HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե սպասարկում են «ԳԱԶ-53»-ով, թող Բիբինն էլ «ԳԱԶ-24»-ով ման գա»

Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության մասին լսումներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր ելույթում ՀԷՑ-ի փոխհատուցման մասին երեք տարբեր թվեր հնչեցրեց: Սա նաև լրագրողների շրջանում հարց առաջացրեց, թե ի վերջո ՀԷՑ-ի փոխհատուցումը որքան գումար է կազմում: Այս հարցը Ռ. Նազարյանին ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչու են այդքան տարբեր թվերը՝ ՀԷՑ-ը Նազարյանի ղեկավարած հանձնաժողովին դիմել 26,3 մլրդ դրամ փոխհատուցման համար, Նազարյանը հնչեցնում է 37 մլրդ դրամի պարտքի, իսկ սակագնի քննարկման փաթեթում՝ 23,4 մլրդ դրամի մասին է խոսվում: Պատգամավորը նաև հարցրեց, թե, ի վերջո, արդյոք ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու պարտավորություն ունի, և ինչքան ներդրում են արել, որպեսզի կորուստները նվազեն:

«Հիմա պատկեր եք ներկայացնում ՀԷՑ-ի մասին, որ այդքան ծանր վիճակում է: Այսինքն՝ դա մոնոպոլիստն է,  Հայաստանի բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունն է: Կարո՞ղ է մի օր վեր կենանք, տեսնենք այդ ընկերությունը չկա, կներեք այս բառիս համար՝ «գմփացել» է ֆինանսատնտեսական իմաստով»,- ասաց Ն. Փաշինյանը: Այնուհետ պատգամավորը նշեց, որ իր մոտ կա մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ ՀԷՑ-ը 1983-85 թթ.-ին արտադրված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի նորոգման համար ծախսել է միլիոնավոր դոլարներ: «Իսկ եթե սպասարկում են «ԳԱԶ-53»-ով, թող Բիբինն էլ «ԳԱԶ-24»-ով ման գա, եթե մեր համակարգը «ԳԱԶ-24»-ով կամ «21»-ով ման գա, էս ինչքա՞ն ենք մենք արձագանքողի դերում լինելու»,- հարցրեց պատգամավորը:

Փոխհատուցման թվերի տարբերության մասին հարցին Ռ. Նազարյանն ասաց, որ կպատասխանի իրենց սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին  Բաղրամյանը: Վերջինս ասաց, որ 2012-ի ապրիլի 1-ից մինչև 2015 թ. ապրիլի 1-ը էլեկտրացանցերի հաշվեկշռի փոփոխությամբ պայմանավորված ձևավորվել է 36,6 մլրդ դրամի վնաս, ինչը դեռևս չի փոխհատուցվել սակագնով, իսկ ՀԷՑ-ն իր հայտում ներկայացրել է 23,4 մլրդ դրամ՝ դրան հավելելով տոկոսները:

Իսկ այն հարցին, թե ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու ինչ խնդիր ունի, Նազարյանն ասաց, որ ընկերությունը շահագգռված չէ նվազեցնել դրանք, ապա շեշտեց, որ խոսք վերաբերում է տեխնոլոգիապես անխուսափելի կորուստներին: Դրա համար, ըստ նրա, լրջագույն ներդրումներ են անհրաժեշտ: «Մենք պիտի շահագրգռված լինենք որպես պետություն՝ այդ տեխնոլոգիական կորուստները նվազեցնելու համար: Պիտի գնահատենք՝ ի՞նչ բեռ է բերում, ի՞նչ ենք շահում»,- ասաց Ռ. Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter