HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասախոսների պատասխանը Ֆրանսիական համալսարանին

Մամուլում հրապարակվել է «Համալսարանի պատասխանը դասախոսներին» հոդվածը, որում մասնավորապես «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կողմից դասախոսները մեղադրվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու հարցում:

Սույնով ներկայացնում ենք դասախոսների հրապարակումների ճշմարտացիության վերաբերյալ ապացույցներ:

Այսպես`

1.Համալսարանը հայտարարել է, որ իր 17.10.2011թ. հրամանով ամբողջությամբ կատարել է դատարանի վճիռը` դասախոսներին վերականգնել է իրենց նախկին պաշտոններում և նաև վճարել դատարանի վճռով սահմանված գումարները:

ա. Համալսարանի հայտարարությունն այն մասին, թե նա վերականգնել է դասախոսներին իրենց նախկին պաշտոններում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ 21.10.2011թ. դասախոսներին ուղղված իր գրությամբ համալսարանը մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք վերջին մեկ տարվա ընթացքում համալսարանում չեք դասավանդել, Ձեր մասնագիտական որակավորումն ու մակարդակը պարզելու նպատակով առաջարկում ենք անցնել  …. քննություն և համալսարանին ներկայացնել արդյունքները: Միայն արդյունքներն ունենալուց հետո Դուք իրավունք կունենաք մտնել լսարան դասավանդելու»:

Իր այս գրությամբ համալսարանը ոչ միայն չի վերականգնել դասախոսներին, այլ հակառակը` հստակ հայտնել է իր դիրքորոշումը դատական ակտի կատարումից հրաժարվելու մասին:

Նման պայմաններում, բնականաբար, ողջամիտ և տրամաբանական չէր լինի դասախոսների կողմից համալսարան ներկայանալը, քանի որ վերջիններիս հստակ արգելվել էր անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Ավելին, դասախոսները 26.10.2011թ.  և 31.10.2011թ.  գրություններով դիմել են ռեկտորին` հայտնելով իրենց դիրքորոշումը մասնագիտական քննության կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ճշտելու համար, թե երբ կարող են անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որոնց առ այօր համալսարանը չի պատասխանել:

բ. Վկայակոչված գրությամբ համալսարանը նաև հայտնել է, որ վճռով նախատեսված գումարները վճարվել են:

Ի հերքումն ռեկտորի այս տեղեկության` վկայակոչում ենք  21.10.2011թ. դասախոսներին ուղղված համալսարանի գրության հետևյալ քաղվածքը. «…Համալսարանի կողմից կներկայացվի պարապուրդի դիմաց վճարվող գումարի հաշվարկը: Անհամաձայնության դեպքում երկկողմ կարող ենք դիմել անկախ աուդիտորի` հաշվարկն իրականացնելու համար»:

Դատական ակտով որոշված հարկադիր պարապուրդի գումարը վճարված լինելու դեպքում զարմանալի է, թե ինչու պետք է ծագեր աուդիտորին դիմելու անհրաժեշտություն:

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-2-ին համալսարանը մասնակի վճարումներ է կատարել, սակայն ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունը:

Նման պայմաններում, կարծում ենք, եթե անգամ կա ապատեղեկատվություն տարածող անձ, ապա այդ անձը դասախոսներից և ոչ մեկը չի, այլ համալսարանի համապատասխան պաշտոնատար անձը:

Ինչ վերաբերում է համալսարանը վարկաբեկելուն, ապա դասախոսները երբևիցե չեն վարկաբեկել իրենց իսկ ջանքերով կայացած ուսումնական հաստատությունը, իսկ դասախոսների հորդորները ընդամենը վերաբերվել են Համալսարանի ղեկավարությանը:

Ամփոփելով վերոգրյալը առաջարկում ենք ռեկտորին չնույնացնել իր անձը համալսարանի հետ և կատարել ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտը, քանի որ այն պարտադիր է կատարման բոլոր այն անձանց համար ում ուղղված է, անկախ վերջիններիս ծագման կամ քաղաքացիության հանգամանքից: 

Նարինե Կոխտիևա
Շուշանիկ Պետրոսյան
Տաթևիկ Սարուխանյան
Գայանե Հակոբյան
Լիլիա Դիլանյան
Հայկանուշ Մխիթարյան
Հերմինե Ահարոնյան
Լիլիթ Չիթչյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter