Զարուհի Մեջլումյան, Անի Հովհաննիսյան
«Հետքի» բանտային թղթակից, 19 տարի բանտում գտնվող ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գործը չի վերաբացվի. Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց ցմահ բանտարկյալի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության: Այսինքն` 19 տարվա քրեական գործի վերաբացում տեղի չի ունենա, չնայած նրան, որ Ենոքյանը գրեթե երկու տասնամյակ պնդում է, որ չի կատարել սպանություն, որ տեղի է ունեցել դատական սխալ: Սակայն ինչպիսի նոր երևան եկած հանգամանքներ էլ բերում է ցմահ դատապարտյալը, գլխավոր դատախազությունն ու դատարանները մերժում են գործի վերաբացումը:
Հիշեցնենք, որ նախորդ արտագնա նիստին, որը դարձյալ տեղի էր ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ դահլիճում, 1996 թ.-ին մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում) դատապարտված Մհեր Ենոքյանը ներկայացրեց բողոքը` նշելով, որ 2014 թ.-ին Նիդերլանդներում գործող անկախ դատափորձագիտական կենտրոնը, անկախ դատաբժիշկը տվել է եզրակացություն` հիմնված 21-րդ դարի գիտական նվաճումների վրա: Դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ Ենոքյանը որպես պաշտպաններ ներգրավել էր Լևոն Բաղդասարյանին ու Սեյրան Գրիգորյանին:
Դատավորն այսօր երկու փաստաբաններին, բողոք բերած դատապարտյալին, լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ 30 րոպե անց հրապարակեց որոշման եզրափակիչ դրույթը, ըստ որի մերժեց Մհեր Ենքյանի բողոքն անհիմն լինելու հիմքով: Նա ասաց, որ երկու օր անց նա կստանա որոշումն ամբողջությամբ: Դատախազ Չարխիֆալաքյանն առհասարակ ներկա չէր որոշման եզրափակիչ մասին հրապարակմանը, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճից հեռացավ «ամոթ-ամոթ» վանկարկումների ներքո:
Փաստաբան Սեյրան Գրիգորյանը նշեց, որ փորձագետը կատարել է բավականին բարձր մակարդակով փորձաքննություն` հերքելով գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի ցուցմունքները: Փաստաբանը շեշտեց, որ 19 տարի առաջ չի անցկացվել այնպիսի համալիր փորձաքննություն, որ նախաքննական մարմինն ու դատարանն էլ համոզվեր արդյոք գործով մյուս մեղադրյալի ցուցմունքներն արժանահավատ են: «Մենք խնդրում ենք, որ հարուցվի վարույթ և ստուգվեն այննոր երևան եկած հանգամանքները, որոնք ներկայացրել է անկախ փորձագետը: Սպանության ամբողջ մեխանիզմը, հանգամանքները չեն ստուգվել: Հնարավորություն տվեք, որ ստուգվեն դրանք այսօր»,- ասաց փաստաբան Սեյրան Գրիգորյանը:
Մհեր Ենոքյանի մյուս փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց. «Այս փորձագիտական եզրակացությունը տրվել է Եվրոպայի սրտում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոնի միայն 15 տարվա ծանր սպանությունների գործերով խորացած գիտելիքներ ուեցող մասնագետի կողմից, ավելին, տվյալ փորձագիտական կենտրոնը գործում է նաև ԱՄՆ_ում, ընդ որում, այս կենտրոնի պատվիրատուների թվում են նաև Եվրոպական և ԱՄՆ-ի պետական լիազոր մարմինները, որոնք, ի տարբերություն Հայաստանյան պետական լիազոր մարմինների, ոչ միայն ընդունում են, որ իրենց երկրում կարող է լինել դատական սխալ, այլ նաև դիմում են այսպիսի փորձագիտական կենտրոնների և հաշվի նստում նրանց եզրակացության հետ»:
Ըստ Նիդերլանդներում անցկացված նոր փորձաքննության, փաստորեն, հերքվում է շահադիտական նպատակով կատարված կանխամտածված սպանության ու Մհեր Ենոքյանի կողմից սպանություն կատարելու փաստը:
«Մի պահ կտրվենք գործից: Քանի՞ դեպք գիտեք, երբ Հայաստանում օրը ցերեկով, բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է ինտիլիգենտ ընտանիք՝մարդ են սպանում, որպեսզի հետո դիակը վաճառեն հարազատներին, սակայն սպանելուց հետո փոշմանում են: Ես ոչ մի դեպք չգիտեմ»,-ընդգծեց Լևոն Բաղդասարյանը` շեշտելով, որ այս բոլոր կասկածները չեն փարատվել 19 տարի առաջ և հիմա հիմք է առաջացել կատարել գործի վերաբացում ու ստուգել բոլոր հանգամանքները:
Մհեր Ենոքյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազին դեռ ապրիլի 14-ին ուղարկել է դիմում, որով հայտնել է, որ 19 տարվա առաջ հուլիսի 12-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ասելիք ունի, միայն թե պետք է ապահովել իր անվտանգությունը, սակայն գլխավոր դատախազությունից այդ հարցի շուրջ որևէ պատասխան չի ստացել. «Ավելին՝ 19 տարի անց ինձ հայտնի է դարձել, որ տուժողի իրավահաջորդ Միքայել Աղաջանովը նամակ է գրել գլխավոր դատախազին ու հայտնել, որ իր ունեցած տվյալներով այլ անձինք կան ներգրավված այս սպանությանը, բայց նույնիսկ հիմա գլխավոր դատախազությունը պարզապես չի ցանկանում պարզել իրականությունը: Լա՛վ, Մհեր Ենոքյանն ի՞նչ ցուցմունք է ուզում տալ, ինչո՞ւ է անհանգստանում իր անվտանգության համար… Այո՛, տարբեր մարդիկ են ներգրավված եղել այս հանցագործությանը, և դուք չեք ցանկացել պարզել, որ քրեական պատասխանատվության չենթարկեք նաև այդ մարդկանց»,- ասաց ցմահ դատապարտյալը:
Դատախազ Չարխիֆալաքյանը ընդունեց, որ գլխավոր դատախազությունում ստացվել է նրա՝ ապրիլի 14-ի դիմումը: Այն գտնվում է համապատասխան վարույթի նյութերում:
Փաստաբան Սեյրան Գրիգորյանն ընդգծեց, որ Ենոքյանի հայտնածը, դիմումում գրվածը հանցագործության մասին հաղորդում է. «Ինձ համար անհասկանալի է. անձը հայտնում է, որ անվտանգությունը ապահովվի, պատկան մարմինը պարտավոր է հանձնարարել, որ հայտարարություն վերցնելու համար դիմեին Մհեր Ենոքյանին: Դրա համար սահմանված ժամկետ կա: Մհեր Ենոքյանի կողմից արված այդ հայտարարությանը չարձագանքելը, անշուշտ, կասկածի տեղիք է տալիս. եթե այդպես է, ուրեմն խնդիր կա, որի մասին գիտի Մհեր Ենոքյանը, ցանկանում եք կոծկել: Ես դիմում եմ հարգելի մեղադրողին, որ հայտարարություն վերցնելու համար դիմեն Մհեր Ենոքյանին: Դա իրենց պարտավորությունների մեջ է»,- նշեց Սեյրան Գրիգորյանը:
Ենոքյանը նշեց, որ գործում ապացուցողական բազան շատ թույլ է. «Ցույց տվեք ինձ գեթ մեկ ապացույց, որը հանդիսանա ուղղակի ապացույց քրեական իրավունքի տեսանկյունից, որ Մհեր Ենոքյանը կատարել է սպանություն: Ցույց տվեք ու ես կլռեմ, բոլորիցդ ներողություն կխնդրեմ, կվերադառնամ խուց: Եվ սա հաստատում է այսօր անկախ փորձագետը: Ցույց տվեք գեթ մեկ ուղղակի ապացույց, որ այս սպանությունը նույն Արամ Հարությունյանի կողմից (կամ միգուցե այլ անձանց, որն այդպես էլ այն ժամանակ չպարզվեց), կատարվել է շահադիտական դրդումով, ես հենց հիմա կբարձրանամ իմ խուցը ու կնստեմ ցմահ…
Ամբողջ մեղադրական եզրակացության մեջ ու դատավճռում ասվում է, որովհետև Արամ Հարությունյանն է ասել: Է, Արամ Հարությունյանը ինչ ասես՝ կասեր, որ փրկի իրեն մահապատժի դատավճռից»: Սակայն նույն անկախ փորձագետը իր եզրակացության մեջ նշել է, որ Արամ Հարությունյանի ցուցմունքը հակասում է դատաբժշկական եզրակացությանը:
«Հարգելի դատարան, Ձեզ բացառիկ հնարավորություն է տրված ոչ միայն իմ գործում բեկում մտցնել, այլ համակարգային խնդիր է սա: Այստեղ հարցի իմ արդարացման մասին չէ: Հուսով եմ, որ այս դատարանը նախադեպ կստեղծի, դատախազությունը, առաջնորդվելով օրենքով ու արդարության շահով, վարույթ հարուցի: Չէ՞ որ խոսքը մարդու կյանքի մասին է»,-ասաց Ենոքյանը:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել