
Շիրակում պետգնումների պայմանագրերը բաժին են հասնում իշխանությունների մտերիմներին ու ՀՀԿ անդամներին
Կառավարությունը «հրատապ ծրագրով» 2014 թ. Շիրակի մարզին հատկացրել է 660 մլն դրամ, որից 296,4 մլն դրամը՝ կրթական օբյեկտների հիմնանորոգման, իսկ 363,6 մլն դրամը՝ ճանապարհաշինության համար: Շիրակի մարզպետարանը բոլոր պայմանագրերը կնքել է բանակցային ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Արդյունքում պայմանագրեր են կնքվել այնպիսի ընկերությունների հետ, որոնց ղեկավարները կամ իշխող ՀՀԿ անդամ են, կամ էլ նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունեն:
«Ուստիան» ՍՊԸ-ի հիմնադիրները ամուսիններ են: Անուշավան Սիմոնյանը և Էլմիրա Կարապետյանը 95/5 հարաբերակցությամբ տնօրինում են ընկերության բաժնեմասը: Անուշավան Սիմոնյանը ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահն է, իսկ կինը՝ Էլմիրա Կարապետյանը, եղել է Նոր Ախուրյան համայնքի հիմնական դպրոցի տնօրենը:
«Ուստիան» ՍՊԸ-ն 2014 թ. մոտ 20 մլն դրամի շինաշխատանքներ է իրականացրել Շիրակի մարզում:
Ընկերությունը 10,6 մլն դրամով մասնակի վերանորոգել է Բասեն համայնքի դպրոցի մարզադահլիճի տանիքն ու հատակը, իսկ 14,2 մլն դրամով վերանորոգել է Կառնուտ համայնքի դպրոցը:
Նշենք, որ նախորդ տարի «Ուստիան» ՍՊԸ-ին է վստահվել նաև Ազատանի գյուղապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները, որն արժեցել է 7,4 մլն դրամ:
«Շինկարկաս» ՍՊԸ-ն 11 մլն 620 հազար դրամով 2014-ին վերանորոգել է մարզի Հայկավան համայնքի դպրոցի տանիքը: Ընկերության հիմնադիրները նույն ընտանիքի անդամներ են՝ Դշխուհի Հարությունյանը և Ավետիք Հարությունյանը: Նրանք ընկերությունը իրար մեջ կիսել են 30/70 հարաբերակցությամբ: Ավետիք Հարությունյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (նախկինում՝ Հայ-ամերիկյան տնաշինական միավորում) ղեկավարն է և մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ:
«Լևոն և Լիլիթ» ՍՊԸ-ի հիմնադիրը Արթիկի համայնքապետարանի ավագանու նախկին անդամ, Հյուսիսային համալսարանի Արթիկի մասնաճյուղի տնօրեն Դերենիկ Հովհաննիսյանն է: Նա 2010-ին ամբողջությամբ դուրս է եկել ընկերությունից և 100 % բաժնեմասը հանձնել է որդուն՝ Լևոն Հովհաննիսյանին:
«Լևոն և Լիլիթ» ՍՊԸ-ն 2014-ին 9,3 մլն դրամով վերանորոգել է Վարդաքար համայնքի մշակույթի տան տանիքը:
Մարզում ամենաակտիվը «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերը եղբայրներ են՝ Արմեն և Հովհաննես Տոնոյանները:
Այս ընկերությունը միայն 2014 թ. Շիրակի մարզպետարանի հետ կնքել է 120 մլն դրամի պայմանագիր: Այդ գումարով վերանորոգվել է Գյումրի համայնքի Շիրակացի փողոցը:
Նշենք, որ «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն նախորդ տարիներին ևս մասնակցել է «հրատապ» ծրագրերին: Օրինակ՝ 2012-ին միայն այս ընկերության հետ կնքվել է 179 մլն դրամի պայմանագիր՝ Գյումրի համայնքի Մուսայելյան, Գորկու փողոցների վերանորոգման և «Մուշ-2» թաղամասի նորակառույց դպրոցի հարակից ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար: Մարզում խոսվում է, որ նրանք ևս «պատահական» մարդիկ չեն:
Շիրակի մարզում տարիներ շարունակ պատկերը մնացել է նույնը: Նույն ընկերությունները գրեթե ամեն տարի պետգնումների պայմանագրեր են կնքում և պետբյուջեից գումարներ են ստանում: «Հետքը» դեռևս 2007-ին անդրադարձել էր այս ոլորտին: Պատկերը կարծես թե նույնն է՝ ամեն ինչ ձևական է, և գումարներ աշխատելու հնարավորություն է ընձեռվում «թիկունքով» ընկերություններին:
Մեկնաբանել