HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգություն սեփական պաշարների հաշվին

Հարցազրույց ՀՀ նախագահի նախկին (1991-1993 թթ.) խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ

Ի՞նչն է այսօր առավել բնորոշ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությանը, եւ հակառակը, ինչո՞վ է գլխավորապես պայմանավորված Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Ո՞ր գործոններն են առավել վճռական (աշխարհաքաղաքական, ներքաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային):

Ռուսաստանը եւ Հայաստանը մաս են կազմում մի աշխարհի, որը հիմնված է շահերի (տնտեսական, աշխարհաքաղաքական), առավելագույն շահույթ ստանալու սկզբունքի վրա: Մշակութային, հոգեւոր եւ այլ արժեքներ մղվել են երկրորդ պլան: Եթե նախկինում դրվում էին նպատակներ. ինչպիսի աշխարհ ենք ցանկանում կառուցել, մենք ինքներս ինչպիսին ենք ցանկանում լինել, ապա այժմ ավելի կարեւոր է դարձել այն հարցը, թե «դրանից ես ինչ շահ կունենամ»: Մարդու ստեղծագործական, արարող մասը սպասարկում է նրա կենդանական մասին: Վերջին 500 տարիների ընթացքում մարդիկ ձգտել են ստանալ ավելի շատ հաճույքներ, հարստություն եւ տարածքներ: Ինչը բնորոշ է կենդանական աշխարհին: Ներկայումս մոլորակի վրա առկա բոլոր ճգնաժամերը պայմանավորված են մարդու այդ բնույթով:

Հենց դա է ներկա դարաշրջանի առանձնահատկությունը: Հայաստանը բացառություն չէ, եւ ինչպես բոլոր պետությունները, գիշատիչ մարդու աշխարհի մասն է կազմում, եւ ներքին կյանքում մենք այդ բանն անընդհատ տեսնում ենք: Հայկական եւ ռուսական մշակույթները մոտ են իրար, նրանք միշտ հետամուտ են եղել վեհին, գնահատել են այդ վեհը: Բայց հիմա այդ ժողովուրդներն իրենց բնական ուղեծրից շեղվել են դեպի անգլոսաքսոնական մշակույթի օտար ուղեծիր: Անշուշտ, վերջին հարյուր տարվա ընթացքում անգլոսաքսոնական մշակույթը դրական ներդրում է ունեցել մարդկության զարգացման գործում: Բայց այսօր անկման փուլում է եւ արգելակում է զարգացումը: Աշխարհում կատարվող բոլոր խռովություններն այդ են վկայում:

Որո՞նք են Ռուսաստանի` կովկասյան ուղղությամբ իրականացվող քաղաքականության հիմնական առանձնահատկությունները: Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունն ինչպե՞ս է անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ռուսաստանի կովկասյան քաղաքականության հարցում կարելի է առանձնացնել երկու շրջան. առաջին` Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո եւ նախքան անգլոսաքսոնական քաղաքակրթության մաս դառնալը: Դա անկման, սարսափելի քայքայման վիճակում գտնվող Ռուսաստանն էր: Իրականում, այն ավելի շատ հիշեցնում էր ոչ թե պետություն, այլ բաժնետիրական մի ընկերություն, որտեղ մի շարք խմբավորումներ պայքարում էին իրար դեմ իշխանության լծակների համար: Ուստի, կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի մի ինչ-որ միասնական, մտածված, նպատակամղված պետական քաղաքականության մասին խոսք լինել չէր կարող:

Բայց չնայած իրար հաջորդող աղետներին (հասարակարգի քանդվելը, նոր պետությունների առաջացումը, անհամար հակամարտությունները), փնտրվում էին ուղիներ խաղաղության հաստատման, ժողովուրդների միջեւ թշնամանքի վերացման համար: Ռուսաստանի կայսերականությունը սկսեց դրսեւորվել ատլանտյան քաղաքակրթությանը նրա միանալուց հետո, երբ նոր կանոնների շրջանակում պայքարի մեջ մտավ՞ հանուն տարածաշրջանի: Չէ՞ որ կովկասյան տարածաշրջանը տնտեսական զարգացման մակարդակի գլոբալ դոզատորներից մեկն է, եւ առաջատար դերակատարներից յուրաքանչյուրը ցանկանում է տիրանալ նրան:

Այսօրվա հիմնական խնդիրն այն է, որ լուծումներ առաջարկողները ոտնահարում են մարդկանց եւ ժողովուրդների արժանապատվությունը: Տարածքների փոխանակությունը, Մադրիդյան սկզբունքները` բոլորն էլ կայսերական մոտեցումների արդյունք են: Դրանց օգնությամբ կարելի է լուծել ոչ թե տարածաշրջանը ներդաշնակ վիճակի բերելու, այլ այս կամ այն տերության շահերով առաջնորդվելու խնդիրը: Ահա այս առումով, ի տարբերություն առաջին շրջանի, որի մասին ասացի, Ռուսաստանն անում է նույն բանը, ինչ ուրիշ տերություններ:

Հայաստանի հետ Ռուսաստանն ունի հատուկ հարաբերություններ. կա ռազմավարական դաշինք: Բայց այն հիմնված է շահերի, այլ ոչ թե նպատակների զուգակցման վրա: Այդուհանդերձ, այդ հարաբերությունները երկու կողմերի համար էլ ունեն որոշակի կարեւորություն: Միաժամանակ, գործընկերոջ հաշվին շահույթ ստանալու փորձերը այսօրվա աշխարհի արժեքներից մեկն են, եւ հայ-ռուսական հարաբերություններն առավելապես զարգանում են այդ ոգով: Պարբերաբար առաջանում են այնպիսի վիճակներ, երբ գործընկերոջ` Հայաստանի հաշվին, Ռուսաստանը կարող է հասնել իր ուրիշ նպատակներին: Նույն բանն է եւ Հայաստանի դեպքում. ռուսական շահերի հաշվին Հայաստանը կարող է հասնել իր նախապատվություններին:

Ի՞նչ կարելի է հակադրել հայ-ռուսական հարաբերություններին Հայաստանի անվտանգության տեսանկյունից:

Այսօրվա աշխարհում կարեւոր է, որ ժողովուրդները կարողանան անվտանգության հարցերը լուծել սեփական պաշարների հաշվին: Իրականությունն այն է, որ գլոբալ մրցակցության կետերում (իսկ Կովկասը դրանց թվում է) ժողովուրդների անվտանգությունը հիմնվում է շահագրգիռ տերությունների ուժերի եւ շահերի հավասարակշռության վրա: Բայց այդ հավասարակշռությունը փխրուն է եւ ցանկացած պահի կարող է խախտվել տերությունների միջեւ որեւէ գործարքի կամ ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության պատճառով: Որովհետեւ այն վիճակը, երբ կայունության հիմք ծառայում է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, արտաքին տպավորության արդյունք է:

Յուրաքանչյուր պահի, այս կամ այն` ժողովուրդների համար անտեսանելի հանգամանքների բերումով, կարող է տեղի ունենալ իրադրության ցանկացած փոփոխություն. աշխարհում տիրում է չարչիական ոգին, եւ Ռուսաստանն էլ այդպիսին է, նույնպես կարող է ինչ-որ պահի ետդարձի քայլ անել: Երբ ես ասում եմ Ռուսաստան, Հայաստան, ապա նկատի ունեմ ոչ թե երկրները եւ ժողովուրդները, այլ առաջին հերթին վերնախավերը: Իհարկե, նրանց թվում կան կարգին եւ գաղափարական մարդիկ, բայց ընդհանուր առմամբ նրանք առաջնորդվում են մանր շահերով, ընդունակ են ցանկացած գործարքների եւ դավաճանության: Եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում իրականում լինելով հակավերնախավեր` այդպիսի մարդիկ տիրապետում են կարեւորագույն լծակներին:

Ես կարծում եմ, որ ցանկացած թշնամական քարոզչություն հակաարդյունավետ է ինչպես ամբողջ ժողովրդի, այնպես էլ կոլաբորացիոնիստական վերնախավի համար: Տարածաշրջանի ներկա վիճակը, երբ պատերազմ չկա, բայց չկա եւ խաղաղություն, ավելի շատ հարմար է արտաքին ուժերի կողմից տարատեսակ մանիպուլյացիաների համար:

Մասնավորապես, սա պաշարներ թալանելու լավագույն վիճակն է, քանի որ մահվան սպառնալիքի դեպքում ժողովուրդների ուշադրությունը պաշարների վրա չի դարձվում: Ես արդեն ասացի, որ տարածաշրջանը կարեւոր դոզատոր է, եւ ահա այս վիճակն է տալիս նրան որպես այդպիսին օգտագործելու հնարավորություն: Եթե այստեղ տիրեն խաղաղությունն ու համագործակցությունը, ապա տարածաշրջանը կդադարի լինել այդպիսին:

Ըստ շարադրանքի, բայց ոչ կարեւորության, հաջորդ գործոնը պաշտպանության այնպիսի համակարգի ձեւավորումն է, որը տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության փլուզման դեպքում կարող է ապահովել անվտանգություն: Հայաստանի ամբողջ պատմությունը վկայում է, որ այդ համակարգում կարեւորագույնը մարդկանց պատրաստակամությունն է` պաշտպանել այն, ինչ նրանց համար թանկ է: Իսկ դրան չես կարող հասնել ոչ հրամաններով, ոչ քարոզչությամբ. դա շատ ավելի նուրբ բան է: Իսկ սպառազինության արշավը ոչ թե պարզապես երկրորդային է, այլեւ մի նոր ուղի` տարածաշրջանի պաշարները դեպի այս աշխարհի ուժեղների պահեստարանները մղելու համար:

Մեկի առեւտրի առարկան նավթն է, մյուսինը` աշխարհաքաղաքական դիրքն ու դերը, մեկը ձեռք է բերում ինքնաթիռներ, մյուսը` հրթիռներ, մեկը` համազարկային կրակի համակարգեր` միանգամից մեծ թվով մարդկանց ոչնչացնելու համար, մյուսը` հրթիռակիր գլխիկներ` զսպելու համար ամեն տեսակի թշնամական գործողությունները բոլոր կողմերից: Սա լավագույն ելքը չէ, բայց սրանք են օրվա իրողությունները:

Մինչդեռ լավագույն հնարավորությունը խաղաղության որոնումն է հենց իրենց` ժողովուրդների կողմից: Պատերազմի ժամանակ Հ. Ալիեւի հետ միասին մենք լարված աշխատում էինք` խաղաղության ուղիներ գտնելու համար: Եւ սկզբում խաղաղության այդպիսի կղզյակ ստեղծվեց Նախիջեւանի հետ ունեցած սահմանի վրա: Օրինակ` ընդունվեց Հայաստանի կառավարության հատուկ որոշում, ըստ որի` բոլոր հաղորդակցությունները (այդ թվում` գազը եւ էլեկտրականությունը) Նախիջեւանի համար բաց էին մնում նույնիսկ այն ժամանակ, երբ Ղարաբաղում պատերազմ էր, իսկ Ադրբեջանի հետ սահմանի վրա` մարտական բախումներ:

Այն ժամանակ Ռուսաստանը հանդես էր գալիս որպես հուսալի գործընկեր եւ մեզ համար, եւ ադրբեջանցիների` նպաստելով շփումներին եւ պայմանավորվածություններին: Երբ Հ. Ալիեւը տեղափոխվեց Բաքու, մենք պատրաստվում էինք ընդլայնել խաղաղության գոտին` ներառելով ամբողջ Ադրբեջանը, հակամարտության ամբողջ շրջանը: Մշակվում էին գաղափարներ, մոտեցումներ, ուղիներ:

Հետագայում, գործընթացի մեջ ուրիշ տերությունների (առաջին հերթին` ԱՄՆ-ի, որը անթույլատրելի էր համարում այն, որ հարցեր են լուծվում առանց իր մասնակցության) բավական ագրեսիվ ներխուժման պատճառով, այդ ջանքերն ի չիք եղան: Բայց դա չի նշանակում, թե տարածաշրջանի ժողովուրդները կորցրել են այդպիսի համագործակցության մշակույթը: Հ. Ալիեւի ժառանգությունը, առաջին հերթին, այն մարդիկ են, որոնք եւ գիտեն այդպիսի հնարավորությունների գոյության մասին, եւ գիտակցում են դրանց որոնման անհրաժեշտությունը: Այստեղ` Հայաստանում, նույնպես կան մարդիկ, որոնք ի վիճակի են զբաղվել այնպիսի կարգավորման որոնումներով, որի դեպքում չի ոտնահարվում մարդկանց եւ ժողովուրդների արժանապատվությունը:

Ինչ եղել է մինչեւ հիմա, անհաջողություն է կրել: Դա ակնհայտ է: Ժողովուրդների անվտանգության խնդիրները խորանում են ատելության պատճառով: Ներկա իրավիճակում այդ ատելությունը բումերանգի նման ուղղվում է հենց նրանց դեմ: Ընդհանրացնելով` կասեմ, որ պետք է անվտանգության եռաշերտ համակարգ. առաջին շերտ` ուժ քո ներսում, երկրորդ` խաղաղություն տարածաշրջանի ժողովուրդների հետ, երրորդ` գլոբալ ուժերի հավասարակշռություն տարածաշրջանում:

Հայաստանում եւ Ռուսաստանում քաղաքական վերնախավերի փոփոխությունը կարո՞ղ է արմատապես փոխել երկրների փոխհարաբերությունների տրամաբանությունը եւ բնույթը:

Ոչ թե կարող է, այլ պետք է: Հայաստանը, ինչպես եւ Ռուսաստանը, խորապես դժբախտ է այն արժեքների համակարգում, որում գտնվում է, եւ որը հաստատվել է մեր վերնախավերի կողմից: Իհարկե, արտաքին ուժերն էլ ջանք չեն խնայել, բայց ոչ առանց մեր մասնակցության: Հիմա մենք ավելի լավ ենք հասկանում, որ պետք է վերադառնալ մեր հիմքային արժեքներին, բայց` հարմարեցված այսօրվա պայմաններին: Ոչ ոք չի առաջարկում վերադառնալ սայլին, բայց չէ՞ որ երջանկությունը ջիպերի եւ ֆիրմային կոշիկների մեջ չէ: Ըստ էության, խնդիրները չեն փոխվում: Տեղի է ունենում հիմքային արժեքների փնտրտուք: Ուրիշ ուղղությամբ կատարված ցանկացած քայլ կհանգեցնի նոր դժբախտությունների:

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայ-ռուսական եւ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, դրանց փոխազդեցությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության տեսանկյունից Ռուսաստանի հետ համագործակցության նշանակության մասին են ստորեւ բերված մեր էքսկլյուզիվ հարցազրույցները: 

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն  


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter