
Աշխատավարձի բարձրացում, գնաճ ու գնողունակության անկում
Ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ (ԱՎԾ)՝ այս տարվա հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 հազ. դրամ։ Այս նշանակում է, որ նախորդ տարվա հունիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 9,2%-ով, ընդ որում՝ պետական հատվածինը՝ 12,9%-ով, իսկ ոչ պետականինը՝ 5,6%-ով։
Այս տարվա մայիսի համեմատ էլ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,3%-ով։
Իսկ վիճծառայության կիսամյակային տվյալներով՝ 2015 թվականի հունվար-հունիսի Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 178 հազ. դրամ՝ 10,8%-ով ավելին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ընդ որում՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 13,9%-ով, իսկ ոչ պետականինը՝ 7,4%-ով։
Հիշեցնենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ: Դա է պատճառը, որ շատերի աշխատավարձը, գուցե, նույն է մնացել և ընդհանուր ցուցանիշն աճել է աշխատողների միայն որոշ մասի աշխավարձների բարձրացման հաշվին։
Մեր հրապարակումներում արդեն նշել եք, որ եթե անգամ հանրապետությունում բարձրանում է բոլոր աշխատողների աշխատավարձի չափերը, դա դեռ չի նշանակում, որ նրանց կյանքի որակը լավացել է։ Պատճառն այն է, որ դրան զուգահեռ հանրապետությունում արձանագրվել է գնաճ և առևտրաշրջանառության անկում։ Այսինքն՝ առանց այս երկու ցուցանիշների, որոնք ցույց են տալիս քաղաքացիների գնողունակության անկումը կամ աճը, աշխատավարձի ցուցանիշները դատարկ են։
Այսպիսով, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունիսին Հայաստանում առևտրաշրջանառության ծավալը կազմել է 195,165 մլրդ դրամ` 6,6%-ով պակաս 2014-ի հունիսի ցուցանիշից։ Իսկ հունվար-հունիսին այն կազմել է 973, 735 մլրդ դրամ՝ 8,2%-ով պակաս 2014-ի հունվար-հունիսի ցուցանիշից։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ գնողունակության անկում է եղել։ Եվ միայն այս տարվա մայիսի համեմատ է, որ հունիսին առևտրաշրջանառությունն աճել է (16,4):
Մյուսը գնաճի ցուցանիշներն են։ Այս տարվա հունիսին սպառողական գների ինդեքսը (գնաճի ինդեքս) Հայաստանում նախորդ տարվա հունիսի նկատմամբ կազմել է 5,5%, իսկ կիսամյակային գնաճը՝ 5,1% (այս տարվա հունվար-հունիսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ Այս դեպքում էլ մայիսի համեմատ նվազում է արձանագրվել. սպառողական գները նվազել են 1,4%-ով։
Եթե իրավիճակն ամփոփենք կիսամյակային կտրվածքով, ստացվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում, 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանում սպառողական գներն ավելի արագ տեմպերով են աճել ու առևտրաշրջանառությունն ավելի արագ տեմպերով է նվազել, քան աշխատավարձի բարձրացման տեմպերն են։ Իսկ այն քաղաքացիների «օգուտը», որոնց աշխատավարձը չի բարձրացել և նրանցը, որոնք չեն աշխատում, փաստորեն, միայն գնաճն է ու գնողունակության անկումը։
Մեկնաբանել