշ խումբ շարունակում են մնալ անհասանելի, քանի որ չեն համապատասխանում քաղաքացիների ունեցած եկամուտներին։ Դրանք հենց այն օբյեկտներն են, որոնք առաջարկում են բավականին գրավիչ հանգիստ, սակայն դրանց դիմաց երբեմն ավելի բարձր գումար են պահանջում, քան ասենք՝ քաղաքացին կծախսի Վրաստանում մի քանի օր հանգստանալու համար։ Բայց պետք չէ նաև անտեսել, որ հյուրանոցային տնտեսության շատ օբյեկտներ այստեղ նաև մատչելի են, սակայն բնականաբար՝ չունեն այն որակն ու պայմանները, որոնք առաջարկում են բարձր կարգի հյուրանոցներն ու հանգստյան տները։
Հայաստանում նկատվում է նաև բարձրակարգ հյուրանոցների թվի ավելացում։ Դրանք հիմնականում Երևանում են և մարզերի՝ զբոսաշրջային աշխույժ կենտրոններ համարվող քաղաքներում։ Օրինակ՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում։ Սակայն մարզերի շատ քաղաքներում նորմալ պայմաններ ապահովող հյուրանոցներ գտնելը դժվար է, իսկ բարձրակարգն՝ անհնար։ Ընդ որում՝ անգամ այն քաղաքներում, որտեղ զբոսաշրջությունը զարգացնելու ներուժ կա։  Օրինակ՝ Գյումրիում ու Վանաձորում։ Վերջին 2-3 տարում բավականին բարելավվել են Գորիսի պայմանները։

2012 թվականից  Հայաստանում գործում է հյուրանոցների «5 աստղանի Դելյուքս» կարգը

«5 աստղանի Դելյուքսը»  գերազանցում է 5 աստղանի որակավորման կարգը և այստեղ համարվում է ամենաբարձրը։ Այս կարգին են արժանացել «Մուլտի Գրանդ Հոթելը» (գ. Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի) և «Գոլդեն Փելիսը» (Ծաղկաձոր)։ Առայժմ այդ երկուսն են։  Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ 2015-ի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում գործում է 27 որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որից 12-ը հյուրանոցներ են, 1-ը՝ պանսիոն, 14-ը՝ զբոսաշրջային տուն։

Հյուրանոցներից, ինչպես նշեցինք, երկուսը 5 աստղանի «Դելյուքս» կարգի  են։ Մնացածից մեկը՝ «Գոլդեն Փելիսը» (Երևան) 5 աստղանի է, հինգը՝ 4 աստղանի («Մետրոպոլ», «Անի Պլազա հոթել», «Արարատ», «Փարիզ Հոթել», «Կոնգրես»), մեկական՝ 3 և 2 աստղանի («Օլիմպիա», «Նոր Ձորաբերդ»), երկուսն էլ՝ 1  աստղանի («Վալեմ Պլազա», «Սենյոր»)։ Այսինքն՝ գործող հայտնի հյուրանոցներից մի քանիսն «աստղ» չունեն։ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, օրինակ, մեզ տեղեկացրին, որ «Մարիոթը» համարվում է բրենդ և «աստղ» չունի, բայց առաջարկվող  պայմանները հավասարազոր են  5 աստղանի հյուրանոցի համար պահանջվող պայմաններին։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում հյուրանոցները «աստղեր» ստանում են կամավոր սկզբունքով՝ դիմում են Էկոնոմիկայի նախարարություն, ձևավորվում է հանձնաժողով ու որոշվում, թե հյուրանոցը քանի աստղի է համապատասխանում։  Այսինքն՝ հյուրանոցային օբյեկտների որակավորման գործընթացը  պարտադիր չէ։

Իսկ զբոսաշրջային տներն ու պանսիոնները որակավորվում են ըստ կարգի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ։ Հայաստանում որակավորված է մեկ պանսիոն՝ 3-րդ կարգի, 14 զբոսաշրջային տուն, որից երկուսը 2-րդ կարգի, իսկ 12-ը՝ 3-րդ։

Հայաստանում գործող հյուրանոցներից մի քանիսը խոշոր հարկատուների ցանկում են, որոնց կանդրադառնանք  առանձին հրապարակմամբ։

Լուսանկարում` «Թուֆենկյան Հոսփիթալիթիի» հյուրանոցը  Ծափաթաղում 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter