HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միմյանց ընդառաջ շարժվելու համար պետք է փոխվեն հասարակական-քաղաքական համակարգերը

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայ-ռուսական եւ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, դրանց փոխազդեցությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության տեսանկյունից Ռուսաստանի հետ համագործակցության նշանակության մասին են ստորեւ բերված մեր էքսկլյուզիվ հարցազրույցները: 

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց հասարակական գործիչ, քաղաքագետ Ռասիմ Աղաեւի հետ

Ի՞նչն է այսօր առավել բնորոշ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությանը, եւ հակառակը՞ ինչո՞վ է գլխավորապես պայմանավորված Ադրբեջանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Ո՞ր գործոններն են առավել վճռական (աշխարհաքաղաքակա՞ն, ներքաղաքակա՞ն, տնտեսակա՞ն, սոցիալ-մշակութայի՞ն):

Ոչ այնքան հեռու անցյալում, դեռ 10 տարի առաջ, այս հարցին պատասխանելիս կարելի էր շատ մտքեր արտահայտել ռուս-ադրբեջանական հարաբերությունների պատմական խորն արմատների մասին: Մի բան, ինչը սիրում էր անընդհատ ընդգծել Հ. Ալիեւը: Կարելի էր դատողություններ անել հարավկովկասյան տարածաշրջանում ժամանակակից Ռուսաստանի առանձնահատուկ դերի մասին, ինչը Ադրբեջանի Հանրապետության գրեթե բոլոր ղեկավարների ավանդական փաստարկն է եղել:

Եւ վերջապես, կարելի էր ըստ արժանվույն գնահատել տնտեսական փոխշահավետ համագործակցությունը. մի սյուժե, որը մանտրայի նման կրկնվում է Ալիեւ կրտսերի ելույթներում: Հիմա այս կարգի պատասխանները կարող են ընդհանուր առմամբ ոչ ուրախալի ադրբեջանա-ռուսական հարաբերություններին փայլ հաղորդելու անճոռնի փորձեր հիշեցնել: Երկու երկրներն էլ տնտեսական առումով միտված են իրենց բնական ռեսուրսների արդյունահանմանը՞ շեշտը դնելով դրանց ածխաջրածնային բաղադրիչի վրա: Սա  կանխորոշում է համաշխարհային քաղաքականության մեջ նրանց փոխկապվածությունը, նաեւ` աշխարհաքաղաքական հարթություններում  աշխարհի հիմնական խաղացողների քաղաքական մանեւրումները:

Անկախության կուրս վերցնելուց հետո ադրբեջանական արտաքին քաղաքական ռազմավարության մեջ ռուսաստանյան գործոնի հետ հաշվի նստելը միտված էր այն բանին, որպեսզի հզոր հարեւանին հնարավոր լինի մղել դեպի ղարաբաղյան խնդրի արդարացի լուծումը: Սա, ի վերջո, հասցրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտվածությունն ընդունելուն: Ավելիին, խնդրի պրակտիկ լուծման առումով Մոսկվային դրդել չհաջողվեց:

Բաքվում, արդեն քանի տարի է, գնահատելով Պուտին-Մեդվեդեւի խաղաղարար ջանքերը, այնուամենայնիվ, ավելի ու ավելի են հակվում մտածելու ռուսաստանյան ներկայիս ղեկավարների կայսերապաշտական մոտեցումների առկայության մասին: Սրա համար հիմքերը շատ են. խորհրդային, ապա եւ ելցինյան Մոսկվան եւ քողարկված, եւ բացահայտ սատարում էր ղարաբաղյան անջատողականությանը:

Առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական ու տեղեկատվական օգնության շրջանի՞ 1992 թ.-ից ի վեր սեցեսիան եւ Ադրբեջանի տարածքների 20%-ի բռնազավթումը դժվար թե հնարավոր դառնար: Բացի այդ, ՌԴ-ի հետ Հայաստանը կապված է դաշնակցային համաձայնագրով, ինչը չի կարող չամրապնդել ադրբեջանական վատագույն մտավախությունները՞ կապված հյուսիսային հարեւանի անկեղծության եւ նրա հետ հարաբերությունների հետ: Ավելին, Ադրբեջանում խորանում է համոզմունքը, որ Ղարաբաղը որպես անջատողական պրոյեկտ մտահղացվել եւ օգտագործվել է Մոսկվայի կողմից՞ որպես Ադրեջանում ու ողջ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու չափազանց հարմար գործիք:

Հեղաշրջումների եւ քաղաքական դավադրությունների երկար շարանը, որոնցով առանձնանում են Ադրբեջանի անկախության 20 տարիները, սովորեցրել են ադրբեջանցի  քաղաքական գործիչներին նախապես ջանալ նոր Ռուսաստանի բարյացակամության համար: Այսպես ծնվեց Հեյդար Ալիեւի խուսանավման քաղաքականությունը: Պարզվեց, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող եւ լրջորեն թուլացած Ռուսաստանի համար էլ էր այդ քաղաքականությունն ընդունելի: Այն կպահպանվի դեռեւս որոշ ժամանակ, քանի որ թույլ է տալիս Ռուսաստանին հաստատվելու հարավկովկասյան պլացդարմում, որտեղ ծավալվում է Կասպից ծովի համար պայքարը: Այդ պատերազմը տանուլ տալու իրավունք Ռուսաստանը չունի: 

Որո՞նք են Ռուսաստանի` կովկասյան ուղղությամբ իրականացվող քաղաքականության հիմնական առանձնահատկությունները: Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունն ինչպե՞ս է անդրադառնում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա:

Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը խոհեմ ուրվագծեր ստացավ ետելցինյան փուլում: Նրա գլխավոր ձեռքբերումը այն բանի ըմբռնումն էր, որ ահաբեկչությունը ի զեն վերցրած ագրեսիվ անջատողականությունը միանգամից հաղթահարել հնարավոր չէ, ինչպես դա պատկերացնում էին Մ. Գորբաչովն ու Բ. Ելցինը:

Վ. Պուտինն արեց այն, առանց ինչի հնարավոր չէ սանձահարել անջատողականությունը, որտեղ էլ այն ծագած չլինի. վճռականություն, անզիջում դիրքորոշում, հայրենասիրության շեշտադրում: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Ռ. Կադիրովի ֆիգուրին, սակայն գաղափարը հիմնավոր ու արդյունավետ է թվում՞ անվտանգության եւ կայուն զարգացման համար պատասխանատվությունը դաշնային իշխանությունները պետք է կիսեն տեղական վերնախավերի հետ:

Բոլոր հայտնի վերապահումներով հանդերձ՞ պուտինյան դոկտրինն արդյունավետ դուրս եկավ: Եթե այդպես չլիներ, նրա հեղինակը դժվար թե կարողանար մնալ Ռուսաստանի քաղաքական արդի բեմահարթակում: Ուրիշ բան, որ անջատողականության դեմ պայքարը նաեւ պահանջում է դրսեւորել համբերատարություն, համառություն եւ հետեւողականություն քաղաքական կուրսի իրականացման գործում: Մի բան, որը ժամանակին ցուցաբերեցին անգլիացիները հյուսիսիռլանդացիների, իսպանացիները` բասկերի նկատմամբ: Ինչպես ասում են ադրբեջանցիները` սա այն խմորն է, որը դեռ շատ ջուր է պահանջելու: Ավելացնեմ՞ նաեւ ժամանակ: Ունի՞, արդյոք, Ռուսաստանն այդ ժամանակը:

Քաղաքական գաղափարների ու տրամադրությունների այնպիսի ինֆիլտրացիա, որը կար «կովկասյան բունտերի» առաջին փուլում (պայմանականորեն՞ պերեստրոյկայի սկզբից մինչեւ 2000 թ.), հիմա չկա: Սակայն «դանդաղ գործող ականները», որ թողել են անջատողականները, ասենք Ադրբեջանի եւ Դաղստանի սահմանին, դեռեւս չեն վնասազերծված: Բաքվում սեփական փորձից գիտեն, թե ինչպես են պատմական իրավունքի մասին գաղափարները հանգեցնում տարածքային հակամարտությունների:

Դրանք գրավում են տեղացի ազգայնականների միտքը, բայց նյութական ուժ են դառնում դրսից սատարման պարագայում: Հյուսիսային հարեւանների կողմից տարածքային պահանջների բռնկումները, որ առաջացան վերջերս, հիշեցրին այս ամենի մասին: Նաեւ տհաճ նստվածք մնաց, այդ թվում՞ մի շարք իրադարձություններում հայկական հետքերից:  

Ի՞նչ կարելի է հակադրել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին Ադրբեջանի անվտանգության տեսանկյունից:

Նացիոնալ-դեմոկրատական նոր ուժերի համար ռուսամետ կուրսին այլընտրանքը Թուրքիայի հետ ռազմաքաղաքական միությունն է: Սակայն վերջին քսանից ավելի տարիների քաղաքական պրակտիկան բացահայտեց նաեւ հակասություններ, որոնց թվում վերնախավերի շահամոլությունը պետք է դասենք դժվար հաղթահարելիների թվին: Այս կապակցությամբ հիշում եմ Թուրքիայի ջերմեռանդ կողմնակից, հանրահայտ ու հզոր ֆիգուր, քաղաքական մի գործչի հետ զրույցս: Իմ ուղիղ հարցին` ինչո՞ւ Ադրբեջանը չի սկսում իրագործել իր դարավոր երազանքը եւ չի մերձենում Թուրքիային ընդհուպ միութենական հարաբերությունների հաստատումը, նա պատասխանեց. «Դա սպառնում է մեր ինքնատիպությանը, մենք նոր ավագ եղբայր ձեռք կբերենք»:

Ավելի ուշ այդ դիրքորոշումն արտահայտվեց արտաքնապես հաճելի, բայց ըստ էության կեղծ նշանաբանում` «Երկու պետություն, մեկ ժողովուրդ»: Թուրքիայի հետ լիարժեք միություն Ադրբեջանին չի սպառնում այն նույն պատճառով, որը կա ետխորհրդային տարածքներում. վերնախավերը չեն ուզում ոչ ոքի հետ կիսել ոչ իրենց իշխանությունը, ոչ էլ նավթադոլարները: Սրան գումարվեցին նաեւ Թուրքիայում հաստատվող իսլամական ժողովրդավարության մոդելի սպառնալիքները: Եվ ոչ միայն դրանում եղած սպառնալիքները:

Ադրբեջանի անվտանգության մյուս երաշխիքը ՆԱՏՕ-ական վահանն է, թեեւ Եվրոպա ներխուժելու պատմական հնարավորությունը Ադրբեջանը, հնարավոր է, որ արդեն բաց է թողել: Նոր ռազմավարությունը պետք էր ծրագրել եւ պետք էր համառորեն թակել ՆԱՏՕ-ի դռներն այն տարիներին, երբ Հայաստանը ինքնաառաջադրվում էր որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստ: Բաքվի ձեռքում նավթային հաղթաթուղթն անհամեմատ ավելի ծանրակշիռ կլիներ, քան Մ. Սահակաշվիլու հակառուսական արարմունքները: Չնայած, այս գործոնները դեռ կարող են գործի դրվել այս փուլում, եթե դրանք ամրապնդվեն ժողովրդավարական լուրջ բարեփոխումներով:       

Ադրբեջանում եւ Ռուսաստանում քաղաքական վերնախավերի փոփոխությունը կարո՞ղ է արմատապես փոխել երկրների փոխհարաբերությունների տրամաբանությունը եւ բնույթը:

Վերնախավերի մեխանիկական փոփոխությունը կարող է ազդել երկու երկրների հարաբերությունների վերաբեռնավորման վրա, եթե նոր գործիչներն իրենց հետ բերեն նոր եւ հեռանկարային գաղափարներ: Ադրբեջանում նման սպասելիքներ ունենալու հիմքեր չկան: Իշխող ռեժիմին ընդդիմադիր ուժերի քաղաքական նախասիրությունները հայտնի են: Դրանք ավանդական թուրանիստներն են, ամերիկամետ մոդայիկ հոսանքների կուսակցություն, կայացման փուլում գտնվող իսլամիստները:

Չնայած թույլ կազմավորվածությանը, կարծում եմ՞ մոտ ապագայում այս քաղաքականացվող զանգվածներից կարող է ծնվել շարժում, որն իր ետեւից կտանի դեռ սպասելիքների ընդունակ քաղաքային սոցիումին: Սրա ուժի ու ազդեցության հետ ստիպված են լինելու հաշվի նստել: Համ էլ ադրբեջանական էթնոկրատիան բացել է նեոիսլամիստների գործունեության համար դաշտը՞ դուրս մղելով այլազգի, հիմնականում ռուսական բաղադրիչը եւ ընդունելով դիսկրիմինացիոն սահմանափակումներ ռուսալեզու ադրբեջանցիների նկատմամբ:

Էրդողանի չափավոր իսլամիստների կողմից առաջադրված մոդեռնացման թուրքական մոդելը կարող է լիովին գրավել նոր սերունդների ուղեղները: Սերունդներ, որոնք ախտահարված են հակառուսական ֆոբիաներով եւ բացահայտ հակամուսուլմանական Արեւմուտքի առջեւ ոչ մի հատուկ պիետետներ անելու անհրաժեշտություն չեն զգում: Անհրաժեշտ է խարիզմատիկ առաջնորդ, ԱՀ-ն աշխարհիկ պետություն է, բայց արեւելյան մենթալիտետով: Զարգացման ռուսաստանյան մոդելը համոզիչ չէ նույնիսկ մտավորականության այն հատվածի համար, որը ջերմորեն է վերաբերվում Ռուսաստանին, նրա մշակույթին եւ ժողովրդին: Ադրբեջանի եւ Ռուսաստանի` միմյանց ընդառաջ շարժվելու համար պետք է փոխվեն ոչ միայն վերնախավերը, այլեւ նրանց հասարակական-քաղաքական համակարգերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter