
Այնքան անճանաչելի էի դարձել, որ հարազատ մայրս ինձ չճանաչեց
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Մի բան հիշելու համար նախ մոռանալ է պետք: Բայց կան բաներ, որոնք հիշում ես առանց մոռանալու: Ավելի ճիշտ՝ մոռանալ չի լինում: Անկեղծ ասած՝ կուզեի մոռանալ ու երբեք չհիշել այստեղ՝ այս կլոր գերեզմանոցում կատարված շատ դեպքեր, որոնք չեն ջնջվում ուղեղիս հուշադարանից:
Անցած նամակումս բաց էի թողել մի կարևոր բան. հարազատ մայրս այս կլոր գերեզմանոցի դահլիճ տանելիս միջանցքում տեսավ ինձ: Զգացի՝ չճանաչեց ինձ, այնքան, որ անճանաչելի էի դարձել կապտուկների, ուռած դեմքիս, գրեթե փակված աչքերիս պատճառով: Երբ հավասարվեցինք, արագ ասացի.
- Մա՛մ, ես եմ…
Հենց դրանից հետո աղմուկ սկսվեց: Հարազատներս բացատրություն էին պահանջում: Փախուստի գործով նիստը չկայացավ:
Հաջորդ օրն ինձ այցելեցին ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի և այն ժամանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի աշխատակիցները: Հենց ՄԻՊ-ի աշխատողներին էլ փոխանցեցի նախագահին ու կաթողիկոսին երկրորդ անգամ գրած նամակներս (առաջինն ինձ բռնելուց հետո վառել էին 6-րդ վարչությունում՝ աչքիս առաջ, բանտում նորից էի գրել ու պահել ներքնակի մեջ):
Իրավապաշտպանները նկարեցին մարմնիս վրա դեռ երկար մնացած խոշտանգումների հետքերը: Կարծեմ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» տեղեկագրում հրապարակված է այդ ամենը: Դիտորդներին ու ՄԻՊ-ի աշխատակիցներին ասացի, որ ուզում եմ դատական գործ սկսել: Նույնը ասացի նաև բանտի ադմինիստրացիային: Անմիջապես ինձ ընդունեց բանտի վերնախավը: Համակարգին հայտնի շանտաժի մեթոդով ինձ հետ պահեցին դատարանում բողոքարկելու մտքից.
- Ուզում ես դիմի դատարան, մեկ ա՝ մեզ ոչ մեկը չի դատի, իսկ աղբորդ կդատեն խուլիգանության հոդվածով:
- Ի՞նչ… ի՞նչ կապ ունի աղբերս,- զարմացած նայում էի ուսադիրովներին:
- Լավ էլ ունի: Հիշո՞ւմ ես, որ քեզ դահլիճում էս վիճակում տեսավ, մի քանի անգամ հայհոյեց, լսողներ են եղել: Մինիմում 2000 դոլար դատավորը կվերցնի, որ աղբորդ սռոկ չտա:
Այս շանտաժն ինձ հիշեցրեց 1996թ. դատախազության քննիչ Քարիմյանի խոսքերը.
- Նայի՛, հա՛, Մհե՛ր, եթե սպանությանը մասնակից ուրիշ մարդկանց անուններ տաս, մամադ լվացք փռելուց կընկնի 8-րդ հարկից, աղբերդ բժշկական գնալուց կընկնի ավտոյի տակ:
Օրեր անցան, ինձ այլևս չտարան գեներալի սիմուսի ու ալյումինե գդալներ հավաքողի խուց, տեղավորեցին առանձին: Մենակ էի մնում: Այդպես մոտ 6 ամիս: Երբևէ բարձրաձայն կարդացե՞լ եք: Ես կարդում էի բարձր, որ լսեմ ինքս ինձ՝ իմիտացիա ստեղծելու համար, որ մենակ չեմ: Հատկապես մեծագույն հաճույքով կարդում էի փիլիսոփա Էպիկտետի մտքերը: Մարզվում էի ինքնաշեն ծանրոցներով. շշերի մեջ ջուր էի լցնում, կապում իրար ու բարձրացնում (հիմա էլ եմ այդպես անում):
Արդեն թույլատրվում էր ամսական մեկ անգամ հարազատներից սնունդ ստանալ: Կարագի տուփը բացում էի, գդալի պոչով (դանակ չի թույլատրվում) հավասար 7 խորանարդիկներ գծում: 7 թիվը շաբաթվա 7 օրերն էին: Այսինքն՝ ամեն օր կարող էի մեկ «խորանարդիկ» ուտել: Ու այսպես մեկ շաբաթ:
Դարձյալ ելքեր էի փնտրում, նորից ջրում խցի պատերը, փորձում թուլացնել դրանք, քանի որ հասկանում էի՝ միևնույն է, ձայնս չեն լսում դատաիրավական համակարգում: Չեն էլ փորձում վերաբացել 1996թ. գործը, որով ինձ մահապատժի էին դատապարտել չգործած հանցանքի համար: Երբեմն հենց նույն աշխատակիցները, ովքեր անմարդկային, դաժան ծեծի էին ենթարկել ինձ, մտնում էին խուց, փորձում հարաբերություններ վերականգնել, շախմատ էինք խաղում, ձեռքի ուժ փորձում: Նրանք միգուցե դեռ վախենում էին, որ դատարան կդիմեմ: Մանավանդ, որ արդեն ԵԽ անդամ էինք դարձել, ու Եվրոպայի պարտադրմամբ սկսել էին կամաց-կամաց դրական փոփոխություններ արվել: Բայց չի կարող արմատական փոփոխություն լինել, երբ մտածողության փոփոխություն դեռ չի եղել: Համակարգում դեռ աշխատում են մարդիկ, ովքեր կարծում են, որ դատապարտյալն անշունչ առարկա է, իսկ իրենք՝ պահեստապետ: Առաջադեմ մտածողները, մարդու մեջ մարդուն տեսնողները դեռ քիչ են, բայց կան:
Առաջին փախուստի համար մեզ՝ Սողոմոն Քոչարյանին ու ինձ դատապարտեցին 7տարվա ազատազրկման, իսկ իմ փափուստի փորձի համար (պատ քանդելու)՝ 6 ամսվա: Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց 7 տարվա ազատազրկումը, բայց մի կարևոր հարցի լուծում տվեց դատավոր Եվա Դարբինյանը՝ իր որոշմամբ արձագանքելով իմ բարձրացրած հարցին: Դատավորը արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանը սխալ է հաշվել պատժի սկիզբը՝ այն սահմանելով փախուստի գործից, ոչ թե 1996-ի բուն կալանքի սկզբից:
Հիշում եմ, որ դատավոր Եվա Դարբինյանին իմ գրաֆիկաներից մեկը նվիրեցի: Չգիտեմ՝ պահպանե՞լ է դատավորն այդ նկարը, թե՞ ոչ: Պատկերել էի Արարատ լեռը, որտեղ ոստիկանական հագուստով մեկը սարից բարձր էր, իսկ լեռան դիմաց գանգեր էին: Մի խոսքով՝ անարդարություն էի պատկերել ու համակարգը:
Որոշ ժամանակ անց Սողոմոն Քոչարյանն ու ես նորից հայտնվեցինք նույն խցում: Բանտի վերնախավը եկավ այն եզրակացության, որ միասին մեզ ավելի հեշտ կպահի վերահսկողության տակ: Իսկ առանձին պահելով՝ ավելի շատ դատապարտյալների կարող ենք «վարակել» ազատության գաղափարով, ազատության ձգտմամբ: Դա ձեռնտու չէ համակարգին:
Չանցած 4 տարի՝ մենք երկրորդ անգամ փախանք բանտից: Այս անգամ 21 օր մաքուր օդ շնչեցի, երկինքը տեսա առանց ճաղերի: Ազատության ձգտման համար այս անգամ էլ դատապարտվեցինք 7,5-ական տարվա ազատազրկման:
Հ.Գ. Եթե կարդացիք ու ավարտեցիք իմ գրած նամակը Ձեզ, մոտեցեք ձեր տան լուսամուտներին, բացեք այն, նայեք անճաղ երկնքին, խորը շունչ քաշեք: Հաճույք ստացեք նրանից, որ տեսնում եք երկինքը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել