
Շողեր Հակոբյան. «Մենք ընտանիքով ենթարկվում ենք քաղաքական հետապնդման»
Պահեստազորի մայոր, հայոց բանակում 20 տարի ծառայած 39-ամյա Արմեն Հովհաննիսյանը 1 տարի 6 ամիս է՝ բանտում է: Անցյալ տարի նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման «Արժեքների հեղափոխության» կամ ինչպես ասում են` «Շանթ Հարությունյանի ու ընկերների» գործով: Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է Արմեն Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը: «Վարդաշեն» ՔԿՀ վարչական հանձնաժողովը նրան ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է` հաշվի չառնելով նրա անցած մարտական ուղին: Այս մասին մեզ տեղեկացրեց Արմեն Հովհաննիսյանի կինը` Շողեր Հակոբյանը` նշելով, որ վերջերս էլ դիմել է բանտի ղեկավարությանը, որ իրեն էլ տեղափոխեն Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի խուց:
Արմենը ծնվել է Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել Հայաստան, ապրել են Քաջարան քաղաքում: Դպրոցն ավարտելով՝ ապագա զինվորականը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու տեղի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում: Ապա նա վերադարձել է հայրենիք, անցել ծառայության՝ մոտ 20 տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ Իջևանում, Սովետաշենում, Կապանում ու Վայքում: Վերադաս հրամանատարության կողմից բնութագրվել է որպես կարգապահ, բարձր պրոֆեսիոնալիզմով զինվորական: Բանակաշինության գործում ունեցած ներդրման համար Արմեն Հովհաննիսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», արիության համար 1-ին, 2-րդ աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20 տարվա հոբելյանական մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Շողեր Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում ոչ միայն ամուսինը, այլև ինքը: Մասնավորապես` թե պետական, թե մասնավոր սեկտորում գործատուները հրաժարվում են նրան աշխատանքի վերցնել` այդպիսով նա դժվարությամբ է կարողանում Կապանում հոգալ անչափահաս երեխայի կարիքները. «Կապանը փոքր քաղաք է: Մարդիկ ամեն ինչ գիտեն իրար մասին: Ինձ վախեցած ասում են, ախր, որ քեզ գործի վերցնենք, հարկայինը կգա, ստուգումներ կսկսի: Ու իսկապես, նման նախադեպ եղել է, երբ մի քանի ամիս մի գործատուի մոտ անցա աշխատանքի, կարճ ժամանակ անց հարկայինը ստուգումներ սկսեց: Կապանում նաև ասում են, որ Արմենը դուրս գա, լավ կլինի գնաք: Բայց մենք մեր երկրում ենք ուզում մնալ»,- պատմեց Շողեր Հակոբյանը: Հարցին, թե ինչպես է կարողանում հոգալ ֆինանսական հարցերը առանց ընտանիքի կերակրողի, պատասխանեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել. «Կենցաղային հոգսերն այնքան չեն մտահոգում, ինչքան անարդարությունը, քաղաքական հայացքի համար մարդուն դատապարտելը»:
Շողեր Հակոբյանն աշխատել է նաև որպես զինվորական: Այս փուլում պատրաստել է բոլոր փաստաթղթերը, որ զորամասերից մեկում դարձյալ անցնի ծառայության, քանի որ թափուր հաստիք է եղել. «Ինձ ասացին, որ ամեն բան նորմալ է, շուտով կարող եմ անցնել աշխատանքի: Մի քանի ամիս սպասելուց հետո հասկացա, որ արհեստականորեն խոչընդոտում են, հասկացա, որ Արմենի քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև իմ նկատմամբ: Հետո համակարգի հետ սերտ կապեր ունեցող մի քանի մարդիկ, ովքեր խնդրել են իրենց անունները չհրապարակել, ինձ ասացին, որ իմ գործերի ընթացքը կասեցրել են հակահետախուզությունից: Փաստացի ստացվում է, որ մենք ընտանիքով ենթարկվում ենք քաղաքական հետապնդման»,- մեզ հետ զրույցում ասաց Շողեր Հակոբյանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել