HY RU EN

Արտավազդ Փելեշյան. «Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով»

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Վերջինս նախ խնդրեց, որ հանդիպումը չտեսանկարահանվի: Փելեշյանի ֆիլմերի դիտումից հետո վարպետը պատասխանեց հանդիսատեսի հարցերին:

«Կյանք» և «Վերջ» ֆիլմերի մասին

Այս վերջին երկու ֆիլմերը նկարեցի այն ժամանակ, երբ Հայաստանը շատ դժվար վիճակում էր, մութ ու խավար էր: Եվ ես արեցի ֆիլմ հույսի ու լույսի, վերածննդի և նոր կյանքի համար:

Թելադրանքը՝ երիտասարդ կինոռեժիսորներին

Առաջին աշխատանքին մեծ ուշադրություն դարձնեն, որովհետև ամենակարևորը դա է:

Իր ֆիլմերում ինչ-որ բաներ փոխելու մասին

Երբեմն նայում եմ ալբոմներ, երբ երիտասարդ տարիներին բեղեր էի պահում, ի՞նչ միտք ունի հիմա այդ նկարը ոչնչացնել կամ բեղերը ջնջել:

3 ֆիլմ, որոնք պետք է նայել

Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» և Չինգի «Չինաստանի ուրվականների պատմությունը»:

«Բնակիչները» ֆիլմի մասին

Դա ֆիլմ է կենդանիների հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին: Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով:

Հայաստանում ֆիլմ նկարելու մասին

Սցենար էի գրել՝ «Հայոց աշխարհ», բայց այդպես էլ չարվեց տարբեր պատճառներով, առաջին հերթին՝ ֆինանսական պատճառով: Դե, հիմա էլ մեծացել եմ, չգիտեմ՝ ի՞նչ պիտի անեմ:

«Տարվա եղանակների» մասին

Մի պատմություն եղավ այդ ֆիլմի ժամանակ, երբ նկարահանում էինք: Խմբի ադմինիստրատորին և օպերատորին ուղարկեցի գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի իմանան, թե Հայաստանում ցիվիլիզացիայից հեռու ինչ գյուղ կա, որը պահպանում է հին և նոր ադաթները: Գնացին, եկան, ասացին՝ Զանգեզուրի ձորում մի գյուղ կա, որ 30-ական թթ.-ին էր Սովետական Միությունն իմացել էր, որ այդպիսի գյուղ կա, և գյուղն էլ իր հերթին իմացել էր, որ Սովետական Միություն կա: Որոշեցինք գնալ այդ տեղը: Գնացինք, շատ դժվար էր գտնել, մի կերպ գտանք: «Վոլգա» մեքենայով էինք: Ձորի մեջ էր գյուղը, ընդամենը 10-12 տուն էր: Ասացի՝ ոտքով գնանք, որովհետև մեքենայով գնալ չէր լինի, վարորդն ասաց՝ չէ, ես կտանեմ: Ճանապարհին մեքենայի ամեն մի մասը կոտրվեց, մեքենայի կմախքով հասանք տեղ: Թումանյանի հեքիաթների նման մի գյուղ տեսանք, երեք ծերունի էին նստած կրակի շուրջը և օղի էին պատրաստում՝ Քարահունջ: Բարևեցինք, հարցրեցինք՝ ի՞նչ կա այստեղ, զարմացան մեքենայի վրա: Ասացինք՝ կինո ենք ուզում նկարել, զարմացան, թե ինչ է կինոն: Արդեն մեզ հետաքրքրեց: Պայմանավորվեցինք: Երկու օր հետո գնացինք այդտեղ:

Գիտեք, շատ քիչ մարդիկ են իմանում, շատ նեղ մասնագիտական հարց է, մինչև անգամ ռեժիսորը չի իմանում, թե ինչ հարց է, օրինակ՝ ասում են մասսովկա, նկարում ենք: Դա բավականին մեծ ամբոխ է, դեմքերը չեն երևում, և դա արժե 3 ռուբլի: Դա միայն գիտի ֆիլմի ադմինիստրատորը և ստուդիայի հաշվապահությունը: Եվ կան էպիզոդիկներ, որը փոքր խումբ է, ու դեմքերը երևում են: Դա արժե 7 ռուբլի 50 կոպեկ: Ներկայացրինք այդ մարդկանց, տնօրենը հանեց ցուցակը, գրեց՝ մասսովկա՝ 3 ռուբլի: Երեք ծերունիներից մեկը, որ նստած էր կրակի շուրջը, ասաց՝ ես էպիզոդիկ եմ: Ֆիլմի մեջ մի պատկեր ցույց եմ տվել այդ գյուղից, բայց անունը դժվարանում եմ հիշել: 

Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմի մասին

Երբ դիտեցի այդ ֆիլմը, ինձ թվաց, թե ֆիլմում կպարզեցվի Փելեշյանի լռության պատճառը, բայց ֆիլմի ռեժիսորը նույնպես ինձնից բան սովորեց և լռեց:

Հայկական ֆիլմում հայերեն խոսքեր չլինելու մասին

Ասում եք՝ հայկական ֆիլմում հայերեն խոսք չկա, բայց ինչքան հայկական մտքեր կան:

Կասկածներ՝ ֆիլմեր նկարահանելիս

Ես սցենար եմ գրում, եթե ես չեմ տեսնում ֆիլմը, չեմ նկարահանում այն: Իհարկե, սցենարը 100 տոկոսով ֆիլմը չէ, բայց ընդհանուր առմամբ դա է: Եթե թղթի վրա տեսնում եմ ֆիլմը, նոր սկսում եմ նկարահանել այն:

«Հոմո սապիենս» («Homo sapiens») ֆիլմը չնկարահանելու մասին

Մենք այդպիսի ֆինանսական ռեսուրսներ չունենք: Այդքան միլիոններ՝ դոլարով, չունենք: Փորձեցի դուրս գալ արտասահահման, բայց արդյունքը չստացվեց: Մենք զբաղվեցինք այդ ֆիլմով, գրեցինք, երկար աշխատեցինք, պարզվեց՝ 41.000 դոլար է պետք, բայց պրոդյուսերը կին էր, չկարողացավ հավաքել այդքան գումար: Չէ, ես լավ մտքով եմ ասում:

Հայաստանում դասախոսելու մասին

Մի անգամ բոլոր փաստաթղթերը դասավորեցինք, բայց տեղ չտվեցին, շենք չտվեցին:

Դիստանցիոն մոտնաժի նշանակության մասին

Աշխարհով մեկ ընդունված է, որ մոնտաժ նշանակում է հարևան պատկերների միացում: Իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում: Ստացվում է այնպես, որ ես ոչ թե միացնում եմ այդ պատկերները, որոնք շատ կարևոր են, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում մեկը մյուսի հանդեպ: Եվ իմ կարծիքով՝ հեռավորության վրա նրանք ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, և ոչ միայն մեկը մյուսի, այլև այն բոլոր պատկերների, որոնք գտնվում ենք դրանց միջև:

Որտեղի՞ց եք, վարպետ:

Կիրովականից եմ, բայց Գյումրիում եմ ծնվել: Ավելի ճիշտ՝ լոռեցի եմ (ժպտում է, ծաղափահարություններ- հեղ):