
Հայաստանի ապահովագրական ընկերություններն այս կիսամյակ շահույթով են աշխատել
2013 թվականին կրած վնասներից հետո Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները 2014-ին և այս տարի հիմնականում շահույթով են աշխատել։
Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն։ Նախկինում ակտիվ գործունեություն իրականացնող «Գարանտ Ինշուրանս»-ն այժմ չի գործում։ Ընկերությունից մեր զանգին պատասխանեցին, որ «Գարանտ Ինշուրանս»-ը միաձուլվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ին։
Իսկ ինչպես են 6 ընկերությունների գործերը։ Ուսումնասիրելով նրանց վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունները՝ պարզ է դառնում, որ 2013 թվականին այդ ընկերությունների ֆինանսական ցուցանիշները անկում են ապրել։ 6-ից 4-ը տարին փակել են վնասով։ Շահույթ են արձանագրել միայն «Արմենիա ինշուրանս» և «Նաիրի ինշուրանս» ընկերությունները։ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի վնասն այդ տարի կազմել է 442 մլն դրամ, «Ինգո Արմենիա»-ինը՝ 440 մլն դրամ, «Ռեսո»-ինը՝ մոտ 260 մլն դրամ, «Սիլ ինշուրանս»-ինը՝ 25 մլն դրամ: «Արմենիա ինշուրանս»-ն ունեցել է մոտ 300 մլն դրամի շահույթ, «Նաիրի ինշուրանս»-ն էլ՝ 514 մլն դրամի։
Բայց 2014-ից սկսած ապահովագրական ընկերությունների ֆինանսական ցուցանիշները հիմնականում կրկին բարելավվել են։
Մինչ նշելը, թե որ ընկերություններն են 2014-ին և այս տարի շահույթով աշխատել, որոնք՝ վնասով, ներկայացնենք դրանց ունեցած դիրքը (մասնաբաժինը) շուկայում։ Որպես կանոն՝ դա որոշվում է տվյալ ընկերությունների համախառն ապահովագրավճարների հիման վրա։ Հիմք ընդունենք այս տարվա առաջին կիսամյակի տվյալները։
Այսպիսով, ըստ այդ տվյալների, որոնք ևս ներկայացված են ընկերությունների հաշվետվություններում, Հայաստանի ապահովագրական շուկայում առաջատարը «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է։ Հունվար-հունիսին այս ընկերության համախառն ապահովագրավճարները կազմել են 4,672 մլրդ դրամ։ Մեր հաշվարկներով՝ զբաղեցնում է շուկայի 30,7%-ը։ Հաջորդում են «Ինգո Արմենիա»-ն (26,6%), հետո՝ «Նաիրի Ինշուրանս»-ը (15,8%), «Սիլ Ինշուրանս»-ը (12,1%), «Ռեսո»-ն (8,7%) ու վերջում՝ «Արմենիա Ինշուրանս»-ը (5,9%)։
Այս տարվա առաջին կիսամյակն ապահովագրական ընկերությունները բոլորն էլ շահույթով են փակել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զգալի առաջընթաց է գրանցել «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն։ Աճ են արձանագրել նաև «Սիլ Ինշուրանս»-ը, «Նաիրի Ինշուրանս»-ն ու «Արմենիա Ինշուրանս»-ը։
Իսկ «Ինգո Արմենիա»-ի և «Ռեսո»-ի դեպքում շահույթի չափը նվազել է։
2014-ի տարեկան արդյունքները (ըստ դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվետվությունների) ևս վկայում են, որ Հայաստանում ապահովագրական ընկերությունների գործերը վատ չեն եղել, համենայնդեպս՝ տարին փակել են շահույթով, ոչ թե՝ վնասով։ Բացառություն է «Սիլ Ինշուրանս»-ը, որը տարին փակել է վնասով։ Բայց այստեղ հարկավոր է շեշտել, որ թեպետ «Նաիրի Ինշուրանս»-ը ևս 2014-ը ավարտել է շահույթով, սակայն այդ շահույթն ավելի քիչ է եղել, քան 2013-ին։ Այդ տարվա համեմատ այս ընկերության շահույթը նվազել է 209 մլն դրամով։
Ավելի քիչ հատուցում, ավելի շատ շահույթ
Ինչպես ստացվեց, որ 2013-ին ապահովագրական ընկերությունների ֆիանսական ցուցանիշները վատթարացան և 2014-ին բարելավվեցին։ Այս հարցերի պատասխաններից մեկը, թերևս գլխավոր պատասխանն ու պատճառը, կարելի է նորից գտնել ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում։ Դրանց հիման վրա ՀՀ կենտրոնական բանկը ամփոփ ցուցանիշներ է ներկայացնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը։ Կա երկու ցուցանիշ՝ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ընդհանուր գումարը (ապահովագրական գործունեության արդյունքում հավաքագրված գումարը) ու ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը (քաղաքացիներին հատուցված գումարը) նշված ժամանակահատվածի համար։ 2013-ի դեպքում, օրինակ, նշվում է, որ տարեկան ապահովագրավճարները կազմել են 35,753 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները՝ 19,718 մլրդ դրամ։ 2012-ի համեմատ ապահովագրավճարները միայն 228,5 մլն դրամով են ավելացել, իսկ հատուցումները՝ 5,231 մլրդ դրամով։ Այսինքն՝ ընկերություններից դուրս եկած գումարը մի քանի անգամ ավելի մեծ է եղել, քան ստացվածը։ Արդյունքում ապահովագրական ընկերություններից 4-ը 2013-ը փակել են վնասով։ Իսկ «Արմենիա ինշուրանս»-ն և «Նաիրի ինշուրանս»-ը շահույթով են փակել, քանի որ իրենց համախառն ապահովագրավճարների չափը 2013-ին գերազանցել է 2012-ի ցուցանիշները, իսկ հատուցումների չափը՝ նվազել։
Այսպիսով, կարող ենք ասել, որ 2013-ին ապահովագրական ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վատթարացման եթե ոչ գլխավոր, ապա հիմնական պատճառներից մեկը հատուցումների աճն է եղել։
Նույն տրամաբանությամբ էլ կարող ենք ասել, որ 2014-ին ապահովագրական 4 ընկերությունների՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի, «Ինգո Արմենիա»-ի, «Ռեսո»-ի և Արմենիա Ինշուրանս»-ի շահույթին նպաստող հիմնական գործոնը եղել է հատուցումների չափի նվազումը։ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի պարագայում, օրինակ, համախառն ապահովագրավճարների չափը գրեթե նույնն է մնացել, իսկ հատուցումներինը՝ նվազել։ Մյուս ընկերությունների դեպքում եղել է, որ ապահովագրավճարները փոքր-ինչ նվազել են, բայց հատուցմների չափն ավելի շատ է նվազել։ Արդյունքում այդ ընկերությունները շահույթով են փակել տարին։
Իսկ «Նաիրի Ինշուրանս»-ի ապահովագրավճարներն ավելի շատ են նվազել, քան հատուցումները։ Այդ պատճառով էլ այս ընկերությանը շահույթը նախորդ տարվա համեմատ, ինչպես նշեցինք վերևում, նվազել է։
«Սիլ Ինշուրանս»-ի դեպքում էլ փոքր-ինչ ավելացել են ապահովագրավճարները, բայց ավելի շատ աճել է հատուցումների չափը։ Արդյունքում ընկերությունը վնաս է կրել։
Ի դեպ, վերջին տվյալներով (2015թ. հունվար-մարտ)` ԱՊՊԱ-ի գծով արված վճարները կազում են ապահովագրավճարների ընդհանուր ցուցանիշի մոտ 66%-ը, ավելի քան 17%-ը՝ անձնական ապահովագրության վճարներն են, ավելի քան՝ 13%-ը՝ գույքի։ Մնացածն՝ այլ ապահովագրավճարներն են։
Իսկ ԱՊՊԱ-ի գծով հատուցումները կազմում են ընդհանուրի 67,7%-ը, անձնականը՝ 21%-ը, գույքինը՝ ավելի քան 9%-ը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել