HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանն առանց մրցույթ հայտարարելու 67.000 դոլարի պայմանագրեր է կնքել` պատվիրակություններ ընդունելու համար

«Երևան, իմ տուն»: Սա նախորդ տարի «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության կարգախոսն է: Այդ կարգախոսը ենթադրում է, որ երևանցիները պետք է իմանան իրենց «տանը» կատարվող միջոցառման ծախսերը:

Եվ այսպես, 2014 թ. երևանցիների համայնքային բյուջեից 180 միլիոն դրամ է տրամադրվել` հոկտեմբերի 11-ին և 12-ին մայրաքաղաքի ծննդյան օրը տոնելու համար: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ 20 միլիոն դրամով կրճատել են բյուջեն (2013 թ.-ին 200 միլիոն է կազմել): Իսկ կրճատել են՝ ելնելով քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակի մասին դժգոհություններից: Համենայն դեպս, այսպիսի հիմնավորում են նշել քաղաքային իշխանությունները: Հատկացված գումարից 50 միլիոն դրամով քաղաքապետարանը նվերներ է գնել Երևանի 2796 սոցիալապես անապահով ընտանիքների համար (նվիրել են սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, համակարգիչ և այլն), իսկ 18 միլիոնն էլ ծախսվել է քաղաքի տոնական ձևավորման համար: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել էր փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: 6 միլիոն դրամ էլ, ինչպես Aysor.am-ին ասել էր քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ծախսվել է «Երևան-2025. հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով կոնֆերանսի կազմակերպման համար:

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մայրաքաղաք է ժամանել 34 պաշտոնական պատվիրակություն, որոնց հյուրասիրության ու հյուրանոցային ծախսերը հոգացել է քաղաքապետարանը:

Ընդ որում` քաղաքապետարանը պատվիրակությունների հյուրասիրության, ընդունելության կազմակերպման ծառայությունները գնել է առանց մրցույթ հայտարարելու` մեկ անձից: Մեր ձեռքի տակ կա նման 13 պայմանագիր, որոնք ստացել ենք Երևանի քաղաքապետարանից: Դրանք կնքվել են հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում: Դրանցից միայն 3-ում է նշվել, թե տվյալ պատվիրակությունը որ երկրից է (Ստեփանակերտ (ԼՂՀ), Մոսկվա և Խանտի-Մանսիյսկ (ՌԴ)), և միայն մեկ դեպքում՝ հյուրասիրության սեղանի պարունակությունը:

Քաղաքապետարանը 2.875.000 դրամի պայմանագիր է կնքել «Հույս-96» ՍՊԸ-ի հետ` Մոսկվայի պատվիրակության հյուրասիրության համար: Պայմանագրում ասվում է, որ հյուրասիրությունը պետք է կազմակերպվի լուսավոր ու ընդարձակ սրահում, երաժշտությունը լինի դասական, իսկ ճաշացանկը պետք է ներառի մսային 3 տաք ուտեստ, ազգային ուտեստ, ձկան տեսականի, կարմիր և սև խավիար, առնվազն 6 տեսակի պանիր, 2 գույնի զեյթուն և այլն, իսկ խմիչքի տեսականուց նշվում է կոնյակը՝ 20 տարվա հնեցմամբ «Նաիրի»:

«Արմքոմփիններ» ՍՊԸ-ի հետ էլ կնքվել է 1.955.000 դրամի ծառայություն մատուցելու պայմանագիր Խանտի-Մանսիյսկ քաղաքից ժամանող պատվիրակության ընդունելության կազմակերպման համար, սակայն սեղանների պարունակության մանրամասներ չեն նշվում:

Պատվիրակությունների ընդունելության կազմակերպման և հյուրասիրության համար առանց մրցույթի պայմանագրեր են կնքվել հետևյալ ընկերությունների հետ. «Երազ» ՍՊԸ-ի հետ՝ 2.750.000 դրամի, «Հատիսի լանջ» ՍՊԸ-ի հետ՝ 2.200.000 դրամի, «Նարեկ Հարությունյան» ԱՁ-ի հետ` 1.570.000 դրամի: Երևան ժամանած պատվիրակություններին հյուրասիրությունների մատուցելու պայմամագրեր էլ կնքվել են «Ֆրիզե» (1.891.860 դրամի), «Վիկտորիա կոնցեռն» (2.020.500), «ՄարԱՐՄ» (644.000), «Հաղթանակ 2000» (1.763.900) ՍՊԸ-ների հետ:

Բացի դրանից` պատվիրակությունների ընդունելության կազմակերպման նպատակով պայմանագիր է կնքվել «Պրեստիժ» տաքսի ծառայության («Տաքսի Պրեստիժ» ՍՊԸ) հետ (հոկտեմբերի 9-14-ը ծառայություն մատուցելու համար): Պայմանագրի գինը 1.800.000 դրամ է:

Ընդ որում՝ այս ու ևս 15 տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ 2013 թ. դեկտեմբերին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացել են խիստ նկատողություն` անբարեխիղճ ծառայություն մատուցելու պատճառով:

Քաղաքապետարանը մի քանի պայմանագրեր է կնքել Երևան ժամանող պատվիրակություններին հյուրանոցային ծառայություն մատուցելու համար:

Այսպես` 5.529.000 դրամի պայմանագիր է կնքվել ««Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի հետ: «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ի հետ՝ 2.398.000 դրամի, ««Հրազդան» հյուրանոց» ՓԲԸ-ի հետ` 220.000 դրամի:  

Ընդհանուր հաշվով՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով (առանց մրցույթ հայտարարելու) Երևանի քաղաքապետարանը մոտ 28 միլիոն դրամի կամ շուրջ 67.000 դոլարի (փոխարժեքը հաշվարկված է 2014-ի հոկտեմբերի 3-ի դրությամբ) պայմանագիր է կնքել` «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին Երևան ժամանած պատվիրակությունների ընդունելության և հյուրասիրության համար:

Լուսանկարում` Տարոն Մարգարյանը Խանտի-Մանսիյսկի քաղաքապետ Վասիլի Ֆիլիպենկոյի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter