
Հայաստանի միլիոնատեր և միլիարդատեր մարզպետները
Քրիստինե Աղալարյան, Գրիշա Բալասանյան
Երբ ուսումնասիրում ես ՀՀ մարզպետների ներկայացրած հայտարարագրերը, թվում է, թե նրանց մեծ մասը միայն աշխատավարձով ապրող մարդիկ են: Բայց նույն մարզպետները թանկարժեք մեքենաներ են վարում, ունեն մեծ քանակությամբ անշարժ գույք և ներգրավված են տարբեր բիզնեսներում:
«Հետքն» ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը: Պարզվում է՝ նորանշանակ և ամենաերիտասարդ մարզպետ Կարապետ Գուլոյանը ամենահարուստն է: Իր դիրքերը Գուլոյանին է զիջել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ամենաերիտասարդ միլիարդատեր մարզպետը՝ Կոտայքից
2008թ.-ից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Կարապետ Գուլոյանը 2015թ.-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ: Վերջինս ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան:
2014թ.-ի վերջին նա ունեցել է 1,4 մլրդ դրամ և 94 հազար դոլար: Մինչդեռ նրա աշխատավարձը կազմել է 2,6 մլն դրամ:
Պաշտոնը ստնանձնելու առթիվ ներկայացրած հայտարարագրում մարզպետ Գուլոյանը հայտարարագրել է ավելի քան 1,3 մլրդ դրամ և 81,5 հազար դոլար: Սակայն այստեղ արդեն Կարապետ Գուլոյանը նաև գույքն է հայտարարագրել. հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը իր տնտեսական շինություններով և բազմաբնակարան շենքում ունեցած բնակարանը:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանի և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի (վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է) կանայք քույրեր են, և Գուլոյանների ընտանիքը համատեղ բիզնես ունի Աբրահամյանների և նրանց հարազատների հետ:
Սուրիկ Խաչատրյանը միլիարդների հասնող փոխառություններ է տալիս
Սուրիկ Խաչատրյանն իր քաղաքական կարիերան սկսել է Գորիսից՝ 1996թ. դառնալով Գորիսի քաղաքապետ: 1995, 1999, 2003թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Իսկ 2004թ. նշանակվել է Սյունիքի մարզպետ, և մեկ տարվա ընդմիջմամբ (2013-2014թթ.) վերանշանակվել և մինչ օրս ղեկավարում է մարզը:
Սուրիկ Խաչատրյանի հայտարարագրած կարողությունները հսկայական են: Նա հայտարարագրել է ավելի քան 215 մլն դրամի եկամուտ: Այս գումարից միայն 1,6 մլնն է նրա աշխատավարձը: Իսկ ավելի քան 16 մլն դրամը վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումն է եղել, շուրջ 200 մլն էլ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը: 1,5 մլրդ դրամ էլ կազմել են փոխառության գումարները:
Սուրիկ Խաչատրյանի եկամուտները, ըստ հայտարարագրերի, տարերային բնույթ են կրում: 2011թ-ի հայտարարագրում նա ընդամենը 2,4 մլն դրամի աշխատավարձ է ստացել: 2012-ին նա 4 մլրդ դրամի բաժնետոմս է ձեռք բերել, և 7 մլրդ դրամի էլ բաժնեմաս է օտարել: Նույն տարում նա 2,5 մլրդ դրամի դրամական միջոցներ է ունեցել և 1 մլն դոլար: 1,5 մլրդ էլ կազմել են հանձնված փոխառությունները:
2014թ.-ի պաշտոնը ստանձնելու ժամանակ նա հասարակական նշանակության շինություն ունեցել, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց և բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում: 1,6 մլրդ դրամի հանձնած փոխառություն է ունեցել, որի դիմաց ստացվել է 148 մլն դրամ: 12 մլն դրամ էլ եղել է վարձակալության դիմաց ստացված վճարը:
Արագածոտնի մարզի Սահակյան եղբայրները
Սարգիս Սահակյանը 2009 թվականից մինչ օրս զբաղեցնում է Արագածոտնի մարզպետի պաշտոնը: Այս տարիների ընթացքում նա հասցրել է պետական գնումների ոլորտ ներգրավել եղբորը` Նաիրի Սահակյանին: Վերջինս «Ես և Նա» ՍՊԸ-ի հիմնադիրն է և Արագածոտնի մարզում հիմնականում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով կնքում է պայմանագրեր հենց եղբոր ղեկավարած մարզպետարանի հետ:
Սարգիս Սահակյանն ասում է, որ իր եղբոր սիրտն ավելի շատ է ցավում իր համար, լավ գործ է անում, հետևաբար պետգնումների պայմանագրերի մի մասը կնքվում է հենց նրա հետ, որպեսզի բարեխիղճ աշխատի և իրեն ամոթով չթողնի:
Արագածոտնի մարզպետարանը Նաիրի Սահակյանի ընկերության հետ պայմանագիր է կնքում առանց մրցույթի՝ բանակցային ընթացակարգով: «Ես և Նա» ընկերության հետ կնքվում են հիմնականում խոշոր պայմանագրերը, որտեղ գումարային արժեքը մեծ է:
Սարգիս Սահակյանը իր գույքի ու եկամուտների հայտարարագրերում ցույց է տալիս, որ ապրում է միայն աշխատավարձով, այլ եկամուտներ չունի:
2011թ. Սարգիս Սահակյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 250 հազար դրամ, իսկ եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից՝ 2,5 մլն դրամ: Մեկ տարի անց` 2012թ. մարզպետն իր հաշվին ունեցել է 400 հզար դրամ, իսկ եկամուտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը`մոտ 3 մլն դրամ:
Արագածոտնի մարզպետը 2013թ. իր հաշվին դրամական միջոց չի ունեցել, իսկ եկամուտը դարձյալ աշխատավարձն է՝ 2,5 մլն դրամ: Անցյալ տարի մարզպետի վիճակը ավելի վատ է եղել, նա դրամական միջոց չի ունեցել, իսկ աշխատավարձը կազմել է 4,8 մլն դրամ:
Մարզպետի կինը` Մելինե Գենջոյանը, 2011թ. ոչ եկամուտ է ունեցել, ոչ էլ դրամական միջոց: 2012թ. նա հայտարարագրել է 0 դրամ, իսկ 2013թ. միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 528 հազար դրամ:
Մելինե Գենջոյանի 2014թ. հայտարարագիրը մնացել է անփոփոխ՝ մոտ 528 հազար դրամ աշխատավարձային եկամուտ և 0 դրամ դրամական միջոց:
Եկամուտ, որ գոյանում է նվիրատվությունից
Ռուբիկ Աբրահամյանը 2014թ. գարնանն է ստանձնել Արարատի մարզպետի պաշտոնը: մինչ այդ եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Նա պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 8-ի դրությամբ ունեցել է հողամաս և FORD COURRIER VAN 1.3 մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Նրա եկամուտը կազմել է մոտ 2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ հաշվին ունեցել է 7.6 մլն դրամ, 33.000 դոլար և 15,000 եվրո:
Կինը՝ Նաիրա Ներսիսյանը, 2014թ. ունեցել է 25.000 դոլարի «այլ եկամուտ», իսկ իր հաշվին եղել է 15 մլն դրամ, 21.000 դոլար և 16.000 եվրո:
Մարզպետի որդին՝ Գոռ Աբրահամյանը, 2014թ. դրամական միջոց չի ունեցել, սակայն եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 4 մլն դրամից և 11,000 դոլար նվիրատվությունից:
Մյուս որդին՝ Էմին Աբրահամյանը, որպես եկամուտ հայտարարագրել է միայն 10 մլն դրամ, որը դարձյալ նվիրատվություն է: Նա իր հաշվին որևէ դրամական միջոց չի ունեցել:
Արարատի մարզում Ռուբիկ Աբրահամյանը ևս գնումների գործընթացից անմասն չի մնացել: Նա «լավություն» է անում իր կուսակից՝ ՀՀԿ-ական գործարարներին: Օրինակ՝ 2014թ-ին խոշոր պայմանագրեր են կնքվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ:
«Չոր» աշխատավարձ, բայց մի քանի բնակելի տներ
Աշոտ Ղահրամանյանը «հնաբնակներից» է: Նա մարզպետ է նշանակվել 2008թ. դեկտեմբերին: Աշոտ Ղահրամանյանն իր ունեցվածքով աչքի չի ընկնում, իր անունով բիզնես չունի, սակայն, բնակելի տներ ունի Երևանում, Արմավիրի մարզում, ամառանոց Կապան քաղաքում:
Արմավիրի մարզում Աշոտ Ղահրամանյանը «ձևավորել» է իր շրջապատը և պետական ծրագրերը իրականացնում է նրանց ընկերությունների միջոցով: Օրինակ՝ իր ընկերոջ՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ին է վստահվում մեծ ծրագրերը: Դրանք իրականացվում են հատկապես Արմավիրի տարածքում, իսկ Էջմիածնում և հարակից գյուղերում ակտիվ է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն:
Աշոտ Ղահրամանյանը 2011թ. որպես դրամական միջոց, հայտարարագրել է 15,6 մլն դրամ, իսկ եկամուտները կազմել են 4,4 մլն դրամ, որից 1,7 դրամը կենսաթոշակն է, իսկ մնացածը` աշխատավարձը:
Աշոտ Ղահրամանյանի 2012թ. եկամուտի աղբյուրը և ստացած գումարը նույնն է՝ 4,4 մլն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցն ավելացել է` կազմելով 16,7 մլն դրամ:
2013թ. Արմավիրի մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 3.6 մլն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 18,3 մլն դրամ:
Նախորդ տարի Աշոտ Ղահրամանյանը որպես աշխատավարձ ստացել է 5,6 մլն դրամ: Դա եղել է իր միակ եկամուտը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, որպես այդպիսին հայտարարագրելէ 21,3 մլն դրամ:
Աշոտ Ղահրամանյանի կինը՝ Արփիկ Ղահրամանյանը, ով Արմավիրի «Դար-21» հիմնադրամի տնօրենն է, 2011թ. իր հաշվին ունեցել է 18,7 մլն դրամ, իսկ եկամուտը գոյացել է 1,2 մլն դրամ աշխատավարձից: Նշենք, որ այս հիմնադրամը տեղակայված է Արմավիրի մարզպետարանի շենքում:
Արփիկ Ղահրամանյանը 2012թ. եկամուտ չի ունեցել, սակայն հաշվին պահվող դրամական միջոցներն ավելացել են հասնելով մոտ 19,5 մլն դրամի:
2013թ. ստացել է 1,2 մլն դրամ աշխատավարձ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 20,6 մլն դրամ:
Մարզպետի տիկնոջ 2014թ. եկամուտի աղբյուրը և ստացված գումարը նույնն է՝ մոտ 1,2 մլն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 21,3 մլն դրամ:
Պատգամավոր էր, հետո դարձավ մարզպետ ու գումարները նվազեցին
Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր, 2012թ. հունիսի 28-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ:
Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը, պարզվում է, որ նա 2011թ. հայտարարագրել է մոտ 7 մլն դրամ եկամուտ, որից 4 մլն դրամը եղել է գույքի օտարումից ստացված միջոցները, իսկ մնացածը աշխատավարձն է: Ռ. Գրիգորյանի հաշվին որևէ դրամական միջոց չի եղել, սակայն տարվա վերջում ունեցել է տված փոխառություն՝ 8 մլն դրամի չափով: Բացի այդ, Ռ. Գրիգորյանը այդ տարի ձեռք է բերել 18 մլն դրամ արժողության NISSAN MURANO 2.0 մակնիշի ավտոմեքենա:
2012թ. ոչ փոխառություն է ունեցել, ոչ էլ դրամական միջոց: Միակ եկամուտը եղել է 5,7 մլն դրամ աշխատավարձը, սակայն մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում նշել է 7 մլն դրամ փոխառություն: Մարզպետն ունի անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով, ինչպես նաև երեք հողամաս:
2013թ. Ռաֆիկ Գրիգորյանը, որպես եկամուտ, ստացել է 2,8 մլն դրամ աշխատավարձ: Նույնքան դրամական միջոց էլ հայտարարագրել է որպես բնամթերքով ստացված եկամուտ: Անցյալ տարի Գեղարքունիքի մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 6,6 մլն դրամ:
Արթուր Նալբանդյանը հարուստ մարզպետների ցանկում է
Արթուր Նալբանդյանը 2011 թ. հուլիսի 28-ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Մինչ այդ եղել է Ալավերդու քաղաքապետը:
2011թ. նրա եկամուտները կազմել են 52.7 մլն դրամ և 80 000 դոլար, որից աշխատավարձը կազմել է 2 718 634 դրամը, մնացածը եղել է նվիրատվություն: Նշված տարում նրա հաշվին եղել է 53 մլն դրամ և 82 000 դոլար:
Ա. Նալբանդյանի 2012թ. եկամուտը կազմել է 5,7 մլն դրամ, որից 2,8 մլն դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներն են, իսկ մնացածը՝ աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել է 2,4 մլն դրամ և 208 350 դոլար:
8,7 մլն դրամի եկամուտ ստացել է 2013թ., որից մոտ 5 մլն դրամը տրված փոխառություններից ստացված եկամուտն է, իսկ մնացածը՝ աշխատավարձը: Հաշվին եղել է 1,6 մլն դրամ և 220 781 դոլար:
Արթուր Նալբանդյանի 2014թ. եկամուտը կազմել է 10,3 մլն դրամ, որից մոտ 5 մլն դրամը տրված փոխառություններից ստացված տոկոսագումարն է, իսկ մնացածը՝ աշխատավարձը: Լոռու մարզպետի հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1,2 մլն դրամ և 229 862 դոլար:
Արթուր Նալբանդյանի կինը՝ Նաթելա Մաթոսյանը, 2011թ. որպես եկամուտ հայտարարագրել է 600 000 դրամ աշխատավարձ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են մոտ 6 մլն դրամ:
2012թ. միակ եկամուտը երկու աղբյուրից ստացված աշխատավարձն է՝ 633 782 դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ:
Նաթելա Մաթոսյանը 2013թ. ստացել է մոտ 800 000 դրամ աշխատավարձ, իսկ հաշվին ունեցել է 6 մլն դրամ:
Նախորդ տարվա նրա աշխատավարձը կազմել է 820 000 դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները մնացել է նույնը՝ 6 մլն դրամ:
Աշխատավարձի հույսին՝ Վայոց ձորի մարզպետը
Հարություն Սարգսյանը 2014թ.-ի նոյեմբերին նշանակցվեց Վայոց ձորի մարզպետ: Իսկ մինչ այդ՝ 2008թ.-ից նա զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը:
Մարզպետի պաշտոնը ստանձնելու պահին Հարություն Սարգսյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, ավտոտնակ և MITSUBISHI PAJERO 3.0 L մակնիշի ավտոմեքենա և 2 մլն դրամ աշխատավարձ:
Պաշտոնը ստնանձնելուց հետո Շիրակի մարզպետի դրամական միջոցներն աճել են
Ֆիլիկս Ցոլակյանը Շիրակի մարզպետ նշանակվել է 2013թ.-ին: Պաշտոնը ստանձնելու ժամանակ նրա դրամական միջոցները կազմել են 13,8 մլն դրամ: 10,6 մլն դրամ էլ նա աշխատավարձ է ստացել: Ֆելիկս Ցոլակյանի դրամական միջոցները փոքր-ինչ աճել են մարզպետ դառնալուց հետո: Վերջին՝ 2014թ. հայտարարագրում նրա դրամական միջոցները հասել են շուրջ 17 մլն դրամի, 7,6 մլն էլ կազմել է աշխատավարձն ու մարզպետի թոշակը: Իսկ մինչ այդ նա ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ էր:
Կինը՝ Զինաիդա Բարսեղյանը այս տարիներին հատատուն գումար է հայտարարագրել՝ 6,6 մլն դրամ:
3 մեքենա՝ նույն տարում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ընտանիքում
Հովիկ Աբովյանը մարզպետ է նշանակվել 2014թ. մայիսին: Հենց նույն տարում էլ նա ձեռք է բերել 7,5 մլն դրամանոց TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մեքենան: 31,3 մլն դրամ և 110 հազար դոլար կազմել են նրա դրամային միջոցները, Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը ընդամենը 2,8 մլն դրամ է եղել: Հիշեցնենք՝ Հովիկ Աբովյանը մինչ մարզպետ դառնալը զբաղեցրել է Գուգարքի մաքսատան պետի պաշտոնը:
Պակաս հարուստ չէ նաև մարզպետի կինը՝ Աննա Ազատյանը: 101 մլն դրամ և 400 հազար դոլար եղել են նրա դրամական միջոցները, ընդ որում՝ տիկին Ազատյանը որևէ տեղից աշխատավարձ չի ստանում:
Մարզպետի որդին՝ Աշոտ Աբովյանը 2014թ. ձեռք է բերել MERCEDES-BENZ G55 AMG մեքենան 20 մլն դրամով: Դրամական այլ միջոցներ որդին չի հայտարարագրել, իսկ աշխատավարձը կազմել է ընդամենը 1,3 մլն դրամ:
Եվս մեկ մեքենա էլ նույն տարում ձեռք է բերել Հովիկ Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը: Քանի որ դուստրը որևէ եկամուտ չի հայտարարագրել և չի աշխատում, ըստ ամենայնի, Հովիկ Աբովյանն է գնել TOYOTA RAV 4 2.0 GAS ավտոմեքենան դստեր համար՝ վճարելով 15 մլն դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել