HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Դեռ թա՞ց եք

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված հասարակական պայքարը, որի հիմնական ասպարեզը դարձավ Բաղրամյան պողոտան, կարճ ժամանակում ծնեց առատ եւ բազմազան «բանահյուսություն»։ Հոդվածը այս ծավալուն նյութի նախնական վերլուծության փորձ է։

Կարելի է առանձնացնել այս ընթացքում շրջանառող կարգախոսների, նշանների եւ պատկերների երեք խումբ։ Առաջին խմբի կարգախոսները Ես-ի (տեղական «մենք»-ի) եւ ուրիշի («նրանք»-ի) միջեւ հակամարտության մասին են։ Մյուս խումբը կազմում են տվյալ տեղին եւ տեղային համայնքին վերաբերող ինտիմ-տեղային կարգախոսները։ Վերջին խմբում ավելի մեծ հանրության, հավաքական «մենք»-ին հղող պնդումներն են։ Այս խմբերի միջեւ սահմանները հստակ չեն, որոշ նշաններ կամ պատկերներ կարող են միաժամանակ պատկանել խմբերի:

Սկսենք առաջին խմբից, որի պնդումները, բացի նախաձեռնության գաղափարն ու նպատակը հայտարարելուց. «Ո՛չ՝ թալանին», «Չե՛նք վճարելու» եւ այլն, մարմնավորում են հակադրությունն ու ըմբոստությունը։ Տնկած միջնամատով ձեռքը, էլեկտրական լամպի պատկերը՝ ներսում բռունցք, «Էս չջրվավ», «Ինչքան ջրեք՝ կաճենք» կարգախոսները, «ես»-ի եւ «նրանք»-ի, «իմ»-ի եւ «ձեր»-ի («բիբինի», «ջրցանի») մասին պնդումներն այս շարքից են։ Իշխանության այս կամ այն ատյանի հետ ունեցած տարաձայնությունը արտահայտման տարբեր ձեւեր է գտնում՝ բռնությանը ծաղրով արձագանքելուց մինչեւ խոսքը հայհոյանքի նմանությամբ կառուցելը:

Չպետք է մտածել, թե այս հաղորդակցական զեղման աղբյուրը միատարր հանրություն է: Թեեւ ագենտությունը հիմնականում վերագրվում է երիտասարդությանը, բայց երիտասարդությունն էլ կարող է լինել բազմազան սոցիալական խավի, կրթության եւ այլ առումներով։ Մանրամասներ ունենալու եւ դրանց հիման վրա ավելի տարբերակված մեկնաբանություններ անելու համար պետք կլիներ անել ազգագրական բնույթի հետազոտություն։

Երկրորդ խումբը ամենափոքրն է, եւ սա շատ բնութագրական հանգամանք է։ Գուցե հենց այստեղ են առավել շեշտված ձեւով արտահայտվում նախաձեռնության կարճատեւությունը եւ, չնայած դրան, ապրած փոխակերպումները։ Չմոռանանք նաեւ տարատեսակ ճնշումների մասին թե հակառակորդների, թե յուրայինների կողմից։ Այս հարցը մի քիչ ավելի մանրամասն կքննարկվի ստորեւ։

Այս խմբում ամենահայտնի նշան-այլաբանությունը թերեւս «ElectricYerevan»-ն է։ Բայց բռնության միջով անցածների հանրության առավել նուրբ ինքնաբնութագրումներից մեկը «թաց» լինելն է. «Թա՞ց ես։ Ե՛ս էլ»։ Հրաշալի տարբերանշան՝ երեւանյան կիզիչ արեւի եւ իշխանության աչալուրջ հայացքի ներքո յուրայիններին ճանաչելու համար։ «Բաղրամյան պողոտան դեռ թաց է» նախադասությունը սահմանում է իրադարձության տեղը որպես փոխակերպված, որպես ուրիշ (որպես ուտոպիական տարածություն. 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում առաջ եկած ճամբարում մնացողներից շատերը իրենց համայնքի մասին խոսում էին այսպես. «ուրիշ երկիր երկրի մեջ»)։ Տարբերությունը այն է, որ 2008-ին  համայնքն առաջ էր եկել մարտի 1-ի բռնությունից առաջ, իսկ հիմա՝ բռնությունից հետո, հենց բռնությամբ:

Անհնազանդությունը, ըմբոստացումը ուտոպիական ժեստ է, քանի որ մերժում է եղածը, ենթադրում է ուրիշ լինելու հնարավորությունը։ Այստեղ ուրիշ մարդիկ են, որոնց հանրությունը ձեւավորվում է փորձառության ընդհանրությամբ, մասնավորապես՝ «թաց»-ությամբ, որն էլ ծնում է նրանց իրար կապող մտարմության նոր եւ ըստ ամենայնի՝ վաղանցուկ եղանակներ:

Սովորաբար, ստեղծագործականության համար բարենպաստ նման պայմաններում բուռն կերպով առաջ է գալիս, սաղմնային վիճակում ուրվագծվում է որոշակի ենթամշակույթ, տարատեսակ նշաններ ու ժեստեր, կարգախոսներ, պրակտիկաներ ու ծեսեր: Մյուս կողմից՝ այսպիսի տարածությունում համախմբման ավելի մեծ ազատություն են գտնում գոյություն ունեցող «ենթամշակութային» կազմավորումների ներկայացուցիչները, ում գուցե այստեղ է բերում տարբերություն ներկայացնող, տարբերության նկատմամբ հանդուրժող միջավայրի առկայության հավատը: 

Երգն ու պարը հզոր միջոցներ են տեղը յուրացնելու, տեղի նկատմամբ հավակնությունները նորից ու նորից հաստատելու, ինքնաբուխ ձեւով առաջ եկած բազմությունից որոշ հավաքականություն կազմելու համար, բայց շատ ավելի անկասելի է գաղափարաբանական ուժը, պատկանելության հրամայականը, որ հատկապես ժողովրդական, հայրենասիրական երգն ու պարը բերում են իրենց հետ, որով փոքրիկ համայնքը (եւ նրա փխրուն ենթամշակույթը) շարունակ վերադարձվում եւ իր լիազորությունները կորցնում է անդրդվելի, հեղինակավոր մեծի, հազարամյա մայր մշակույթը մարմնավորողի հավակնությունն ունեցողի մեջ: Հավաքական պատկանելության վերահաստատումը հեշտությամբ վերածվում է հավաքական նարցիսության ծեսի։

Եւ այստեղ հասնում ենք կարգախոսների երրորդ խմբին, որոնք վերաբերում են հավաքական «մենք»-ին։ Սրա ամենահստակ նշանը ՀՀ դրոշն է։ Նշենք եւս մի քանիսը. «Երկիրը երկիր է դառնում» կարգախոսը, «Էրեբունի-Երեւան» երգը, դհոլ-զուռնա-քոչարին, ինչպես նաեւ «ազգ»-ը, «հայրենիք»-ը վկայակոչող այլ նշաններ։ Հասկանալի է, պետական կառույցների դեմ ուղղված անհնազանդության համար պետական խորհրդանիշը՝ դրոշն օգտագործելը ազդարարում է անվստահությունը կառավարության եւ վերապահումը նրա լեգիտիմության նկատմամբ։

Միեւնույն ժամանակ, «Մենք ենք տերը մեր երկրի», «Հայաստանը մերն ա» տիպի պնդումները, որոնք կարող են մտնել նաեւ իմ դասակարգման առաջին խմբի մեջ, ուղղակիորեն իրագործում են տեղափոխությունը «ես»-ի եւ «մենք»-ի միջեւ. տեղայինը, մասնակին դառնում է ազգային։ Բայց այս ժեստը, ինչպես արդեն ասվեց, խոստանում է ոչ այնքան ընդհանուրի յուրացում-փոխակերպում տեղայինի կողմից, որքան վերջինիս տարալուծումը, անհետացումը անորոշ ընդհանուրի մեջ: Գուցե մեկությունը հաղթահարելու այս անկարողության հեգնական արտահայտությունն է պաստառներից մեկը, որ ներկայանում է իբրեւ «Ուրիշ դրոշ»:

Եզրահանգում. փոխված երկրի առասպելը

Վերջին շրջանում նոր ձեւով ի հայտ է եկել երկիրը փոխելու, նոր երկիր կառուցելու նկատմամբ հավատը՝ հիմա արդեն մի կախարդական ժեստի օգնությամբ: Ասենք, ոմանց կարծիքով, այս տարվա ապրիլին Հանրապետության հրապարակում System of a Down խմբի համերգը փոխեց Հայաստանը։ Նման մի բան, ինչպես շատերը հավատում են, տեղի ունեցավ կամ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում. Հայաստանը փոխվում է, «Երկիրը երկիր է դառնում», եւ սա կարծես թե դառնում է ընթացիկ մեկնաբանությունների ամենասիրված թեման։ Եթե նկատում եք, երկու դեպքում էլ փորձությունը ջրի միջոցով եղավ. համերգի դեպքում՝ հորդառատ անձրեւի, իսկ Բաղրամյանում՝ ջրցան մեքենաների շիթերի։ Եւ Երեւանի երկու ամենապաշտոնական վայրերը՝ Հանրապետության հրապարակն ու Բաղրամյան պողոտան, դարձան նոր երկրի քաղաքացիական մկրտության ավազանները։

Արժե՞ հիշեցնել, որ երկրի, հասարակության փոփոխությունը այսքան պարզ, միանվագ կատարվող բան չէ։ Եւ եթե նույնիսկ ինչ-որ բան փոխվում է, արդյո՞ք վաղօրոք կարելի է իմանալ, թե հատկապես ինչը եւ ինչպես։ Եւ ինձ համար ավելի կարեւոր հարցը. նման իրադարձությունները պետք է փոխեն երկի՞րը, թե՞ հասարակության մեջ առաջ բերեն տարբերություններ, տարասեռություններ։

Այսպիսով, կարելի՞ է արձանագրել տեղային խմբային ինքնության՝ որպես ուրիշի կառուցման դժվարությունը, եթե ոչ՝ անհնարինությունը համատարած հավաքական ագրեսիայի պայմաններում։ Ազգային մարմինը տարասեռություններ չի հանդուրժում, եւ վերահաս վտանգի կանխազգացմամբ միանգամից գործի են անցնում մտավորականները, երգիչ¬դերասանները եւ մնացածը (որպես «կենդանի պատ», որպես մեկնաբաններ ու գնահատողներ եւ այլն), որոնց մտահոգությունը իբրեւ թե ազգի միասնությունը կամ միասնական վերափոխումը, իսկ իրականում ամուլ, տաղտուկ համասեռության պահպանումն է: Ոչ այնքան ոստիկանության ղեկավարների քարոզներն ու սպառնալիքները, որքան այս բոլոր «յուրայինների» ջանքերն են այսօր ազգի գիրկը վերադարձնում անառակ որդիներին, հետեւողականորեն ազգայնացնելով նրանց «լուսավոր դեմքերը» եւ մնացած բոլոր շեղումները նորմից։

Հ.Գ.

Ժամանակին Անգլիա տեղափոխված ընկերս Երեւան էր եկել եւ, երբ մի քանի օր առաջ հանդիպեցինք, առաջարկեց միասին գնալ Բաղրամյան պողոտա։ Նա ուզում էր օգնել ցուցարարներին, գնաց իմանալու, թե նրանց կարիքների համար ինչպես, ում կարող է փող տալ։ Կեսօր էր, ես պատսպարվեցի ծառի կարճ ստվերում։ Մոտակայքում երիտասարդ կինը բոլորին առաջարկում էր համտեսել «թարմ պոնչիկներ»։ Կարող էի ինձ ցուցարարի տեղ դնել եւ պոնչիկ ուտել, բայց դիմացա գայթակղությանը։ Ընկերս վերադարձավ, նրանից փող չէին վերցրել, բացատրել էին. «Ամեն ինչ ունենք»։ Գնացինք մոտակա սրճարանը՝ զրուցելու։ Ահա իմ գրեթե ամբողջ անմիջական առնչությունը Բաղրամյանում ծավալված այս իրադարձությանը։ Այս բացը ինչ-որ կերպ լրացնելու համար դիմեցի Հրանտ Գալստյանի օգնությանը։ Շնորհակալություն Հրանտին՝ օգտակար դիտարկումների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter