Արամ Հարությունյանը պայմանագրեր է կնքել սեփական ընկերությունների հետ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը քանի դեռ պաշտոնավարում էր Կոտայքում, մարզում խոշոր ծրագրերն իրականացրել է իր ընկերություններով:
Հայաստանի կառավարության կողմից 2014 թվականին Կոտայքի մարզի համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ հատկացվել է շուրջ 731 մլն դրամ: Նախկին մարզպետը այդ գումարից շուրջ 240 մլն դրամը տրամադրել է իր ընկերություններին:
«Նաիրիշին» ԲԲԸ-ն, որտեղ բաժնեմաս ունի Արամ Հարությունյանը, իրականացրել է Զովունիի դպրոցի շենքի հիմնանորոգում և պետական բյուջեից ստացել 35 մլն դրամ: Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2014-ի մայիսին, և իր ընկերության հետ պայմանագիրը կնքվել է հուլիսի 18-ին, այսինքն՝ իր նշանակումից հետո:
Նորանշանակ մարզպետը ևս երեք պայմանագիր է կնքել իր մյուս ընկերությամբ՝ «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ով: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ պետական ընկերությունը սեփականաշնորհելուց հետո Արամ Հարությունյանն այնտեղ խոշոր բաժնետեր է՝ 99,9 %:
Եղվարդի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար մարզպետ Հարությունյանը 23 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նաիրիի ՃՇՇ»-ի հետ:
Եվս 20 մլն դրամ էլ հատկացրել է Թեղենքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:
Նույն ընկերության հետ կնքվել է նաև Նոր Գեղի-Քարաշամբ ճանապարհների հիմնանորոգման ավելի քան 51.6 մլն դրամի պայմանագիրը: Այսպիսով՝ վերջին երեք պայամանագրով մարզպետն ապահովել է ավելի քան 90 մլն դրամանոց հատկացում իր ընկերությանը:
Մամուլի ուշադրության կենտրոնում 2014-ի ավարտին հայտնվեց նաև «Toyota Camry»-ի պատմությունը, երբ Արամ Հարությունյանն իր «Նաիրիշին» ԲԲԸ ընկերությունից 13 մլն դրամով գնել էր 2014թ. արտադրության ծառայողական «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան: Այս գնումը հրապատ չի ձևակերպվել, այլ գրանցվել է որպես մեկ անձից կատարված գնում:
Արամ Հարությունյանը մշտապես է իր պաշտոնեական դիրքն օգտագործել է իր բիզնեսն առաջ տանելու համար: Նա 2007-ին նշանակվել է բնապահպանության նախարարի պաշտոնում և հիմնադրել է «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասում սկզբում նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է երևացել, սակայն 2009թ.-ից «Նաիրի ՃՇՇ»-ն դարձել է 100 % բաժնետեր: «Ընդերքաբեր» ընկերությունը Սպանդարյանի բազալտների հանքը շահագործողն է և շահագործման համար բնապահպանական դրական փորձաքննություն ստացել է նախարարի պաշտոնավարման օրոք:
«Նաիրի ՃՇՇ»-ն ընկերությամբ Արամ Հարությունը ստացել է նաև Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի բնապահպանական դրական փորձաքննությունը:
«Նաիրի ՃՇՇ»-ի միջոցով Արամ Հարությունյանը այլ ընկերություններում էլ է ներկա, օրինակ՝ Եղվարդում գործող «Առնակ Մանի» ՍՊԸ-ում:
Այն, որ Արամ Հարությունյանը բաժնեմաս ունի տարբեր ընկերություններում, երևում է նաև նրա հայտարարագրում: Առնվազն երեք ընկերությունում ունեցած բաժնեմասից ստացված շահույթը Արամ Հարությունյանը հայտարարագրել է:
Երբ Արամ Հարությունյանը նախարար էր, ըստ ներկայացրած հայտարարագրի, նախարարների շրջանում ամենահարուստներից էր: Նրա եկամուտները չեն էլ նվազել մարզպետ դառնալուց հետո: Նախարարի պաշտոնը թողնելու օրվա դրությամբ՝ նա հայտարարագրել է ավելի քան 1 մլն դոլար դրամական միջոցներ, երկու բնակարան, ավտոտնակ, երեք հողամաս և հասարակական նշանակության շինություն: Շուրջ 11.5 մլն դրամ էլ կազմել է նրա եկամուտը՝ աշխատավարձից, վարձակալությունից, շահաբաժնից և տված փոխառություններից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել