HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ընտանիքը պահում են 3 անչափահաս եղբայրները

Բաբայանների 5 հոգանոց ընտանիքն ապրում է Նոր Խարբերդում` փոքր ու կիսախարխուլ տնակում: Ընտանիքի կարիքները հոգալու համար 3 տղաները` 17-ամյա Վոլոդյան, 15-ամյա Աբրահամը և 13-ամյա Գոռը աշխատում են օրավարձով:

Ավագ տղաները մի քանի տարի առաջ են սկսել աշխատել, ինչի պատճառով ուսումը կիսատ են թողել. 9-րդ դասարանից հետո երկուսն էլ դպրոցից դուրս են եկել: Այս տարի նրանց հետ միասին աշխատում է նաև 7-րդ դասարանցի Գոռը:

Տղաներն ապրում են հոր՝ Վահանի  եւ տատի՝ Օսաննայի հետ: Մայրը մոտ տաս տարի առաջ լքել է ընտանիքը, և վաղ տարիքից երեխաներին խնամել ու մեծացրել է տատը:  

«Որ ոտս սենց չէր, աշխատում էի, ստեղծում էի, պահում էի, բայց հիմա չեմ կարում», - ասում է Օսաննան` բացատրելով, թե ինչու են երեխաները սկսել վաղ տարիքից աշխատել:

Մոտ 3 տարի առաջ Օսաննան ընկել է և կոտրել ոտքի խնձորակը: Սկզբում ճիշտ բուժում չի նշանակվել, այնուհետև վնասված հատվածի շուրջ վերքերը ավելացել և խորացել են: Երբ որոշ ժամանակ անց Օսաննան կրկին հետազոտվել է, բժիշկներն ասել են, որ նա կարող է ինքնուրույն քայլել, եթե ոտքը պրոթեզավորվի: Սակայն վիրահատության համար անհրաժեշտ գումարը նրանք չունեն:

Այժմ Օսաննայի աջ ոտքի վերևի հատվածից մինչև ծունկը անշարժ է: Վերջինս հենակներով է քայլում, և պարբերաբար սուր ցավեր է ունենում: Երբ նա հիվանդ պառկած էր, տղաները ընտանիքը պահելու համար սկսեցին աշխատել, բայց և աստիճանաբար հետ մնացին ուսումից: Սկզբնական շրջանում ավագները աշխատում էին, փոքրը տանը տատիկին էր խնամում:

Տղաների հայրը`Վահան Բաբայանը, տարիներ շարունակ լյարդի լուրջ հիվանդություն  ունի: Բժիշկները ժամանակին կարողացել են կանխել, որ հիվանդությունը ցերոզի չվերածվի, բայց Վահանը վերջանականապես չի ապաքինվել: Այդ պատճառով էլ նա չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել, մորը և տղաներին օգնում է կենցաղային հարցերում:

«Որ սենց չլինեի, ես դեռ իրանց կպահեի, սենց չէին լինի, դպրոց կգնային, լրիվ կավարտեին, - ասում է Օսաննան: - Հիմա որ սենց եմ, տան գործն էլ են իրանք անում: Ճիշտ է`լավ հարևաններ ունեմ, գալիս են, օգնում են, բայց դե հարևանն էլ ինչքա՞ն անի»:

Տղաները կայուն աշխատանք չունեն: Սեզոնից կախված տարբեր աշխատանքներ են անում: Այժմ Վոլոդյան աշխատում է շշերի գործարանում, որտեղ շշերը հավաքում և տեսակավորում է: Աբրահամը և Գոռն էլ առավոտ շուտ գնում են այգիներ`  ծիրան հավաքելու, երեկոյան հետ են գալիս: Գոռը ոգևորված պատմում է, որ չնայած այս տարի առաջին անգամ է նման աշխատանք անում, բայց «ընտիր ծիրան է հավաքում»: Այնուհետև տղաներն օգնում են ծիրանը տանել շուկա և վաճառել: Մինչև ծիրանի հասնելը Գոռն արդեն հասցրել էր թութ վաճառել, այժմ էլ սպասում է, որ մոշի սեզոնն սկսվի:

Բերքահավաքի սեզոնից հետո տղաները փորձում են այլ աշխատանք գտնել, պարբերաբար շիշ ու մետաղ են հավաքում,  հանձնում, կամ էլ ծանոթները օրավարձով որևէ աշխատանք են առաջարակում:  

«Եթե չաշխատեին, սովամահ կլինեին, կկոտորվեին, - ասում է Օսաննան: - Ճիշտ ա` մտածում եմ, որ իրանք ուսումից հետ մնացին, բայց դե իրանց ապրել էլ ա պետք: Իմ առաջնային խնդիրը իմ ոտի կանգնելն է, որ իրանց համար անեմ: Բա ես կուզեի՞ իրանք էս տարիքից աշխատեն, սենց դաժան մանկություն ունենան: Բայց հիմա մինչև էս էրեխեն տունը չլինի, ես հաց էլ չեմ կարում սարքեմ»:

Նրանց փոքր տնակը բաժանված է երկու սենյակների, որտեղ 5 հոգով հազիվ են տեղավորվում: Ձմռանն ավելանում է նաև վառարանը: Այժմ Գոռն ուրախ է, որ եղանակը տաք է: Նա ցույց է տալիս բակում` տան մուտքի մոտ դրված իր անկողինը, որտեղ քնում է:

«Ձմռանը Գոռիկը վառարանի մոտ կծկված քնում ա, էդ սաղ խոնավությունն էլ էրեխուն ա անցնում: Բայց դե ի՞նչ անենք, տեղ չունենք», - ասում է Օսաննան:

Տնակը փայտից է, իսկ պատերի և տանիքի գրեթե բոլոր անկյունների շուրջը լայն անցքեր ու ճաքեր են: Տեղումների ժամանակ  ջուրը տուն է լցվում: Ամեն տարի նրանք այդ բաց հատվածները ցելոֆանապատում են, բայց հորդառատ անձրեւների  ժամանակ ցելոֆանները պարբերաբար վնասվում են: Այս տան միակ զարդարանքը երկու պատերից փակցված նկարներն են, որոնցից մեկը վերջերս Աբրահամն է տատին նվիրել:

Օսաննան պատմում է, որ ժամանակին սեփական տներ են ունեցել, սակայն թե՛ որդու հիվանդության, թե՛ այլ կարիքների պատճառով վաճառել են: Վերջին գումարներով կարողացել են ձեռք բերել տեղի մոտ 300 ք/մ տարածքը: Արդեն մոտ 10 տարի է`այս տնակում են ապրում: Սակայն տարածքը սեփականաշնորհված չէ, որովհետև դրա համար գումար չունեն:

«Եթե շինանյութը լինի, թե՛ տղաները, թե՛ հարևանները կօգնեն, տուն կսարքենք:  Խմելու, օգտագործելու ջուրն էլ կրում են էրեխեքը: Էստեղից մի 200 մետր հեռավորության վրա ա ջուրը, ամեն օր մի 100, 200 լիտր ջուր են բերում», - ասում է Օսաննան:

Վերջինս երազում է, որ տղաները արհեստ սովորելու, իրենց կայուն աշխատանքն ունենալու հնարավորություն ունենան: Ասում է`Աբրահամը ձեռքից շնորհքով է, ամեն ինչ կարողանում է սարքել:  Աբրահամը քչախոս է:  Այնինչ, Գոռը ակտիվ է, տատի ասածներին անընդահատ  միջամտում է: Նա ասում է, որ բանակում ծառայելուց հետո սեփական գործ է ունենալու:  

«Եթե զինվորական գործ լինի, էլի լավ ա, կարող ա աշխատեմ, բայց էդ բանակի հետ կապ չունի, ես 2 տարին պետք ա անպայման ծառայեմ:  Հետո կգամ, կաշխատեմ, - ասում է Գոռը: - Պետք ա էնքան աշխատեմ, որ իմ տունն ունենամ, հետո էլ մեքենան: Մինչև իմ տունը չունենամ, չեմ ամուսնանալու: Թե չէ մինչև էդ ամուսնանամ, ես էդ աղջկան ո՞ւր տանեմ»: 

Աբրահամն ասում է, որ շատ է հոգնում, «մտածելու ժամանակ չի լինում», բայց հիմա իր համար առաջնայինը տատի վիրահատությունն է:

«Աբրահամը ամենատանջված երեխան ա, 3 օրականից պահել եմ: Ոնց ասած` ինքը հոգս տանող էրեխա ա, մտածում ա ոնց անեմ հայթայթեմ, ստեղծեմ: Շատ աշխատասեր ա, մինչև իմ ընկնելն էր արդեն սկսել էր աշխատել», - պատմում է Օսաննան:  

Ընտանիքի միակ կայուն եկամուտը Օսաննայի թոշակն է: Ասում է`փաստաթղթերը դասավորել են, և այս ամիս առաջին անգամ նաև նպաստ են ստանալու: Տղաների հայրը հաշմանդամության կարգ չունի, և թոշակ չի ստանում:

«Էրեխեքն են աշխատում, ինչ կարում են, ստեղծում են, էդ ա, իրանք իրանց պահում են», - ասում է Օսաննան: - Համայնաքապետարան գնացել եմ օգնության համար, 10 հազար, 15 հազար: Զզվել եմ, էլ չեմ էլ գնում, չեմ ուզում էդ գումարը, ամեն անգամ ոնց որ ողորմություն ուզեմ: Ոչ մի բան չեմ ուզում, մենակ ուզում եմ` ես կարողանամ ոտի կանգնեմ, իմ թոռներին պահեմ»: 

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter