Ռոբ Նիլսոն. «Պետք է լինեք պրակտիկ` կինոոլորտում երազելու համար»
Ռոբ Նիլսոնը համարվում է ամերիկյան անկախ կինոյի կենդանի դասականներից մեկը: Հենց նա է հիմնադրել Լոս- Անջելոսում անցկացվող անկախ կինոյի մրցանակաբաշխությունը: Նրա առաջին` 1978 թ.-ին նկարահանած «Հյուսիսային լույսերը» (Northern lights) ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակին: 10 տարի հետո նրա «Շոգը և արևային լույսը» (Heat and Sunlight) ֆիլմը ստացավ ԱՄՆ-ի անկախ կինոյի «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի գրան-պրի մրցանակը: Իսկ 1996-2007 թթ.-ի ընթացքում նկարահանած «9@night» սերիալն արժանացել է Մարլոն Ռիգսի անվան մրցանակին:
Ռոբ Նիլսոնը Հայաստան էր ժամանել «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ ՄԿՓ-ի շրջանակներում:
«Հետք»-ի հարցերին պատասխանում է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ռոբ Նիլսոնը:
Սովորաբար Ձեզ ներկայացնում են որպես անկախ կինոռեժիսոր: Ի՞նչ է նշանակում լինել անկախ կինոլորտում:
Հոլիվուդում բոլորն են անկախ, բայց ես անկախ չեմ: Դա զվարճալի է: Ես կախված եմ իմ բոլոր ընկերներից, կախված եմ, երբ օրինակ` նավակ եմ գնում, երբ մեկի դուռը թակելիս մտածում եմ`արդյոք նրանք կօգնեն ինձ, թե ոչ: Այսպիսով, ես անկախ չեմ: Ես կախված եմ ընկերներից, աշխարհով մեկ ինձ հետ համագործակցողներից, յուրաքանչյուրից, ով օգնում է ինձ ինչ-որ բան ստեղծել:
Հարցազրույցներից մեկում ասել եք, թե ` յուրաքանչյուր ֆիլմ ոչ թե կյանքի վերարտադրությունն է, այլ առանձին կյանք է: Երբ ավարտում եք ֆիլմը, կարծես թե մի կյանք եք ավարտում: Ո՞րն է այդ ֆիլմերի, «կյանքերի» միջև ընկած հատվածը:
Դա փորձառությունն է, որ մենք ունենում ենք նաև հենց հիմա այստեղ. Դուք չգիտեք` ես ինչ կասեմ, ես չգիտեմ` Դուք ինչ եք ուզում իմանալ: Երբ սա վերջանա, գուցե ես շարունակեմ համակարգչով աշխատել, զանգահարեմ` պատվիրելու հյուրանոց Նյու Յորքում, և սա էլ մեկ այլ փորձառություն է: Այն, ինչ տեղի է ունենում ֆիլմեր արանքում, փորձառությունն է:
Պատահում է այնպես, որ դու քո գործն ես անում, և երբ հանկարծ ֆիլմը վերջացնում ես, հասկանում ես, որ` ուաու, սա այն է, ինչ փնտրում էի, որտեղի՞ց սա եկավ: Ես սա անվանում եմ քնի ընթացք (sleep stream): Ես սկում եմ մտածել այդ երևույթի մասին, գուցե ես չշարունակեմ աշխատել այդ գաղափարի վրա և այդ միտքը մահանա նախքան ես կտեսնեմ այն ֆիլմի տեսքով: Բայց եթե այն իսկապես անհրաժեշտ է, ապա ես ֆիլմ կանեմ:
Պետք է հիշել, որ չես կարող ֆիլմ անել, եթե դու դա չես կարող: Օրինակ, հիշենք Ֆրենկ Սինտարային, ով երգում է երազել անհնարինի մասին երգը («The impossible dream»), քանի որ երազանքը հնարավոր է: Եթե ունես այս գաղափարը, պետք է իմանաս, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել քեզ: Եթե ես գումար չունեմ, դա չի կարող ինձ կանգնեցնել, եթե ես նավակ չունեմ, ես պետք է գտնեմ այն: Դուք պետք է լինեք շատ պրակտիկ կինոոլորտում երազելու համար: Գրականության մեջ այլ է, դու կարող ես վեպ գրել ցանկացած վայրում, բայց կինոյի դեպքում պետք է լինել պրակտիկ:
Փառատոնի շրջանակներում անցկացված վարպետության դասի ընթացքում Ռոբ Նիլսոնը ցույ տվեց իր «9@night» ֆիլմաշարից հատված, որը ստեղծվել է շատ փոքր բյուջեով: Այստեղ ներկայացված է Սան Ֆրանցիսկոյի վատ համբավ ունեցող, մեկուսացված, սեքս և նարկո բիզնեսի մեջ ներգրավված խավը: Ֆիլմն արժանացել է Հոլիվուդի «Silverlake» կինոփառատոնի «Lifetime Achievement» մրցանակին:
Այս ֆիլմով ուզում էիք ցույց տալ, որ ֆիլմ ստեղծելու համար կարևորը գաղափարն է, և ոչ թե փողը:
Այո, կարելի է այդպես ասել: Գեղեցկությունն ամենուր է, և կինոն ևս ամենուր է: Մարդիկ կան, որոնց ֆիլմ ստեղծելու նպատակը փող աշխատելն է: Բայց դու այլևս դրա կարիքը չունես: Սա բիզնես է, բայց ես բիզնեսի մեջ չեմ: Ես սիրում եմ գոյատևել, ես չեմ սիրում բիզնեսը: Ես սիրում եմ սահմանը, սիրում եմ գործարքը. իմ կինոն կարող է լինել քո կինոն, եթե դու չունես տեսախցիկ, կարող ես վերցնել իմը: Ես սիրում եմ այս փոխանակությունը: Այն պարզունակ է, բայց ես չեմ սիրում բիզնեսը և չեմ սիրում կինոբիզնեսը:
Բացի կինորավեստից Ռոբ Նիլսոնը զբաղվում է նաև գրականությամբ և նկարչությամբ: Նա հրատարակել է «From a Refugee of Tristan Da Cunha» և «Wild Surmise: A Dissident View» գրքերը, որտեղ ներկայացրել է իր փորձը և հայացքները կինոյի և արվեստի վերաբերյալ:
Ինչպե՞ս եք ընտրում լսարանի հետ հետ խոսելու միջոցը։
Շատ տարբեր է: Օրինակ, իմ առաջին ֆիլմի գաղափարը պարզապես կատակ էր, ընկերների հետ զվարճանալու եղանակ: Երբ բանաստեղծություն եմ գրում, դա ինձ մոտ գալիս է տխրությունից, զգայականից. երբ միայնակ նստած ես և դու ես քո միակ ընկերակիցը: Բայց ներշնչանքը կարող է գալ նաև ուրախությունից ու դրականից: Երկուսն էլ ինձ քաջալերում են գրել ֆիլմ ապրելու և մեռնելու մասին: Ես չգիտեմ որտեղից է գալիս ներշնչանքը, այն պարզապես գալիս է: Բայց բախտավոր եմ, որ ինձ մոտ կա ներշնչանքի հեղեղի հոսքը, որովհետև որոշ մարդկանց մոտ դա արգելափակվում է և նրանք չեն կարողանում արտահայտվել:
Արվեստի միջոցով կարծես դռներ եք թակում, որպեսզի Ձեր ձայնը լսելի դարձնեք: Բայց երբ է գալիս այն պահը, երբ զգում եք, որ պետք է լռել:
Գուցե հիմա (ժպտում և լռում է): Բայց մենք պետք է շարունակենք հարցազրույցը:
Նման հարցազրույցների ժամանակ ինձ թվում է, որ ես չափազանց շատ եմ խոսում: Երբ ես ինչ-որ բան խառնում եմ, թվում է, թե դրանից պղպջակներ են դուրս գալիս: Այդ ժամանակ ինձ կանգնեցնում է այն միտքը, որ պետք է ամեն ինչ դարձնել ավելի պարզ: Գուցե նույնն է նաև արվեստում: Գուցե ես կրկնվում եմ, գուցե ես դա արդեն արել եմ, ինչո՞ւ դա անել կրկին: Ինչո՞ւ ֆիլմ անել, եթե այն արդեն կա: Գուցե հույս ունես ինչ-որ բան հայտնաբերել, բայց և մոռացել ես, որ դա արդեն բացահայտել ես:
Բայց ես գիտեմ, որ շարունակելու եմ գործս այնքան ժամանակ, քանի դեռ ցանկանում եմ իմանալ` ինչպիսին է լինելու ֆիլմը, և քանի դեռ ունեմ ընկերներ, ովքեր աջակցում են ինձ:
Հարցազրույցի վերջում Ռոբ Նիլսոնը գրպանից հանում է փողայաին գործիքի լեզվակը ու սկսում անձայն փչել: Հետո ասում է. Երբեմն կարիք չկա, որ մարդիկ լսեն` ինչպես ես նվագում:
Մեկնաբանել