HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Անուշը երազում է բեմ բարձրանալ նաև արտերկրում

4 տարեկանից Անուշը չի կարողանում քայլել: Տեղափոխությունն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու համար հայրը երեքակնանի հեծանիվը հարմարեցրել էր Անուշի համար: Այդ օրվանից նա միշտ հեծանիվով է: 35-ամյա Անուշ Սմբատյանը տարիներ շարունակ մի վայրից մյուսն է տեղափոխվում միայն հեծանիվով:

Անուշի հեծանիվը ոտնակներ չունի. դրա փոխարեն նա օգտագործում է ոտքի թաթերը: Ասում է, որ իր համար այդպես ավելի հեշտ է: Անուշի համար սովորական է դարձել հեծանիվով «քայլելը»: Այնինչ, անցորդները միշտ զարմանքով են նայում թե՛ հեծանիվին և թե՛ ինչպես է նա տեղաշարժվում դրանով: Տանը նա նաև սայլակ ունի, բայց այն հազվադեպ է օգտագործում, ասում է՝ հարմարավետ չէ: Նրանց տունը քաղաքի ծայրամասում է. այստեղ ճանապարհներն այնքան էլ բարեկարգ չեն, և Անուշը դժվարանում է ինքնուրույն այդ սայլակով դուրս գալ տնից:

Այժմ Անուշն իր մոր` Արևհատ Շահինյանի հետ ապրում է Արմավիր քաղաքում: Մի քանի տարի առաջ հայրը մահացել է, իսկ երկու քույրերն ամուսնացել են և այլևս իրենց հետ չեն ապրում: Անուշը տնից հազվադեպ է դուրս գալիս, հիմնականում քույրերի տուն է հյուր գնում: Այն հարցին, թե ինչով է զբաղվում օրվա ընթացքում, պատասխանում է՝ տան գործերով: Իրենց տան մոտ ծառաշատ այգի ունեն, այստեղ նաև հավ են պահում: Մինչ մայրը զբաղվում է այգին մշակելով ու  հավերին կերակրելով, Անուշը հասցնում է տան գործերն ավարտին հասցնել՝ տունն ու բակը ավլել, ափսեները լվալ, ճաշը եփել:

Անուշի մայրը պատմում է, որ 4 տարեկանում աղջկան տարել էին հիվանդանոց, որպեսզի ոտքի թաթն ուղղեն, սակայն բժշկի սխալի արդյունքում երեխան հաշմանդամ է դարձել: Անուշն իրեն այդ տարիքում` երբ կարողանում էր քայլել, չի հիշում: Նրա ամենավաղ հիշողությունները կապված են դպրոցական տարիքի հետ: Սակայն Անուշը դպրոց չի հաճախել. ուսուցիչները տանը անհատական պարապմունքներ էին անցկացնում: Միայն թե Անուշը անգլերեն չի սովորել, որովհետև մայրը մտածել է, որ նա այն ոչ մի տեղ չի օգտագործելու, իսկ հիմա զղջում է այդ որոշման համար: Անուշն ուներ նաև ֆորմալ դասարան, որը տարին երկու անգամ՝ ուսումնական տարվա սկզբում և վերջում գալիս էր նրան այցելության: Այժմ նա ունի 8-րդ դասարանի ավարտական վկայական:

«Վերջին զանգին չեմ մասնակցել, - ասում է Անուշը,- բայց կուզենայի գնալ»:

Անուշը խոսելիս փոքր-ինչ կաշկանդվում է, հուզմունքից ձեռքի մատները պարբերաբար իրար է սեղմում: Նրա մտերիմների շրջանակը սահմանափակվում է իր ընտանիքով: Իսկ իր ամենամտերիմ ընկերուհուն նա համարում է 17-ամյա Ժենյա  Դավթյանին՝ ավագ քրոջ աղջկան: Ժենյայի հետ Անուշը կարող է ժամերով զրուցել և վստահել իր գաղտնիքներն ու երազանքները:

«Անուշ մորքուրը չի կարողանում մարդկանց մերժել: Իր հնարավորության սահամաններում ամեն ինչ կանի, որ օգնի - ասում է Ժենյան:- Նաև շատ գաղտնապահ է: Ու  որքան էլ տխուր լինի, երբեք դա ցույց չի տա, չի սիրում դրա մասին խոսել, ցույց տալ իր մտահոգությունները»:

Անուշը երբևէ որևէ դասընթացի կամ խմբակ չի հաճախել: Հիմա անգամ դժվարանում է ասել, թե կոնկրետ ինչով կցանկանար զբաղվել, որովհետև միշտ մտածել է, որ իր մոտ ոչինչ չի ստացվի կամ էլ արդյունքը վատը կլինի: Անուշին հարցնում եմ` արդյոք ձեռքի աշխատանքներ անում է: Մինչ նա դրական պատասխան է տալիս, Ժենյան ու Անուշի մայրը շտապում են ասել, թե որքան շատ է նա գործում. իրենց ընտանիքի գրեթե բոլոր անդամների համար ամեն տարի բազմաթիվ իրեր է գործում: Բայց ավելի ուշ խոսոտավանում է, որ սիրում է մատնահարդարումը, վարսահարդարումը, կցանկանար նաև լուանկարչությամբ զբաղվել:

«Կուզեի մի բան անել, բայց չի լինում», - կաշկանդվելով ասում է Անուշը:

Իր կյանքի ամենավառ հիշողությունը և ամենամեծ հաջողությունը Անուշը համարում է «Մի լքիր ինձ» (Ne Me Quitte Pas) պարային ներկայացմանը մասնակցելը:  

«Ամենալավը պարի տեղն ա. ուրիշ բան չկա» - ասում է Անուշը:

«Մի լքիր ինձ» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 3-ին: Այն Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի և Մեծ Բրիտանիայի «Կանդուկո» պարային թատրոնի համագործակցության արդյունքն է: 50 րոպե տևողությամբ ներկայացմանը մասնակցել են թե՛ հաշմանդամություն ունեցող, թե՛ չունեցող պարողներ: Ներկայացման ժամանակ Անուշը բեմ է բարձրացել իր հեծանիվով, իսկ ներկայացման իր հատվածը հիմնականում նրա ձեռքերի շարժումների վրա էր հիմնված:

«Առաջին անգամ էր, որ բեմ էի բարձրանում, ելույթ ունենում այդքան մարդկանց առաջ: Սկզբում դժվար էր, որովհետև վախենում էի, հուզվում,- ասում է Անուշը: - Բայց պարի տեղը շատ փոխվեցի: Շատերի հետ ծանոթացա, շփվեցի»:

Անուշի տրամադրությունը փոխվում է, դեմքը լուսավորվում է, երբ սկսում է խոսել պարի մասին: Այժմ նա ամբողջությամբ կենտրոնացած է պարի պարապմունքների վրա: Առաջին հաջող ելույթից հետո Անուշին առաջարկել են մասնակցել նաև երկրորդ ներկայացմանը: Այդ նպատակով էլ այս ընթացքում նա պետք է Արմավիրից գնա Երևան՝ մասնակցելու պարապմունքներին: Սա Անուշի համար հնարավորություն է թե՛ իրեն հաճելի գործով զբաղվելու, թե՛ տնից դուրս գալու: Նրան դուր է գալիս նոր շարժումներ սովորելը, ծանոթանալը նոր մարդկանց հետ: Անուշը համակարգիչ և ինտերնետ չունի: Այդ պատճառով էլ այս շփումները նրա համար շատ ավելի կարևոր են:

Անուշը չի սիրում բողոքել կամ իր դժվարությունների մասին խոսել: Անգամ այն, որ սուր արտահայտված ալերգիա ունի, ոչ թե ինքն է ասում, այլ մայրը: Արդեն մի քանի տարի է՝ Անուշի ձեռքերը և ոտքերը պատված են խիտ և խոշոր ցանով: Ո՞րն է պատճառը՝ բժիշկները չեն կարողանում ասել: Դեկտեմբերից նա բուժում է ստանում, պարբերաբար դեղեր ընդունում: Դեղերը պարզապես մեղմացնում են ցավն ու քորը: Մայրն ասում է, որ Անուշի 20 հազար դրամ ու իր 30 հազար դրամ թոշակի մի մասը հատկացնում են դեղերին ու ստուգումներին: Չնայած ընտանիքը նաև նպաստ է ստանում, բայց այժմ ամսվա եկամտի մի մասն էլ նրանք հատկացնելու են տաքսուն, որպեսզի Անուշը կարողանա Երևանում մասնակցել պարի փորձերին:    

«Չեմ ուզում, որ դրանից հետ ընկնի: Ինձ ասում ա՝ ոչինչ, թեկուզ դեղերը մի առ, թող քոր գա, բայց պետք ա գնամ ներկայացման փորձերին: Ոչինչ, թող էրեխեն գնա, ես էլ կհամարեմ, թե թոշակ չեմ ստանում»,- ասում է Անուշի մայրը:

Անուշը պատմում է, որ Վահան Բադալյանը (Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Մի լքիր ինձ» ներկայացման մտահաղացման հեղինակը, բեմադրողը և նկարչական ձևավորողը) հաճախ է իրենց պատմում արտերկրի, մասնավորապես՝ Եվրոպայի փորձի մասին, որտեղ հաշմանդամություն ունեցողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն, հաճախ են ներգրավվում տարբեր նախագծերում: Անուշը երազում է, որ մի օր ինքը նույնպես հնարավորություն կունենա գնալ արտերկիր և այդ ամենը տեսնել իր աչքերով: Նա հույս ունի, որ այս ներկայացումների շնորհիվ կկարողանա զարգացնել իր պարային ունակությունները, ավելի մեծ հաջողության կհասնի ու ելույթ կունենա տարբեր երկրների բեմերում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter