HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանո՞վ է ՀՀ արտաքին պարտքն ավելացել վերջին 10 տարում

Հունիսի 10-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն նախատեսում է օրենքի 5-րդ հոդվածի մի քանի կետում «պետական պարտք» բառերը փոխարինել «կառավարության պարտք» բառերով:  

Մասնավորապես՝ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում՝ «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է։ Այս հարցը ներառվեց հունիսի 15-ին սկսված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ:  Երեկ դրա վերաբերյալ ԱԺ-ում  քննարկումներ տեղի ունեցան, որի ժամանակ մի շարք պատգամավորներ դեմ արտահայտվեցին նախագծին՝ համարելով, որ առաջարկվող փոփոխությունն ունի տողատակ, այն է՝ ավելացնել ՀՀ պետական պարտքը և գերազանցել ներկա օրենքով սահմանված շեմը։ Իսկ պետական պարտքը մարելը Հայաստանի համար ներկայում դժվար է՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը։ Այս հոդվածով կնեկայացնենք, թե ինչ վտանգների մասին է խոսքը և վերջին տարիներին որքանով է ավելացել Հայաստանի արտաքին պետական պարտքը։ 

Առաջին հայացքից պարզապես բառային փոփոխություն առաջարկող այս նախագծի հետևում իրականում վտանգներ են թաքնված։ Քաղաքական գործիչների և տնտեսագետների կարծիքով՝ այն, ըստ էության, թույլ է տալիս մեծացնել բյուջեի դեֆիցիտը կամ նոր պարտքեր կուտակել։ Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, նախ ներկայացնենք ՀՀ պետական պարտքի կառուցվածքը։ Ընդհանուր առմամբ՝ այն երկրի ներքին ու արտաքին պարտքերի համագումարն է։ Արտաքին պարտքի ծավալները զգալի գերազանցում են ներքին պարտքի ծավալները։ Արտաքին պարտքն էլ իր հերքին երկու մասի է բաժանվում՝ ՀՀ կռավարության պարտք և ՀՀ կենտրոնական բանկի պարտք։ 

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը ներկայում սահմանում է, որ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  60%-ը: Իսկ եթե պետական պարտքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՀ համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 %-ը։ 

Իսկ ըստ նոր նախագծի, փաստորեն, առանձնացվում է կառավարության պարտքը և մեխնանիկորեն օրենքով ամրագրված սահմանափակումները կիրառվում են միայն կառավարության պարտքի վրա: Արդյունքում ԿԲ-ն ազատվում է սահմանափակումներից, ինչը թույլ է տալիս պետությանը ԿԲ-ի միջոցով ավելի շատ պարտք վերցնել ու չխախտել օրենքը։  Սա կարող է նշանակել, որ պետական պարտքի հետ կապված լուրջ խնդիրներ կան, ու կառավարությունը նախապես քողարկիչ քայլեր է ձեռնարկում։ 

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի վերջին 20 տարիներին Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտն ընդամենը 3 անգամ է գերազանցել Մաաստրիխտի համաձայնագրերով նախատեսված ՀՆԱ-ի 3%-ի ցուցանիշը: Նրա խոսքով՝ դեֆիցիտի ցուցանիշը բարձրացել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ 2009-ին այն կազմել է ՀՆԱ-ի 7,6%-ը, 2010-ին՝ 5%-ը: Իսկ ավելի վաղ դա տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ 2000-ին (3,4%): Ըստ Ջանջուղազյանի՝ նոր նախագիծը կառավարությունն առաջարկել է, որպեսզի պետական պարտքի վերաբերյալ վիճակագրական տվյալները համադրելի լինեն միջազգային չափորոշիչներին: Այդուամենայնիվ, նա համաձայն է, որ թվաբանորեն պետությունը հնարավորություն է ստանում մեծացնելու պարտքի չափը, բայց այնպես չէ, որ «պարտք տվողներ կան»:   Նրա այս բացատրությունը ում համար էր համոզիչ, չենք կարող ասել, փոխարենը կարող ենք ասել, որ եթե հիմա «պարտք տվողներ» չկան, դա դեռ չի նշանակում, որ որոշ ժամանակ անց չեն լինի։ 

Ի դեպ, կառավարությունն այս նախագիծն անսպասելիորեն արագ առաջարկեց, հավանության արժանացրեց ու ներկայացրեց ԱԺ-ին։ Եվ դա այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում էլեկտրաէներգիայի թանկացման աղմկոտ հարցն էր։ Սակայն, ինչպես երևում է, այդ աղմուկը ամբողջությամբ չստվերեց պետական պարտքի մասին նախագծի հարցը, քանի որ բազմաթիվ տնտեսագետներ անդրադարձան այս հարցին, ԱԺ-ում էլ այն ամղկոտ արձագանք գտավ։ ԱԺ-ում դրա վերաբերյալ քննարկումները դեռ կշարունակվեն։ 

2014-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, կազմել է ավելի քան   4,4  մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,7 մլրդ դոլարը արտաքին պարտքն է։ Իսկ 2015-ի   ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմում է ավելի քան 3,9  մլրդ դոլար։ Արտաքին պարտքի 3,5 մլրդ դոլարը կառավարությանն է, մոտ 440 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։  Ֆինանսների նախարարության ներկա հաշվարկով՝ Հայաստանը 2015-ը կավարտի մինչև ­4,9 մլրդ դոլարի չափով պետական պարտքով:  2014-ն ավարտել է  4,4 մլրդ դոլար  պետական պարտքով և ՀՆԱ­ի 10,88 մլրդ դոլար ցուցանիշով։ Արդյունքում պետական պարտք­ը կազմել է ՀՆԱ-ի 40,4%-ը: 

Ներկայացնում ենք ՀՀ արտաքին պետական պարտքի ծավալներն՝ ըստ տարիների։ Ինֆոգրաֆիկան հավաքագրել ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արխիվների տվյալներից։ 

Ներկայացված տվյալներից պարզ է  դառնում, որ վերջին  10   տարում ՀՀ արտաքին պետական պարտքն ավելացել է 2,6 մլրդ դոլարով։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքն ավելացել է 2,38 մլրդ դոլարով, իսկ ՀՀ ԿԲ-ի պարտքը՝ 223 մլն դոլարով։ Շատ երկրների նման  Հայաստանում էլ 2008-ից թափ առած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կտրուկ ավելացան արտաքին պետական պարտքի ծավալները։ 

Պատասխանատուները պարբերաբար նշել են, որ պարտքի այսպիսի կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է իրական տնտեսությունը պաշտպանելու նպատակով միջազգային պահուստների և բյուջեի դեֆիցիտի ավելացմամբ, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ: Ու որ կառավարությունը ստիպված է արտաքին աղբյուրներից ներգրավել փոխառություններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter