
Լոռու անտառներում արջ մեկ-մեկ է երևում, վայրի խոզերը վերացել են, վտանգված է եղնիկների գենոֆոնդը
Իրիկունը արջը ձորից դուրս եկավ, իրեն տվեց ուրթի մեջտեղը: Շուն, կաթ, կթվոր իրար խառնեց ու`էլի ձորը` հետը տանելով դասատու Գևորգ Աբովյանի տատի, ամոթ է ասելը, էնիքը, էն էլի, որ տատերը հագնում են փեշի տակից: Այդտեղ վրանի մոտ, հրացանը ձեռքին կանգնած էր դասատուն: Իրար տեսան, արջն ու ինքը կանգնեցին իրար երեսի նայեցին, հետո արջն աչքով արեց, վարտիքը վերցրեց ու`ձորը: Դասատուն հրացանը ձեռքին ընկել էր ու ծիծաղից գալարվում էր…
Հրանտ Մաթևոսյան «Ահնիձոր»
Դսեղի, Լալվարի և Ջիլիզայի անտառտնտեսություններին պատկանող Մոտկորի, Շնողի, Շամլուղի և Ջիլիզայի անտառներում արջ մեկ-մեկ է երևում, վայրի խոզերը վերացել են, վտանգված է նաև եղնիկների գենոֆոնդը: «Անկախության գործընթացը որ եղավ, ամեն տեղ ժողովրդի ձեռքը զենք ընկավ: Սոված ժողովուրդ, զենքը ձեռքին, ո՞նց կլինի: Գել ու աղվես էլ էին խփում ու միսն ուտում, ինչ մնաց արջ, կխտար ու վայրի խոզ չխփեին: Մեր անտառների կենդանիների 80 տոկոսը վերացել է»,- ասում է նախկին որսագետ Գագիկ Անտոնյանը:
«Լալվարի» անտառտնտեսության պատասխանատուները մեզ հայտնեցին ,որ վերջին տարիներին վայրի խոզերի վերացմանը նպաստել է նաև ժանտախտը: Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի ու ՀՀ բնության պահպանության միության նախագահ Մամիկոն Ղասաբյանի ուսումնասիրություններն ասում են, որ կենդանական աշխարհը վերանում է նաև մասայական անտառահատումների, Թեղուտի և Շամլուղի բաց հանքերի ու պոչամբարների պատճառով:
Թեղուտի հանքի շրջակայքում գիտնականները 2014թ.-ին ուսումնասիրություններ են կատարել: «Հանքի տարածքում կենդանիները վերացել էին: Հանքի վերևներում մի քանի կենդանիներ նկատեցինք, դրանք էլ կվերանան հանքի շահագործումից հետ»,- վստահեցրեց Բարդուխ Գաբրիելյանը: Մամիկոն Ղասաբյանն էլ ասաց, որ այդ ուսումնասիրությունները կատարվել են այն ժամանակ, երբ հանքավայրի աշխատանքերն ավարտվել և բնապահպանական լուրջ վնասներ էին առաջացել:
«Մեր Դուքանաձորում արջը, կխտարն ու վայրի խոզը անսահման են եղել: Թեղուտի հանքավայրը սփռված է հենց Դուքանաձորում: Հանքավայրում էդքան տեխնիկա է աշխատել ու անտառ է հատվել, էլ Դուքանաձորում արջ, եղնիկ ու վայրի խոզ կմնար»,-ասաց Շնողի անտառապետ Սերգեյ Շախկյանը: Մամիկոն Ղասաբյանը նկատեց, որ օրենքով սահմանված ժամկետում`5 տարին մեկ անգամ, նաև ըստ անհրաժեշտության, անտառներում կենդանական աշխարհի պետական հաշվառում և մոնիտորինգ չի իրականացվում, որի պատճառով չեն կանխվել կենդանիներին սպառնացող սպառնալիքները:
«Բնապահպանական ծրագրով նախատեսվում է կենդանինների մոնիտորինգի և հսկողության իրականացում, սակայն դա չենք իրականացնում` պետբյուջեից մեզ գումարներ չհատկացելու պատճառով»,-մեր հացմանը այսպիսի պատասխան տվեց բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
«Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը իրականացվում է կենդանինների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների, էկոհամակարգերի որակի ամբողջականության գնահատման, բացասական երևույթները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով»,- գրված է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում:
Որսագետ Գ. Անտոնյանը հիշում է, որ խորհրդային ժամանակներում Մոտկորի, Շնողի, Ծաղկաշատի Աջրա և Չաթինդաղի անտառներում բնակվում էին մեծ քանակությամբ արջեր, վայրի խոզեր, եղնիկներ, գայլեր, աղվեսներ, նապաստակներ ու կզաքիսներ: Ամենաորսառատը Մոտկորի ու Շնողի անտառներն են եղել: Որսագետի պատմելով՝ ժամանակին իրեն 30-40 հատով վայրի խոզերի խմբեր են հանդիպել Մոտկորում ու Շնողում:
«Հիմա մեր անտառներում համարյա կարելի է ասել արջը հատուկենտ է երևում, եղնիկ դեռ կա: Արջը մի տարածքում չի նստում, ման է գալիս: Որտեղ կեր` աճար և կաղին կա, նրանք անտառի այդ տարածքներում են ման գալիս: Անցյալ և նախանցյալ տարիներին հետքերը երևացել են: Ծաղկաշատի Աջրա հանդումը արջ տեսնողներ են եղել»,- ասաց որսագետը: Վերջինս դժգոհեց որսորդներից, որ ամառ, գարուն հաշվի չեն առնում, հրացանն ուսերին մտնում են անտառ, ինչ հանդիպում է, խփում են:
«Իսկ մեր ժամանակաշրջանում գարունը եկել է, զենքը յուղել ենք մի կողմ ենք դրել, մինչև ծառի տերևի թափվելը»,-հիշեց նա: Նրա ասելով, հիմա եղնիկի որսն ազատ է`տեր ու տիրական չկա: Գ.Անտոնյանը նաև մտաբերեց, որ 2013թ. «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը եկել է «Լալվարի» անտառտնտեսություն ու ասել, թե ամբողջ Հայաստանի որսագետների կազմը`մոտ 70 մարդ, կրճատվել է: «Եթե ամբողջ որսագետների կազմը կրճատվում է, էլ անտառում կենդանի կմնար»,-հարցրեց Գագիկը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության և պաշտպանության բաժնի պետ Արտաշ Մանասերյանից հեռախոսով մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ Լոռու անտառների կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության վիճակի մասին:
«Մարտուն Մաթևոսյանը հանրապետությունում չէ, գլխավոր անտառապետ Պետրոսյանն էլ տեղում չէ, առանց նրա թույլտվության չեմ կարող տեղեկություններ հաղորդել, ինձ համար անախորժություններ կառաջանան»,- ասաց Ա. Մանասերյանը:
Շնողի անտառապետության անտառապետ Սերգեյ Շախկյանն ասաց, որ որսագետներին կրճատելուց հետո վայրի կենդանիների պահպանությունը հանձնվել է անտառապետերին: Ս. Շախկյանը վստահեցրեց, որ վերջին մի քանի ամիսներին ուժեղացված հսկողություն է սահմանվել Լալվարի անտառտնտեսության անտառներում: «Իրականում մենք տեղյակ չենք, թե մեր անտառներում ինչքան վայրի կենդանիններ կան: Մենք այդպիսի հաշվառում չունենք: Տեղյակ չենք ապօրինի որսագողության փաստերի, այդպիսի հսկողություն չենք իրականացրել»,- խոստովանեց Դսեղի անտառտնտեսության պետ Վահե Քառյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել