HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ամբողջական տեսքով փոխանցվեց Վիրահայոց թեմին

Վիրահայոց թեմը հայտնում է, որ 2015 թվականի հունիսի 8-ին, Թբիլիսի էր ժամանել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ գրողների միության պատվիրակության ուղեկցությամբ: Այցի նպատակը Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին փոխանցելն էր: Հյուրերը «Հայարտուն» կենտրոնում Կոմիտասին նվիրված ցուցահանդեսը դիտելուց հետո, այցելեցին Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շիրիմին և ազգի մյուս մեծամեծների տապանաքարերին:

Հայաստանի գրողների միության նախագահը և Վիրահայոց թեմի առաջնորդը, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչների և առաջնորդարանի պաշտոնեության հետ միասին ուղևորվեցին դեպի Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարան, որտեղ նրանց միացան Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր, գրող Բաղաթեր Արաբուլին և այլոք:

Հովհաննես Թումանյանի տան մի մասը, գրադարանի վերածված 150 քառակուսի մետր տարածքը, 2012 թվականին, Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով ձեռք էր բերվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ:

Տան ամբողջական տեսքով ձեռք բերման հարցը գտնվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության ներքո և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք էր տանում նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Եվ միայն վերջերս, 2015 թվականին, Վիրահայոց թեմի առաջնորդի դիմումով, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հիմնադրամի միջոցներով գնվեց նաև շենքի ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին ամբողջական տեսքով նվիրաբերվեց թեմին՝ որպես սեփականություն:

Երկու երկրների գրողների միությունների նախագահների հանդիպումը խորհրդանշորեն տեղի ունեցավ հատկապես այս տանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիսավորապես Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին հանձնեց տան բանալիները: Տունը այսուհետ կոչվելու է «Մշակույթի և արվեստի Թումանյանական Վերնատուն» և նրա գործունեությունը նպատակաուղղված է լինելու երկու քրիստոնյա ազգերի համագործակցության, բարեկամական հարաբերությունների և ստեղծագործական կապերի զարգացմանը և խորացմանը: Իրականացվելու են գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, հայ և վրաց ստեղծագործական, մշակութային տարբեր միջոցառումներ: Շենքում գործելու է դահլիճ, քառալեզու գրադարան, ՀԲԸՄ Վիրտուալ Համալսարանը, իսկ սենյակներից մեկը կրելու է Լևոն Անանյանի անունը:

Շնորհավորանքի ելույթներով հանդես եկան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրող,թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության և գնահատանքի խոսքում՝ օրը անվանեց հիրավի պատմական, քանզի Ամենայն հայոց բանաստեղծի բնակարանը շուտով կվերադառնա իր նպատակային ծառայությանը և Թեմի անունից ստանձնեց անհրաժեշտ վերանորոգչական աշխատանքների իրականացման, անհրաժեշտ գույքով և կահավորանքով ապահովման պարտավորություն:

Այնուհետև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, որին միացան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Հայարտուն» կենտրոնը, Հայ-վրացական մշակությային կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Հ.Գ. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Ամաղլեբա (նախկին՝ Դավիթաշվիլի) փողոցի 18 հասցեում, որում ապրել է Թումանյանը 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանը որոշ հանգամանքների բերումով գրադարանային մասը փոխանցել էր Վրաստանի մի քաղաքացու, ումից և հարկ եղավ ձեռք բերել այն: 

Մեկնաբանություններ (1)

yervand
Ուրախեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter