
Այս տարի «Ոսկե ծիրանում» ներկայացված է 76 ֆիլմ
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է 76 ֆիլմ: Դրանք ընտրվել են 105 երկիր ներկայացնող շուրջ 1600 հայտերից: Այդ ֆիլմերից 12-ն ընդգրկված են «Միջազգային խաղարկային», 13-ը` «Միջազգային վավերագրական», 18-ը` «Հայկական համայնապատկեր» և 34-ը «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Մրցութային ծրագրերի ֆիլմերը ներկայացնում են 26 երկիր: «Միջազգային վավերագրական» ծրագրում ներկայացված է մեկ հայկական ` Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» ֆիլմը: Այն Հայաստանի, Գերմանիայի և Նորվեգիայի համատեղ արտադրանք է:
Փառատոնի շրջանակներում բացի մրցութային հիմնական ծրագրերը ներկայացված են նաև մի շարք արտամրցութային ծրագրեր: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն միջազգային հայտնի կինոփառատոններում մրցանակների արժանացած ֆիլմերը: Այս տարի կցուցադրվի Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմը, որը Բեռլինի կինոփառատոնին ստացել է «Ոսկե արջ» մրցանակը, Ռոյ Անդերսոնի «Աղավնին նստել էր ճյուղին` մտորելով կյանքի մասին» սև կատակերգությունը, որը Վենետիկի կինոփառատոնին արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին և Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» ֆիլմը:
Այս տարի կինոփառատոնը հատուկ անրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Կազմվել է երկու առանձին ծրագիր` «Մենք կանք» (23 ֆիլմ) և «Այլևս երբեք» (11 ֆիլմ): Դրանցից առաջինի ժամանակ ներկայացվելու են հայ և օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք անրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Երկրորդ ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք անրադառնում են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած ցեղասպանություններին:
Հատուկ ցուցադրությունների շրջանակներում կցուցադրվեն օպերատոր Լևոն Աթոյանցի և ռեժիսորներ Հենրիկ Մալյանի, Հենրիկ Մարգարյանի և Հարություն Խաչատրյանի ֆիլմերը: Հատուկ հուշ-երեկո կլինի նաև վավերագրող Վլադիմիր Դաշուկի հիշատակին, ով մահացել է անցած տարի:
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն անց է կացվելու հուլիսի 12-19-ը:
Մեկնաբանել