Նաստասյա Կինսկի. «Պետք է սովորես, երբ պարտվում ես և շարունակես առաջ գնալ»
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է դերասանուհի Նաստասյա Կինսկին: Վերջինս Երևանում առաջին անգամ է:
«Արվեստը տիեզերական երևույթ է, և այնքան շատ մարդիկ կան այդ աշխարհում, ովքեր դրա մասն են կազմում: Շատ մարդկանց եմ հանդիպել, ում հետ աշխատել եմ, ու երջանիկ եմ, որ այդ ամենի մի մասն եմ, - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է Ն. Կինսկին: - Այն ռեժիսորները, ում հետ աշխատել եմ, իմ կյանքի մի մասն են: Ես սիրում եմ նրանց բոլորին, և շնորհակալ եմ ինձ տրված հնարավորությունների համար»:
Գերմանական ծագում ունեցող դերասանուհուն ճանաչում է բերում Ալբերտո Լատուդայի 1978 թ.-ին նկարահանած «Եղիր ինչպես կաս» ֆիլմը: Այնուհետև սկսում է երիտասարդ դերասանուհու հաջողությունների շրջանը: 1979 թ.-ին, երբ 18 տարեկան էր, նա նկարահանվում է Ռոման Պոլանսկու «Թես» ֆիլմում: Այժմ, հիշելով նկարահանման շրջանը, Նաստասյա Կինսկին պատմում է, որ նախքան նկարհանումները որոշ ժամանակ ապրել է գյուղում, կատարել գյուղական աշխատանք, որպեսզի կարողանա հաջող ներկայացնել կերպարը: Քրտնաջան աշխատել է, որովհետև իր ռեժիսորը, ինչպես բոլոր մեծ ռեժիսորները, բավականին պահանջկոտ էր: Հանդիսատեսի դատին հանձնելուց հետո ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ: 1981 թ.-ին այն ներկայացվեց «Օսկարի» 6 անվանակարգերում, որոնցից շահեց 3-ը: Իսկ նույն թվականի «Ոսկե գլոբուս» կինոփառատոնի շրջանակներում հաղթեց «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում: «Ոսկե գլոբուս» է ստանում նաև Նաստասյա Կինսկին:
Այնուհետև 1982 թ.-ին դերասանուհին նկարահանվում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով» և Փոլ Շրեդերի «Կատու մարդիկ» ֆիլմերում: Հայտնի են նրա դերերը հատկապես Վիմ Վենդերսի ֆիլմերում`«Կեղծ շարժում», «Փարիզ, Տեխաս», «Այնքան հեռու, այնքան մոտ»:
«Եթե սիրում եք այն, ինչ անում եք, պետք է շատ աշխատեք, սովորեք այնքան, որքան հնարավոր է սվորել լավագույնից, - ասում է Ն. Կինսկին: - Սա այն է, ինչ ինձ են ասել: Եվ երբեք չընկճվել, ինչ էլ որ անում եք»:
Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը 2013 թ.-ին ներկայացված «Քաղցրավենիք» ֆիլմն է: Այժմ դերասանուհին իրեն փորձում է նաև որպես կինոռեժիսոր: Նա սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմերի շարք:
«Ես վավերագրական ֆիլմաշար եմ նկարհանում, որի հերոսները մեծ սպրորտսմեններն են: Նրանք սովորեցնում են մեզ, մեզ համար լավ օրինակ են, որ երազանքին հասնելու համար պետք է մեծ ջանք թափել, և դու պետք է սովորես և հաղթելը, և պարտվելը, – ասում է Ն. Կինսկին: - Եթե դու ջանասիրաբար աշխատում ես, դու հասնում ես վերելքին, և դա հրաշալի պահ է: Բայց պետք է նաև սովորես, երբ պարտվում ես և շարունակես առաջ գնալ»:
Բացատրելով, թե ինչու է որոշել հատկապես վավերագրական, և ոչ թե գեղարվեստական ֆիլմեր նկարհանել, դերասանուհին ասում է, որ առանձնահատուկ սեր ունի իրական աշխարհի նկատմամբ: Չնայած սիրում է նաև գեղարվեստական կինոն, բայց իրեն ավելի հոգեհարազատ է վավերագրականը:
«Ես շատ եմ ճանապարհորդում, և ինձ դուր է գալիս միայնակ շրջել փողոցով, ինչ-որ նոր բան բացահայտել, տեսնել քաղաքը, մարդկանց», - ասում է Նաստասյա Կինսկին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացել է Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Այս ծրագրում ներկայացվել են «Թես», «Փարիզ, Տեխաս» և «Մարիայի սիրեցյալները» ֆիլմերը: Փառատոնի բացման օրը`հուլիսի 12-ին դերասանուհուն հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար:
«Մենք բոլորս ունենում ենք վերելքներ և անկումներ: Ես մեծ հաջողություններ եմ ունեցել, և եթե անգամ որոշ բաներ չեն ստացվել, ես դրանք ընդունում եմ որպես իմ ճամփորդության մի մաս, - ասում է Ն. Կինսկին: - Մեզ բոլորիս պետք է խաղաղություն ու սեր, լինել միասնական, ինչպես նաև լինել նրանց հետ, ում սիրում ենք»:
Հուլիսի 16-ին Փոքր թատրոնում Նաստասյա Կինսկին ներկայացնելու է իր «Անհնարինը ոչինչ է» վավերագրական ֆիլմաշարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել