HY RU EN

«ՀՀ Սահմանադրությունը պետք է ներողություն խնդրի կառավարության անդամներից»

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գրավոր հարց է ուղղել կառավարությանը և ակնկալում է, որ հարցին կպատասխանի ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում միտում է նկատում, որ ԱԺ լիագումար նիստերին կառավարությունը ԱԺ ամբիոնի մոտ է գործողում «չարքաշ» փոխնախարարներին: Երեկ, օրինակ, բյուջեի 2014 թ. կատարողականի հաշվետվությունը ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը: Իսկ բյուջեի հաշտվետվությունը ոչ թե հաշտվետվության մատյան է, այլ քաղաքական փաստաթուղթ:

Իսկ այսօր վարչապետն ու նախարարները ներկա են կառավարության հետ հարց ու պատասխանի համար, քանի որ այսօրվա նիստի համար «Սահմանադրությունը տարընթերցումներ է տվել»: «ՀՀ Սահամանդրությունը պիտի ներողություն խնդրի մեր կառավարության անդամներից, որովհետև չի գիտակցում, թե ինչքան բազմազբաղ, հազարումի բիզնեսի տեր են մեր կառավարության անդամները և հիմա փոխանակ մի կարգին, նորմալ օբյեկտում քննարկեին բիզնեսի և ատկատների մասին հարցեր, ժամուկես ստիպված են անցկացնել ահա այսպիսի մթնոլորտում»,- ասաց Ն. Փաշինյանը:

Այնուհետ պատգամավորը նշեց, որ իր հարցը վերաբերում է այս տարվա փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթին ու դրա հետևանքներին, երբ հայտարարել էր պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից միլարդավոր դոլարների հարկեր չվճարելու, հանցագործությունները կոծկելու պորֆեսիոնալ մեխանիզմ ունենալու օդում կախված լուրերի մասին:

Ն. Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախորդ քառօրյային վարչապետն իր հարցին ի պատասխան՝ ասել էր, որ մինչև հունիսի 5-ը պատրատ կլինեն արդյունքները: «Եվ եթե կարճ ձևակերպենք վարչապետի բառապաշարով, ի վերջո, բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք պարոն Ծառուկյանին, պարոն վարչապետ»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետը նախ նշեց, թե իրեն վարչապետ նշանակելուց հետո ոչ մի դեպք չի կարող նշել, որ անհարգալից վերաբերմունք է եղել ԱԺ-ի հանդեպ, և իրենք նպատակահարմար են գտել, որ Ա. Ջանջուղազյանը երկար տարիների փորձ ունի և կարող է պրոֆեսիոնալ ներկայացնել բյուջեի կատարողականը: Իսկ պատգամավորի բուն հարցի մասին ասաց, որ ժամանակի խնդիր կա, ևս մի քանի օր կձգձգվի, ու իրենք հանրագումարը կներկայացնեն հանրությանը:

Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք, հետո ասել էր, որ երկրի անվտանգություն բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա, գա, երբ չցանկանա, չգա: Սրան ի պատասխան՝ Ծառուկյանը մոբիլիզիացիայի կոչ էր արել և խնդիրը ձևակերպել էր այսպես՝ հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու համար չարիքի այս իշխանությունից:

«Եվ ես ուզում եմ չարիքի խանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ»,- արձագանքեց Ն. Փաշինյանը: Իսկ Հ. Աբրահամյանն ասաց, որ այդ ջանքը թողնեն մի կողմ և միասին սկսեն տնտեսությունը զարգացնել: