
«Մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան 2011 թ.-ին»
«Համաշխարհային տնտեսության զարգացման առումով 2012-ը լինելու է բարդ տարի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին ղեկավար, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա` Հայաստանն այսօր պետք է նայի հիմնականում մեկ ուղղությամբ` Ռուսասատանի, որի տնտեսական վիճակն ուղղակի ազդեցություն է թողնում Հայաստանի վրա: Եվ եթե այսօրվա միտումները պահպանվեն, ապա 2012թ.-ին մասնավոր տրանսֆերտների մակարդակը դեպի Հայաստան կհասնի նախաճգնաժամային մակարդակի:
Բ. Ասատրյանի կարծիքով` կառավարությունը մինչև վերջ չի բացել իր խաղաթղթերը: Նրա մոտ հարց է առաջանում, թե արդյոք այս տեմպերով աճը բավարա՞ր է երկրի զարգացման համար: Նրա խոսքերով` անգամ նախկին տարիներին որակական աճ չի եղել: Ժամանակին չկարգավորվեցին տնտեսական խնդիրները, և «մենք շատ բանան ենք ուտում ոչ մեր կարողությունների հիման վրա»: Իսկ ճգնաժամը 90 %-ով նախորդ իշխանությունների մեղավորությունն է:
Միաժամանակ նա դրական գնահատեց (ըստ 2012թ.-ի բյուջեի) աքցիզային հարկի փոփոխությունը` 30%-ով հարկերի ավելացում: Ըստ նրա` դա խելամիտ քայլ է, և լավ է նաև բնակչութան առողջական տեսանակյունից: Ըստ Բ. Ասատրյանի` նախատեսված 100 մլրդ եկամուտների 55-60%-ը պայմանվորված է լինելու տնտեսական աճով և գնաճով: Բուն հարկային բեռը լինելու է մոտ 20 մլրդ, որը, ըստ նրա,այնքան էլ մեծ չէ. հարկային բեռի մեծ ծանրացում չի լինի:
Բ. Ասատրյանը նշեց, որ հայ հասարակության ամենամեծ խնդիրը սոցիալական բևեռացման հարցն է, որով նախկին ԽՍՀՄ եկրներում Հայաստանն առաջինն է: Բ. Ասատրյանի խոսքերով` հարկվում են ոչ թե եկամուտները, այլ` հասույթը:
«Էդ խեղճ օլիգարխները եկամուտ չունեն, եթե նրանց եկամուտներին նայես, փարոս, օգնություն պետք է տաս: Իրենց անունով նոմինալ եկամուտներ չկան: Ես ձեզ հայտարարում եմ, որ ես իբրև քաղաքացի շատ ավելի եկամուտ եմ ստանում և ավելի շատ եկամտահարկ եմ վճարում, քան 70 պատգամավորների 80-%ը: Հարկային օրենսդրությունը ոչ թե արդյունքից է հարկումն իրականացնում, այլ ստացված պահի աղբյուրից», - հայտարարեց Բ. Ասատրյանը:
Նրա խոսքերով`գները բարձրանալու են, և «օլիգարխները փորձելու են քաղաքացիների վրա իրացնելով` հավելյալ եկամուտները ստանալ»: Երկրի տերը «մի խումբ մարդիկ են, ովքեր զավթել են իշխանությունը», պատգամավորների մեծ մասի ԱԺ-ում գտնվելը հակասահմանադրական է, և արգելակում է երկրի զարգացումը: Պետությունը պետք է լուծի օլիգարխների խնդիրը, հակառակ դեպքում` «լավագույն օրենսդրական փոփոխությունն անգամ դատապարտված է» լինելու ձախողման: Պետք է լինի հակամենաշնորհային կարգավորում:
«Մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան 2011 թ.-ին ենք ապրել», - հայտարարեց Բ. Ասատրյանը:
Նրա խոսքերով`հարվածի տակ է ընկնելու նախ հասարակության սոցիալապես անապահով հատվածը: Իսկ առաջիկա տարվա ընթացքում սպասվում է պարենամթերքի գնի աճ, ինչը համաշխարհային միտում է: Երկրորդ` հարվածն ընկնում է պետական ծառայողների վրա, «ինչը ծրագրված է»: Նրա խոսքերով` չի կարելի պետական ծառայողին չվճարել ու նրանից ազնվություն պահանջել: Եթե պետական պաշտոնյաները չվճարվեն, համակարգը նորմալ չի գործի:
Բացի այդ` կնվազեն պաշտոնական դրամաշնորհները, և այդ խնդիրը պետք է իշխանությւոնները փորձեն լուծել:
Մեկնաբանել