
Պատասխան տալու ժամանակը գալու է
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ստեղծել է մի վարչություն, որը պետք է ապահովի հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձը: Այսինքն՝ պետությունից գողացված, պաշտոնական դիրքի չարաշահմամբ կուտակված փողերի վերադարձն է ապահովելու այս կառույցը: Իհարկե, Ավակովը նման բան ստեղծելիս պետք է մտածեր, որ առաջինն այդ կառույցով պետք է անցնի երկրի նախագահ, օլիգարխ Պետրո Պորոշենկոն։ Հիմա Ավակովից այնքան էլ քաջություն չի պահանջվում նախկիններին «կուլակաթափ» անել։ Հիմա դժվար է ներկաների հետ այդպես վարվելը։ Թե չէ կստացվի, որ ամեն հաջորդը կգա ու կուլակաթափ կանի նախորդին։
Հայաստանում վաղ թե ուշ ստեղծվելու է նման մի կառույց, եւ այսօրվա պաշտոնյաները պետք է հասկանան, որ թալանով կուտակած իրենց հարստությունը վերադարձվելու է պետությանը: Իսկ այսօր կիսասոված անկողին մտնող երեխաների համար առանձին պատիժ են ստանալու: Ընկերներս ասում են, որ ես այդպես էլ չհասունացա, կյանքից հետ մնացի, իմ ասածը հեքիաթի է նման: Իսկ ես շարունակում եմ ասել նույն բանը` պատասխան տալու ժամանակը գալու է:
Երբ քո աչքի առաջ ՀԷՑ-ի կոռուպցիոն մանրակերտն է, երբ պարզում ես, թե տարիներ շարունակ փողի ինչպիսի ստվերային հոսքեր են եղել այդտեղից դեպի տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ, զարմանում ես պաշտոնյաների «հանճարեղությամբ»: Բիբինն էլ ընկել էր մեղրի ամանի մեջ, որի շուրջ իրենց տարբեր տրամաչափի տարրաներով հերթ էին կանգնել պաշտոնյաները:
Իսկ ՀԷՑ-ին միշտ հավատարիմ ծառայած եւ իր հավատարմության չափով շռայլորեն վարձատրված Ռոբերտ Նազարյանին նոր պաշտոն է սպասվում: Նա հիմա հրեղեն ձիու վրա է, նույնիսկ ըմբոստ ելույթներ է ունենում: Դե Բիբինը հո չի ասելու, թե որքան էր վճարել նրան ամեն անգամ: Դրա համար Նազարյանը հիմա թամբին է նստել եւ ոտքերով խփում է ձիու կողերին: Իշխան Զաքարյանը միլիոնանոց դղյակ է սարքում, ասում են՝ փողը մի բարերար է տվել: Այդ բարերարը սոված երեխաներին չի տեսնում Հայաստանում, նա Հայաստանի բնակչությունից ընտրել է մեկին` հազվագյուտ տեսակին, վերահսկիչ պալատի նախագահին:
Իրենց աշխատավարձով, որով հազիվ պիտի գոյատևեին, միլիոններ են կուտակել, միլիոնավոր դոլարների դղյակներ կառուցել: Նայում ես պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին, մի մասը նվերներ են ստացել, հսկայական չափերի նվերներ, եւ այդ նվեր տվողները ընտրել են հենց այդ պաշտոնյաներին, հենց նրանց՝ այդ հազվագյուտ տեսակին: Նրանք այնքան երկարակյաց են իրենց պաշտոններում, որ չեն էլ պատկերացնում, որ յոթ դրամը մարդկանց համար կարեւոր է, որ հաց ու կարտոֆիլով սնվող բնակչության երեսուն տոկոսի համար դա հսկայական գումար է: Իսկապես այդպես է, նրանք չեն պատկերացնում, նրանք չեն էլ կարող պատկերացնել: Նրանց երեխաները երբեք սոված չեն քնել, նրանք հոսանքի, գազի փող վճարելիս, եթե իհարկե, իրենք են վճարում, երբեք չեն մտածել, որ մեծ է գումարը:
Հիմնականում այդ նույն կիսասոված ընտանիքների տղաներն են այսօր քառասուն աստիճան տապին զիվորական համազգեստով ժամերով հակառակորդի ուղղությամբ նայող զինվորները. այդ պաշտոնյաների տղաները չեն ծառայում սահմանին: Իսկ երեկ մի լրագրող ինձ հրավիրում էր ստուդիա, որպեսզի «ամփոփենք Բաղրամյան փողոցի ակցիաները»: Ես ասում եմ` բայց ես ով եմ, որ ամփոփեմ այդ ակցիան: Ես ընդամենը Հայաստանը նորմալ երկիր չկառուցած մի քաղաքացի եմ, ուրեմն վատ քաղաքացի, որովհետեւ վատ երկիր կառուցելուն եմ նպաստել:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել