
Ի՞նչ ելք ունի իշխանությունը
Նախկինում չի եղել քիչ թե շատ ազդեցիկ քաղաքացիական շարժում, որին բախվելուց իշխանությունն այս կամ այն չափով չնահանջի: Այդպես եղել է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրումը թույլ չտալու դիմադրության դեպքում, մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու, հետո պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու, ՓՄՁ-ների նկատմամբ շրջանառության հարկ կիրառելու փորձի դեպքերում: Եվ առաջին հայացքից տարօրինակ է թվում այն համառությունը, որն իշխանությունը դրսևորում է այս շարժման պարագայում, որն իր ծավալնեով նախադեպը չունի և կարող է համեմատվել միայն 1988թ. ղարաբաղյան շարժման հետ:
Իրականում, սակայն, այստեղ որևէ տարօրինակություն չկա: Նախորդ բոլոր դեպքերում խնդրի լուծման բանալին գտնվել է իշխանության ձեռքին: Այս դեպքում իշխանությունը զիջումների չի գնում, որովհետև բանալին ոչ թե իր ձեռքերում է, այլ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի և նրանով պայմանավորված` Ռուսաստանի: Զիջել ինչ-որ բան, նշանակում է զիջել Ռուսաստանի շահերից: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա Կրեմլի համաձայնությունը:
Բայց Կրեմլի համաձայնությունը չկա: Եվ փաստացի ցուցարարներին զիջումների չգնացողը հենց վերջինս է: Հակառակ դեպքում` արդեն վաղուց առնվազն Եվգենի Բիբինը պետք է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն չլիներ, իսկ ընկերությունում արդեն պետք է սկսված լինեին խոշորածավալ ստուգումներ: Եվ չգանալով զիջումների` Մոսկվան ստիպում է ՀՀ իշխանություններին ստեղծված իրավիճակից դուրս գալ սեփական ռեսուրսներով սփական հասարակությանը ծնկի բերելու միջոցներով: Այն ընկալումը, որ իրենք ստեղծված իրավիճակում որևէ մեղավորություն ու պատասխանատվություն չունեն, բառի բուն իմաստով կրակն է գցել հայաստանյան իշխանություններին:
Այս իրավիճակում վերջինս մեծ ընտրության հնարավորություն չունի: Ուժի երկրորդ անգամ գործադրումը, որին, իբրև ծայրահեղ միջոց, կարող է դիմել ցուցարարների վերջնագիրը չկատարելու քաղաքական որոշումն ընդունած լինելու պարագայում, բումերանգի էֆեկտ է ունենալու: Եթե մինչև հունսիսի 23-ին ջրցան մեքենաների կիրառումը Բաղրամյան փողոցում 500-600 ակտիվիստ էր հավաքվում, դրանից հետո մարդկանց թիվը տասնապատկվել է: Հերթական նման փորձը կարող է փողոց հանել տասնյակ հազարների, որոնցից արդեն սպասելի է ամեն ինչ: Առավելևս այն դեպքում երբ շարժումը գործնականում տարերային ինքնահոսի մեջ է, իրադարձությունների ողբերգական ընթացքի դեպքում ոչ ոք զանգվածի գործողությունների համար պատասխանատվություն չի վերցնելու իր վրա: Դրա հետևանքները կարող են Հայաստանի համար անտանելի ծանր լինել: Սրա գիտակցումը, ինչպես նաև ողջ աշխարհի` Երևանի վրա սևեռված ուշադրությունն է, որ ոստիկանությանը դրդում է ծայրաստիճան զգուշավորության, ցուցարարների հետ սպառնալիքներով չխոսելու:
Իշխանությունը կարող է ընտրել համբերատար սպսելու մարտավարությունը: Սերժ Սարգսյանը շախմատիստ է, իսկ շախմատիստը, ինչպես հայտնի է` ունի ծով համբերություն: Նրա «գնականն» այս դեպքում լինելու է անտանելի շոգ եղանակը, իրավիճակի անորոշությունը, շարժման փաստացի անկազմակերպ բնույթը, որոնց համադրումը կարող է հոգնեցնել շարժման մասնակիցներին և տներով ցրվելու պատճառ դառնալ: Բայց դա կլինի նյարդերի խուլ, հոգնատանջ պայքար, որովհետև իշխանությունը չի կարող միարժեքորեն վստահ լինել, որ մասնակիցները կցրվեն տներով: Եվ պատճառն այն է, որ գործ ունի երիտասարդության հետ, որի էներգիայի, առողջության, էնտուզիազմի և ռոմանտիզմի համար եղանակային պայմաններն ու հանգամանքները ոչինչ չեն նշանակում: Կան նաև ռիսկի երկրորդ և երրորդ գործոնները: Որքան մարդիկ շատ մնան փողոցում, այնքան մեծանալու է հավանականությունը, որ զուտ սոցիալական պահանջի վրա խարսխված շարժումը լիարժեք քաղաքական բնույթ ստանա: Եթե ներկայացված վերջնագիրը չկատարվի, շարժման օրակարգը և հիմնական պահանջը կարող է դառնալ իշխանափոխությունը, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իր մոտիվացիոն ներուժով սա ոչ միայն խնդրահարույց է իշխանության համար, այլև պայթյունավտանգ: Մանավանդ որ այդ դեպքում մեծանալու է արտաքին միջամտության հնարավորությունը` այս շարժումը հայկական «մայդանի», իսկ Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու դիտավորությամբ: Թե ինչ է սա նշանակում իշխանության, անձամբ նախագահի, առավելևս Հայաստանի ու ԼՂՀ-ի համար, թերևս ավելորդ մեկնաբանության կարիք չունի: Մյուս կողմից՝ իշխանության այդ սպասողականությունը կարող է ներկայումս հիստերիկ նյարդայնություն դրսևորող Ռուսաստանում ընկալվել որպես Սերժ Սարգսյանի վարչակազմի անվճռականության, իրավիճակի կառավարումը կորցնելու նշան և իրենք առաջ ընկնեն շարժման ծավալումից` գործադրելով հայաստանյան իշխանափոխության սեփական սցենարը: Դժվար է հավատալ, որ այս վտանգը Սերժ Սարգսյանը չի գիտակցում:
Միակ ռացիոնալ տարբերակը մնում է ռուսների հետ այս հանգրվանում լեզու գտնելը, նրանց էլ. էներգիայի սակագնի վերանայման հարցում զիջումների դրդելը: Ընդ որում` սա փրկություն է նաև իշխանության համար այն իմաստով, որ քաղաքացիական շարժումը կարող է ՌԴ-ի հետ հարաբերություններում երկրի ինքնիշխանության քիչ թե շատ վերականգնման, պետական շահերի պաշտպանության խնդիրը լուծելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցը դառնալ: Եթե պետական և քաղաքական միջոցներով Կրեմլի հետ խոսել չի լինում, ուրեմն պետք է խոսել քաղաքացիական հասարակության օգնությամբ ու դա դարձնել Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու միջոց: Այս իմաստով ուժի կիրառումից հետո ցույցի ծավալների մեծացումը նույնիսկ ձեռնտու կարող է լինել իշխանությանը: Այն պոտենցիալ համոզիչ փաստարկ է ռուսների հետ բանակցություններում` համոզելու, որ նման բռնությունների եղանակով խնդրի լուծումը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եթե այդ բեկումը տեղի ունենա, Մոսկվայում գուցե վերջապես հասկանան, որ գործ ունեն երկրի և ժողովրդի, այլ ոչ թե սեփական ֆորպոստի և սեփական ռազմաբազան «սպասարկող անձնակազմի» հետ:
Ողջ հարցն այն է, թե այդ դեպքում էլ.էներգիայի սակագնի հետ կապված կոմպրմիսն ի՞ նչ գնով ձեռք կբերվի: Լավագույն տարբերակն այն է, որ ՀԷՑ-ն իր ռեսուրսների հաշվին լուծի խնդիրը` առաջնահերթորեն մենեջմենթը արմատական փոփոխության ենթարկելու և տեխնոլոգիական կորուստների ծավալները նվազագույնի հասցնելու միջոցով: Բայց դրա համար նախ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ ՀԷՑ-ի ղեկավար կազմում:
Առավել հավանական է թվում մյուս` խնդրին իրավիճակային լուծում տալու տարբերակը` ընդամենը ներկայիս էսկալացիան թուլացնելու համար: Այս դեպքում սակագնի հարցում ելման դիրքեր վերադառնալու շարժման պահանջը կբավարարվի գուցե շատ ավելի ծանր գին վճարելով, այսինքն՝ երբ պարտքի մարման պարտավորությունը Կառավարությունը վերցնի իր վրա` կամ նոր վարկեր վերցնելու, կամ նոր ստրատեգիական օբյեկտները ռուսներին վաճառելու միջոցով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել