Հայաստանը փոխելու երեք անհրաժեշտ քայլերը
Անի Գևորգյան
Որոնք են Հայաստանը փոխելու երեք անհրաժեշտ քայլերը: Հարցին պատասխանում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները:
Մարիամ Գյոզալյան, 18 տարեկան. «Առաջին հերթին պետք է կանգնեցնել արտագաղթը, հետո պետք է պայքարել մինչեւ վերջ եւ լինել միասնական: Ես կարծում եմ, որ այսպիսով միանշանակ լուրջ փոփոխությունների կհասնենք»:
Ռուբեն Նիկողոսյան, 20 տարեկան. «Երկրում բան փոխելու համար առաջին հերթին պետք է փոխել կրթությունը, քանի որ այն ամենակարևորն է: Հետո արդեն մարդիկ իրենք պետք է արդարության մթնոլորտ ձեւավորել, դրանից հետո էլ պետք է պայքարել»:
Դավիթ Սելիմյան 19 տարեկան. «Ես գտնում եմ, որ երկիրը փոխելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ քայլ: Առաջին հերթին պետք է ակտիվ հասարակություն ձեւավորվի, ինչը ինքն իրենով արդեն կբերի բոլոր հարցերի լուծմանը»:
Նարինե Պողոսյան 25 տարեկան․ «Նախ պետք է ամեն առումով սերնդափոխություն կատարվի, պետք է ձեւավորենք առողջ մտածելակերպ, որ ստրուկի մտածելակերպը եւ մեր վախերը հաղթահարենք: Երրորդն էլ՝ պետք է այնպես անենք, որ երկրում օրինականությունն առաջնայինը լինի»:
Արմինե Սուքիասյան, 17 տարեկան․ «Մեզ իշխանափոխություն է պետք անել: Հետո մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի, եւ վերջապես Հայաստանը կփոխվի, երբ ոստիկանությունն ավելի մարդկային կառույց դառնա»:
Աննա Հովսեփյան, 19 տարեկան․ «Առաջին հերթին պետք է ժողովրդի միասնականություն ձեւավորվի, երկրորդը՝ իշխանության եւ ժողովրդի հավասարություն ձեւավորվի, երրորդը՝ հասարակության մեջ նաեւ պետք է հարգանք ձեւավորվի»:
Անահիտ Ղազարյան, 22 տարեկան․ «Առաջին հերթին պետք է հեռացնել Սերժին ու իր ոհմակին, հետո պետք է վերացնել ծանոթ-բարեկամ փոխհարաբերությունները ու կրթական համակարգում փոփոխություններ անել»:
Մելինե Գասպարյան, 20 տարեկան․ «Առաջին քայլը, որը պետք է անել Հայաստանը փոխելու համար, դա իշխանափոխությունն է: Հետո պետք է ընտրական համակարգը կարողանանք աշխատեցնել, որ մենք հնարավորություն ունենանք ընտրել մեր իշխանությանը: Բացի դրանից, դպրոցներում պետք է աշակերտներին դաստրիարակել որպես անկախ երկրի քաղաքացիներ»:
Վահան Կոստանյան, 20 տարեկան․ «Մենք պետք է նախ կազմենք ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է կազմակերպենք փոփոխությունները, հետո նախատեսված փոփոխությունները տարածենք ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում, իսկ երրորդը՝ երիտասարդության դերը պետք է բարձրացվի, հատկապես տղաների, քանի որ աղջիկներն այսօր շատ ավելի պայքարող են, քան տղաները»:
Սոսե Մինասյան, 18 տարեկան․ «Հայաստանը փոխելու համար պետք է աշխատատեղերն ավելանան, երիտասարդ սերնդի նկատմամբ թերահավատությունը վերանա, եւ, իհարկե, ժողովրդի միասնականություն լինի»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել