HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտիպներ նոր տպագրվելիք «Չապրած օրեր» գրքից

Լեռ Կամսար

Շաբաթ 27․- Այսօր հացի հերթին նկատեցի, որ առաջիս երիտասարդն շատ էր տխուր։ Կարծեմ լացեր էր տանը։ Մտերմաբար, երբ պատճառը հարցուցի՝ պատասխանեց․

- Հայրս որպէս առևտրական բանտարկվեցավ ութ ամիս առաջ ու մեռավ բանտում։ Թանկագին փալթո ուներ վրան, գացի պահանջելու՝ բանտապետն կառարկէ, չի ուզեր տալ։

- Ի՞նչ կըսէ։

- Կըսէ՝ հայրդ ութ տարի բանտարկության դատապարտվեցավ՝ ընդամէն ութ ամիս նստավ։ Այդ տարիներ ես որմէ՞ գանձեմ։ Եթէ իր փալթոյին տէր կկայնես՝ ութ տարի բանտարկությանն ալ տէր պիտի կայնես, ի՜նչ է, շահուն տէր ես, վնասին՝ ո՞չ։ Ադպիսի օրէնք ո՞ր առևտրական տանն ես  տեսեր։ Եկուր բանտ, հորդ փալթոն հագիր, մեր ութ տարվա պարտքը տուր, անկէ վերջ տար, որ կուզես․․․

- Ահա քեզի նոր հայտարարություն մը։ Ասկէ վերջ յուրաքանչյուր վաղամեռիկ բանտարկյալ մը կրնա իր չբանտարկված տարիները իր որդոց կտակել, ըսել է, -նկատեցի ես։

Այո՛, - պատասխանեց հերթակիցս։ - Ասկէ վերջ բանտապետներն կրնան նույնպէս մեռած կալանավորի մնացած հանցանքն ալ իր փալթոյի վրա բարդել․․․ եթէ արժէքավոր է։

            ----------

Հիսուս Ավետարանին մէջ կգանգատի, թէ՝ ինձի խաչեցին և իմ պատմուճանի վրա վիճակ ձգեցին։ Խեղճ ու միամիտ Փրկիչ։ Չէ որ վիճակով բաժանելն ավելի արդար ձև է, քան ուղղակի հափշտակել․․․

Կիրակի 28. Գրականության մէջ երկու ժանր կա՝ ողբերգություն և կատակերգություն։ Այն չափով, որ չափով այս երկու ժանրերն ալ հավասարապէս կրնան մարդոց աչքէն արցունք քամել՝ իրենց էությամբ չեն տարբերվեր իրարմէ։ Տարբերությունն ձևական է, ու ես երկար խորհեր եմ, թէ այդ զույգ ձևերէն ո՞րն է գերադաս։ Վերջէն գտեր եմ, որ գերադասը կատակն է։

Կատակով մէկի մը կրնաս «մեծ շուն» ըսել և խաղաղություն ըլլա. բայց լուրջ ձևով եթէ «փոքրիկ լակոտ» անգամ ըսես՝ արյունահեղություն կպատահի։ Ես այս տարբերությունն Չեկայում բռնված ժամանակս զգացի։

Ինձ հետ ձերբակալված թուղթերուն մէջ կային երգիծական գրվածքներ, որք եթէ գրականության երկրորդ տեսակի ժանրով արտահայտված ըլլային, ինձի ամէն օր պիտի գնդակահարէին և օրական երեք անգամ՝ առտուն, կեսօրին և իրիկուն՝ ուտելէ առաջ։ Մինչդեռ այդ գրվածքներու համար ոչ միայն չգնդակահարեցին, այլ «կլյուչնիկէն» մինչև քննիչն ու դատախազ կխնդային անվերջ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ գրվածքներում «մեծ շուն» էի անվանած զիրենք։

Ամբողջ երեսուն տարի մեր սոցիալիստական  կառավարությունն ողբերգության արցունքներով լացուց իր ժողովուրդին։

Իսկ եթէ այսօր հանկարծ Ստալինն խնդա և հայտարարէ իր կառուցած սոցիալիզմն կատակ՝ հրամայէ քանդել բոլոր «կառուցված» սոցիալիզմն ու ամէն մարդ իր գործին անցնի, ան ատեն ժողովուրդն ավելի հորդ արցունք պիտի թափէ, միայն այս անգամ ուրախության արցուններ։

Ո՛չ, կատակերգությունն ողբերգութենէն գերադաս է, ափսո՜ս, որ մեր կառավարությունն չի ուզեր օգտվել գրական այդ ժանրէն։

            ----------

Հիմնված այն լուրերու վրա, որ սովետական դրամն պիտի փոխվի, ներկա դրամն հանկարծ արժէքազրկվեց։ Պետական ապրանքներ մէկէն ծախվեցան, իսկ մասնավորն իր ունեցածը թաքցուց։ Շուկայում փող կա, իսկ ապրանք ոչ։

Գրպանահատներէն ազատվեցանք վերջապէս։

Ինչ խանդով, որ առաջ գրպանահատն դրամ կհանէր գրպանէդ, նույն խանդով հիմա իր դրամը քո գրպանը կխոթէ։

Անկարելի է մտնել շուկան ու չսարսափել իր ամայութենէն։ Կարծես տարերային քամի մը սրբեր տարեր է այն ինչ արժէք ունի և մնացեր է միայն սովետական դրամ։ Սովետական դրամ և սոցիալիզմ։ Ապրանքներ, որոց քամին անգամ չի ուզեր տանել․․․

Երկուշաբթի 29․- Այսօր հացի խանութի առջև վեց արտասահմանէն եկած հայերու հանդիպեցի։ Վեցն ալ առանձին-առանձին գանգատեցան, որ մէկ ամսվա մէջ պակսեր են․ մէկը՝ 3 քիլո 400 գրամ, մյուսը՝ 3 քիլո, իսկ մնացյալ չորսն՝ ուղիղ 6 քիլո։ Եվ սաստիկ գանգատեցան սովետական կառավարութենէն։

Իրավունք ունէն գանգատելու հարկավ, վասնզի մեր կառավարությունն մտածված գործ չի բռներ։ Պէտք էր գաղթեցունելէ առաջ անոնց բոլոր մարմնի միսերը ապուխտացնէր, նոր Հայաստան բերեր։ Բասարգէչարէն հոս, ընդամէն 200 քիլոմեթրի վրա եկող պետական ոչխարները իրենց քաշի կեսը կկորցնեն ․ հազարավոր քիլոմեթրեր գան, ամիս մըն ալ մեր սոցիալիզմն ճաշակեն և դեռ վեց քիլո չպակսե՞ն։

Մէկը այդ նորեկ հայերէն հարցուց ինձի․

- Իսկ ինչպէ՞ս է հոս ձեր վիճակը, դուք բնավ չէ՞ք պակսեր։

- Ո՛չ, մենք հիմա մարդիկ չենք այլևս, մենք մարդկային չիր ենք՝ չոփ-չոր, զրկված մեր բոլոր ջրային մասերէն։ Մենք այլևս կորցնելիք չունենք․ մենք, ընդհակառակն, կծանրանանք ու մեր քաշն կավելնա, երբ խոնավ բնակարան ապրենք։ Այդ պատճառով մեր տեսակարար կշիռը նույնը պահելու նպատակով մեր կառավարությունն տարին ամգամ մը «արևին կուտա» ու նորէն ամբարները կլեցունէ, ապահովելով զմեզ բորբոսէ ու ցեցերէ։ Կառավարությունն այս կերպ կվարվաի անմեղներու հետ, իսկ հանցավորները բանտերը կլեցունէ, ապա թխմելով վագոններ, ինչպէս իրանական քիշմիշ արկղերու մէջ, կարտահանէ Միջին Ասիա, Սիպիր։

            ----------

Նորեկ հայեր շատ խելոք վարված պիտի լինէին, եթէ իրենց դրամները հոն բանքաներուն մէջ խորհրդային դրամի վերածելէն ետքը երկրորդ բանքա մըն ալ մտնէին ու իրենց մարդկային մարմինն ուղտի մարմնի վերածէին։

Ուղտ մը խոշոր, լեցուն սապատով ամբողջ տարի մը կրնար ապրել սովետական երկրում, առանց իր քաշը կորցնելու․․․  

                                                                                      1947թ. անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter