HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Թուրք վավերագրողը որոնում է իր հոգու հաշտեցումը հայ հասարակության հետ

Թուրք վավերագրող լուսանկարիչ Ումութ Վեդաթը ցանկանում է, որ Ցեղասպանության մասին իր ֆիլմի սցենարի հեղինակը լինի հայ հասարակությունը. երեք տարի է՝ նա աշխատում է այդ ֆիլմի վրա և ունի հսկայական ֆոտո-տեսաարխիվ, ինչպես նաև գրի է առել բազմաթիվ մարդկային պատմություններ:

«Քանի որ Ցեղասպանությունը թուրքերի որոշումն էր, ես չեմ ուզում Ցեղասպանության մասին ֆիլմում ամեն ինչ ինքս որոշեմ,- ասում է Ումութը,- ես ուզում եմ, որ հայ հասարակությունը մասնակցի այս ֆիլմի ստեղծմանը, ուզում եմ լսել իմ հայ ընկերներին, տաքսու վարորդներին, արվեստագետների կամ ցանկացած մեկի, որը կուզենար կարծիք հայտնել»:

Ումութ Վեդաթը այս աշնանը իր ունեցած արխիվի հիման վրա ցուցահանդես է կազմակերպելու Երևանում, որին զուզագեռ կանցկացվեն մի քանի կլոր սեղան-քննարկումներ. դրանց նպատակն է լսել հայ հանրությանը ու այդպիսով նրան մասնակից դարձնել ֆիլմի ստեղծմանը:

«Հնարավոր է, որ հայ հասարակությունը այլ բան է ուզում տեսնել, քան ես եմ մտածում ցույց տալ: Ինքնության ճգնաժամի մասին միգուցե նրանք այլևս չեն ցանկանում լսել, որովհետև դա արդեն նոր բան չէ,- ասում է նա,- իսկ այդ քննարկումների ժամանակ ես կկարողանամ նոր գաղափարներ լսել, որոնց մասին չեմ մտածել»:

Յուրաքանչյուր թուրք անհատի համար Ցեղասպանության և Անատոլիայում հայկական ներկայության ակնառու և անժխտելի ապացույցների հանդիպման բացահայտման պատմությունը յուրովի է լինում, ու տարբեր են լինում դրան հետևող ներքին հարցադրումները: Թեպետ Ումութն էլ՝ գրեթե ցանկացած միջին վիճակագրական թուրքի պես ոչինչ չգիտեր այդ մասին, այդուհանդերձ, նա ունեցել է ներքին դրական նախատրամադրվածություն, քանի որ հաճախել է Շիշլիում գտնվող՝ տարբեր էթնիկ պատկանելությամբ երեխաների համար նախատեսված դպրոց:

Նա պատմում է, որ մի օր շատ պատահաբար գիտակցել է, որ Թուրքիայում, բացի մահմեդականներից, էթնիկ փոքրամասնություններ էլ են ապրում, որովհետև այդ դպրոցում, որտեղ նա հաճախել է, կային իսլամի մասին կրոնական դասեր, որոնք պարտադիր էին մահմեդականների համար, սակայն այլ երեխաներն ազատ էին այդ դասին:

«Ես հրեա մի ընկեր ունեի, ու մենք մի անգամ խոսակցություն ունեցանք այդ մասին, որովհետև ես նախանձում էի, որ նրանք ազատ ժամեր ունեին, իսկ ես ատում էի կրոնի դասերը,- հիշում է նա,- բայց նրանք երբեք չէին խոսում իրենց էթնիկ պատկանելության մասին տանից դուրս, չնայած մենք մոտ ընկերներ էինք ու ամբողջ օրը միասին էինք անցկացնում»:

Ումութն ասում է, որ իր ընկերների մեծամասնությունը մահեմեդական չէ, ու կարծում է, որ իր հայրը միտումնավոր է ուղարկել իրեն այդ դպրոց, թեպետ այն վճարովի էր՝ ի տարբերութուն պետական դպրոցների, որպեսզի իր աշխարհայացքն այլ կերպ ձևավորվի:

«Սակայն մասնավոր դպրոցներում էլ պատմությունն այնպիսին է, ինչպիսին պետական դպրոցներում: Բայց կան ինչ-որ հանգամանքներ, որոնք քեզ դրդում են իմանալ մի բանի մասին, որը քեզանից թաքցվում է»,- ասում է նա:

Ումութը սիրում է ճանապարհորդել ու ընտրելով վավերագրող լուսանկարչի մասնագիտությունը՝ սկսել է ճանապարհորդել Թուրքիայով մեկ՝ լինելով նաև Արևմտյան Հայաստանում: Ի դեպ, նա խոսքում մշտապես շեշտում է Արևմտյան Հայաստան եզրը: Այնտեղ նա տեսել է հայկական եկեղեցիների ավերակները: «Վանում կամ Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում շատ եկեղեցիներ կան, որոնք ավերված են կամ օգտագործվում են այլ նպատակներով, ու եթե փոքր տարածքներում այդքան շատ եկեղեցիներ կան, դա նշան է հսկայական տրանսֆորմացիայի, ու իմ աչքերը մերկ ճշմարտության վկայություններ տեսան: Դա ինձ համար կոնֆլիկտ էր»,- ասում է նա:

Ումութի աշխարհայացքում անկյունաքարային փոփոխություն է եղել 2009թ. դեպի Օսեթիա ճանապարհորդությունը: Նա լուաբանում էր 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո իրավիճակը Հարավային Օսիայում: Այլ միջոց չունենալու պատճառով նա ուղևորվել է այն նույն ավտոբուսուային երթուղով, որով հայ միգրանտները գալիս են Թբիլիսիից Ստամբուլ: Ավտոբուսում բազմաթիվ հայեր են եղել, ու ավելի քան 24 ժամ անցկացնելով նույն ավտոբուսում՝ նրանք դարձել են մի խումբ ու երկար խոսել:

«Երբ մենք Բաթումում հատեցինք սահմանը, մի երիտասարդ հայ, հավանաբար նկատի ունենալով, որ Վրաստանը հետսովետական տարածք է ու իրեն ինչ-որ կերպ զգում էր տանը, ասաց, թե հիմա դուք եք մեր հյուրը՝ եկեք խմենք»,- պատմում է Ումութը:

Նրանք խմել են, ու այդ ընթացքում երիտասարդը պատմել է իր կյանքը, թե ինչպես է իր մայրը տասը տարուց ավելի Ստամբուլում աշխատում, պատմել է իրենց ու պոլսահայերի հարաբերությունների մասին, ու թե ինչպես են նրանք վերաբերվում հայաստանցի հայերին: Հետո նրանք խոսել են Ցեղասպանությունից: Հետաքրքիր է, որ խումբը Ցեղասպանության մասին չի խոսել Թուրքիայի տարածքում:

«Նրանք հարցրեցին, թե ինչ եմ ես մտածում Ցեղասպանության մասին, ու ես էլ հարցրի, թե դուք ինչ եք մտածում,- հիշում է Ումութը:- Նրանք ասացին, որ Ցեղասպանություն է եղել: Ու ես չէի կարող ոչինչ ասել, որովհետև հասկացա, որ ոչինչ այդ մասին չգիտեմ, բացի մի բանից, որ մերկ ճշմարտությունը ավերված եկեղեցիների տեսքով կոնֆլիկտ էր ինձ համար»:

Հետագա ճանապարհորդությունների ընթացքում գյուղերի քուրդ բնակիչները նրան տարբեր պատմություններ են պատմել տեղանքի հայերի մասին, որոնք այլևս այնտեղ չէին:

«Ես հասկացա, որ այդ ամենը հիշողության մի փոքրիկ կտոր էր, որ պոկվել էր իմ գլխուղեղից ու ես չգիտեի՝ ինչ անել դրանով: Ես պատմություն վավերացնող եմ ու շեշտում եմ այն, ինչ տեսնում եմ: Ես հասկացա, որ մի բան սխալ է, ու այն, ինչ անցել եմ համալսարանում պատերազմի ու հայերի դավաճանության մասին ճիշտ չէ»,- ասում է Ումութը:

Նա սկսել է ինքնուրույն ուսումնասիրություն անել, սակայն դրա համար չի օգտվել ինչ-որ աղբյուրներից կամ գրքերից: «Ես օգտագործում եմ իմ աչքերը որպես ինֆորմացիա հավաքելու միջոց, քանի որ գրքերում գրվածը միշտ էլ կարող է սուտ լինել»,- ասում է Ումութը:

2012թ. նա մասնակցել է հայ-թուրքական մեդիա ավտոբուսային շրջագայության, որը նրա առաջին այցելությունն էր Հայաստան: Այդ ուղեւորության ընթացքում ծանր ապրումներ է ունեցել: «Հայաստանում բոլորը գիտեն այն մասին, թե ինչ է եղել, իսկ դու միանգամից ես իմանում ամբողջ ճշմարտությունը ու այն ծանր է տանելը,- ասում է նա,- մենք հանդիպեցինք մարդկանց, որոնց նախնիները եղել են Արևմտյան Հայաստանից ու լսեցինք նրանց պատմությունները, ու դժվար էր չարտասվել»:

Այդ այցելության արդյունքում Ումութին պատահել է այն, ինչ կոչվում է ինքնության ճգնաժամ: Նրա հայրը ծնունդով Քոնիայից է, որտեղ եղել է ստվար հայկական բնակչություն, սակայն նա չի ուսումնասիրել իր ընտանիքի պատմությունը, ու թեպետ հնարավոր է, որ նա ևս ունենա հայկական արմատներ, սակայն իր կյանքի այս հատվածում Ումութը որոշել է, որ ինքը թուրք է ու, ըստ վատագույն տարբերակի, իր նախնիները հնարավոր է, որ մասնակից են եղել Ցեղասպանությանը:

Ումութն ասում է, որ իր համար ընդունելի չէ, երբ հայկական կամ հունական ծագում ունեցող մարդիկ լրատվամիջոցներով բարձրաձայնում են իրենց ոչ թուրքական ծագման մասին, որովհետև այդ կերպ նրանք բացառում են, որ իրենց նախնիները հնարավոր է, որ մասնակից են եղել Ցեղասպանությանը:

«Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե նրանք այդ մասին խոսեին նեղ անձնական միջավայրում, իսկ մեդիայով բարձրայնելը ճիշտ չեմ համարում, որովհետև դրանից տպավորություն եմ ստանում, որ շեշտելով իրենց ոչ թուրքական ծագման մասին՝ այդ կերպ իրենց ազատում են որևէ պատասխանատվությունից»,- մեկնաբանում է նա:

Ումութն ասում է, որ Ցեղասպանության մասին հիշողության ժառանգության բեռը, որ բաժին է ընկել իրեն որպես թուրք հասարակության անդամի, արգելակում է իր զարգացումը որպես արվեստագետ ու անհատ, և հոգու ներսում նա հաշտեցում է փնտրում այն ամենի հետ, ինչ գիտի:

«Ես հասկացա, որ պետք է մի բան անեմ թուրք հասարակությունում, որպեսզի անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, որովհետև ես անձնական ազատագրում եմ ուզում, ու այդ ազատագրումը չի կարող լինել ապացույցն այն բանի, որ հնարավոր է՝ ես թուրք չեմ»,- պատճառաբանում է նա:

Նա սկսել է ավելի երկար ճանապարհորդել Արևմտյան Հայաստանով, բազմիցս եղել է Հայաստանում, Թբիլիսիում, որտեղ հայկական ճարտարապետության և տեղացի հայերի հետ շփվելով՝ փորձել է զգալ հայերին ու նրանց տրամադրությունները: Ումութը ցանկանում է ընդլայնել իր կապերը Հայաստանի հետ՝ ամենատարբեր մակարդակներում, ու աջակցությունը, որ նա ստանում է հայկական կողմից, նրան հուշում է, որ ճիշտ ուղու վրա է:

«Ես ինքս ինձ ասացի, որ պետք է փորձեմ հաճախակի լինել Հայաստանում, որպեսզի զգամ մարդկանց ու գտնեմ իմ հոգու հաշտեցումը հայ հասարակության հետ, որ սկսվել էր 2009-ից»,- ասում է նա:

Մի անգամ նա իր հայաստանցի նկարիչ ընկերոջ արվեստանոցում տեսել է Արարատը ու նկատել, որ այն տարբեր է այն Արարատից, որին իր աչքը սովոր է: Ընկերն ասել է, որ նա նկարում է Արարատը Հայաստանի կողմից: Ումութն իր արխիվում բազմաթիվ Արարատներ ունի՝ երկու կողմերից ու պատրաստվում է ցուցահանդեսում ցույց տալ, որ Արարատը հակառակ կողմից այլ է:

«Աշնանը կազմակերպվող ցուցահանդեսում ես մարդկանց կպատմեմ իմ մասին ու կասեմ, թե ինչ գիտեմ Ցեղասպանության մասին ու ինչ ունեմ հավաքած»,- ասում է նա:

Նա հույս ունի, որ աշնան այցելության ժամանակ կգտնի ձևը, թե ինչպես վերջացնի Ցեղասպանության մասին ֆիլմը. «Վավերագրությունը երկար ժամանակ է պահանջում, ու Ցեղասպանության մասին ֆիլմը պետք է վերջանա այն ժամանակ, երբ կվերջանա»:

Մեկնաբանություններ (2)

Orhan Tan
That Filmmaker should Seek Inner Reconciliation with Turks first....
Աշոտ Բաբասյան
Խնդրում եմ հայտնել Ումուդի հասցեն ունեմ շատ կարեվոր փաստեր:ԱՄՆ Կալիֆորնիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter