
Որքան գանձ կա Հայաստանի պետական գանձարանում
Հայաստանի Հանրապետության պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արժեքը, վերջին տվյալների դրությամբ (2015-ի հունվարի 1), կազմել է 1 մլրդ 502,5 մլն դրամ։ Այս մասին «Հետքը» տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Ըստ նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության՝ գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքները կազմել են`
- մետաղական ոսկի` 261,6 մլն դրամ (14,288 կգ)
- մետաղական արծաթ` 4,8 մլն դրամ (26, 895 կգ)
- պլատին` 56,1 մլն դրամ (3,024 կգ)
- պալադիում` 13,2 մլն դրամ (1,275 կգ)
Մնացածը՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր են (ադամանդ, ալմաստ, զմրուխտ, աճեցված մարգարիտ), ոսկյա և արծաթյա իրեր:
Ընդ որում՝ ոսկյա իրերի և մետաղական ոսկու ընդհանուր քաշը կազմում է մոտ 89,392 կգ, արծաթյա իրերինն ու մետաղական արծաթինը միասին՝ 92,21 կգ, ադամանդինը՝ 872,9 կարատ, աճեցված մարգարիտինը՝ 102,793 կգ։
Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի թանգարաններում առկա ազգային պահուստի արժեքները` ոսկի 64,3 կգ, արծաթ 1470,4 կգ, պլատին 0,5 կգ և պալադիում 0.03 գրամ, իրեր` այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 178,7կգ:
Իսկ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա են պետական պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 1,2 կգ, արծաթ 17,3 կգ, պլատին 64,9 կգ, պալադիում 0,3 կգ, իրիդիում 10,9 կգ, ռոդիում 0,2 կգ, օսմիում 2,2 գրամ:
Հաշվառվել են նաև սարքավորումների մեջ` ոսկի 4,4 կգ, արծաթ 479,3 կգ, պլատին 3,5 կգ, պալադիում 9,3 կգ, ռոդիում 0,1 կգ, թանկարժեք մետաղների համաձուլվածք 1,2 կգ, իրիդիում 0,03 գրամ:
Պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվել են մեդալներ` ոսկի 1,5 կգ, արծաթ 47,8 կգ:
Ֆինանսների նախարարությունից նաև տեղեկանում ենք, որ պետական գանձարանի կողմից 2014-ի ընթացքում Հայաստանի պետական պահուստները համալրվել են` 1354 հատ` 4445,65 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով, 253,3 գրամ պլատինով, 1177,4 գրամ արհեստական քարերով: Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ին վերամշակման համար հանձնվել է 6155,35 գրամ թանկարժեք մետաղներ պարունակող համաձուլվածք, որի վերամշակման արդյունքում Պետական գանձարան է վերադարձվել 1251,8 գրամ պալադիում, իսկ 4598,3 գրամ արծաթը վաճառվել է Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ին: Արդյունքում Պետբյուջեի «Մուտքեր թանկարժեք մետաղների իրացումից» հաշվին մուտքագրվել է ավելի քան 1,3 մլն դրամ:
Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ, գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արժեքը կազմում էր 1 մլրդ 450,5 մլն դրամ, իսկ 2013-ի դրությամբ՝ 1 մլրդ 739,2 մլն դրամ։ Վերջին տարիներին պետական գանձարանում մետաղական ոսկու համալրում չի եղել։ Այնտեղ կա ոսկու ընդամենը մեկ բանկային ձուլակտոր՝ 14,288 կգ քաշով:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Հայաստանի կենտրոնական բանկի որոշմամբ վաճառվեց ՀՀ պահուստային ողջ ոսկին` 1,7 տոննա, որի մեկ ունցիան այն ժամանակ գնահատվեց ընդամենը 400 դոլար։ Բայց դրանից մի քանի տարի անց ոսկի 3-4 անգամ թանկացավ։
Մեկնաբանել