HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետի խորհրդականը չի ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագիր

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը, վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2014թ. մայիսի 17-ից: Մեկ տարուց ավել է Ս. Լոքյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացնում ոչ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի ու եկամուտների հայտարարագիր, ոչ էլ` տարեկանը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` «բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 15 օրվա ընթացքում ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը»:

Սերգեյ Լոքյանը բաց է թողել օրենքով նախատեսված բոլոր ժամկետները, սակայն նա պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվություն նախատեսված չէ: Օրենսդիրը հայտարարագիր ներկայացնել-չներկայացնելը թողել է պաշտոնյաների «բարի կամքի» վրա: Այս դեպքում Լոքյանը որոշել է չցուցաբերել բարի կամքը և չհրապարակել իր եկամուտները:

Նախկին նախարարի 28-ամյա որդին մի քանի ընկերություններում բաժնեմաս ունի: Օրինակ, նրան է պատկանում «Սեվադալ ՀԷԿ» ՍՊԸ-ի 40%-ը: Հաջորդ ՀԷԿ-ն, որտեղ Սերգեյ Լոքյանը 20% բաժնեմաս ունի «Այուդի-Լոս» ՍՊԸ-ն է: Այս ՀԷԿ-ի մասին «Հետքն» արդեն անդրադարձել է:

Սերգեյ Լոքյանը և ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգական Արամ Գուլոյանը 2007թ. հիմնադրել են «Սեկարդ» ՍՊԸ-ն: Մեկ տարի անց նրանք դուրս են եկել ընկերությունից և ՍՊԸ-ի միանձնյա սեփականատեր է դարձել վանաձորցի Վլադիմիր Իսպիրյանը:

Ըստ գույքի ու եկամուտների նախկին հայտարարագրերի, Սերգել Լոքյանն ամենևին էլ աշխատավարձի հույսով ապրող պաշտոնյա չէ: Օրինակ` 2012թ. հայտարարագրի համաձայն` Ս. Լոքյանի տարեկան եկամուտը կազմել է մոտ 30 մլն դրամ, որից միայն 2 մլն դրամն է աշխատավարձը, 4.8 մլն դրամը գույքի վարձակալությունից ստացած վճարն է, իսկ մնացածը` երկու ընկերություններից ստացած շահաբաժինները:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2011թ. վերջին Սերգեյ Լոքյանն իր հաշվին ունեցել է 55 մլն դրամ և 49 հազար դոլար: Մեկ տարի անց նրա հաշվին եղած դոլարային միջոցները զրոյացել են, իսկ դրամովը դարձել` 17.3 մլն:

2013թ-ին վարչապետի խորհրդականն ունեցել է 44.3 մլն դրամի եկամուտ, որից մոտ 34 մլն դրամը երեք ընկերություններից ստացված շահաբաժինն է: 2013թ-ին Սերգեյ Լոքյանը 63.4 և 8 մլն դրամով օտարել է երկու ընկերություններում ունեցած իր բաժնեմասը:

Ինչ վերաբերում է իր հաշվին առկա դրամական միջոցներին, ապա նշված տարում հայտարարագրել է ընդամենը 4 մլն դրամ:

Թե որքան է կազմում Սերգեյ Լոքյանի 2014թ-ի եկամուտները պարզ չէ, նա  հայտարարագիր չի ներկայացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter