HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Մնա՞լ, թե գնալ․ սիրիահայ այգեգործները երկմտանքի մեջ են

Օգոստոսի կիզիչ արևը խեղդում է։ Բերքաձորի այգիներում ուրիշ գյուղացիներ չկային, միայն սիրիահայ Ասմարյան եղբայրների ընտանիքն է։

Վրեժը տրակտորով խաղողի վազի համար փոսեր է փորում։ Եղբայրը՝ Հովիկը, կնոջ՝ Իզաբելի և ավագ որդու՝ Լևոնի հետ պարսկական դեղձի բերքն են հավաքում։

«11 տեսակի ցիտրուսի տնկիները պետք է որ Արաքսի ափին տնկեինք, բայց չստացվեց։ Առայսօր ջերմոցում ենք պահում, հույս ունենք եկող տարի վերջապես ցիտրուսի այգի կունենանք»,-ասում է Հովիկ Ասմարյանը։

3 տարի առաջ Հալեպից  Արցախ գալով՝ Հովիկ և Վրեժ Ասմարյան եղբայրներն Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում 15 հեկտար այգի են հիմնել, որտեղ այսօր աճում է 10 տեսակի մոտ 3000 մրգատու ծառեր և բույսեր։

«Անցած տարի ծիրանի ու դեղձի ծառերը հաշվովի պտուղ էին տվել։ Հասցրեցինք միայն համտեսել մի անգամ, մնացածը երևի գյուղի երեխաներն են  գողացել, նորմալ է, այդպես էլ է լինում»,-ծիծաղելով ասում է Հովիկն ու հավելում, որ հիմա էլ եղած բերքի սպառման խնդրի առաջ են կանգնած։

«Սիրիայում բերքը պարզապես տանում էինք շուկայում հանձնում։ Այստեղ ինքդ պիտի շրջես խանութներով կամ պահածոների արտադրամասերով, ինչը բավականին աշխատատար ու ծախսատար է»,-ասում է Հովիկը։

Այգեգործության այն համակարգը, որ ստեղծել են Ասմարյան եղբայրները, պետք է եկամուտ բերի, ոչ թե բուն բերքի վաճառքից, այլ տնկիների։

«Նոր ծառատեսակներ ենք բերելու մոտ ժամանակներս, այդ թվում՝ 2 տարուց բերք տվող զեյթունի տնկիներ։ Մեր ունեցած զեյթունի ծառերը միայն 7 տարուց հետո են բերք տալու։ Նոր տնիկները եղածի հետ պետք է Արաքսի մոտակայքում տնկենք»,- հույս ունի Հովիկը։

Ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի կլիման ավելի բարենպաստ է։ Բացի դրանից ՝ Ասմարյաններն արդեն հասցրել են այգու ոռոգման հարցը լուծել։ Սեփական ուժերով արտեզյան ջրհոր են փորել և այգին արդեն մեկ տարի է՝ կաթիլային համակարգով է ոռոգվում։

Հովիկը պատմում է, որ անցած տարիներին երաշտի ու խիստ ձմռան պատճառով տանձի և զեյթունի ծառերի մեծ մասը տուժել են։

Բացի սեփական այգին մշակելուց՝ այս տարի Ասմարյանները տնկիներ ներկրելու պետպատվեր ունեն։ ԼՂՀ կառավարությանությունը 40 միլիոն դրամ է տրամարդել «Ասմարյան Գրինլանդ» ընկերությանը պետպատվերի շրջանակում Սիրիայից թթի տնկիներ ներկրելու համար։

«Մոտ 20000 տնկի արդեն պատվիրված է, շուտով Արցախ կառաքվի»,-ասում է զրուցակիցս։

Հովիկը պատմում է, որ տնկիներ ներկրելը, սեփական ծառատեսակներ մշակելը և զարգացնելն իրենց գերնպատակն է եղել ի սկզբանե։

«Միայն տնկիներ վաճառելով չի սահմանափակվի մեր գործունեությունը, մենք պատրաստ ենք նաև գյուղացիներին խորհրդատվություն տալ, թե ինչպես մշակել, որ առավելագույնս արդյունավետ լինի և շատ բերք ստանան»,-ասում է նա։

Այս երեք տարում, որ Ասմարյանները հաստատվել են Ստեփանակերտում, Հովիկի խոսքով, ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլլար են ներդրել այգեգերծության մեջ՝ երկու ընտանիքի կացության հարցը լուծելու համար։

Ըստ նրա՝ Արցախի կառավարությունը առաջարկել է հաստավել Քաշաթաղի շրջանում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստականություն են հայտնել բնակարանով ապահովել։ Բայց քանի որ Ասմարյանները սովոր էին քաղաքի կյանքին, նախընտրեցին սեփական միջոցներով հաստատվել Ստեփանակերտում։

«Սիրիայում պատերեզմի պատճառով ահագին վնասներ ենք կրել։ Տնկիների մի զգալի  մասը, որն արդեն պատրաստ էր և պետք է առաքվեր Արցախ, թալանվել է։ Այս 3 տարում մենք միայն ներդրում ենք  անում՝ առանց շահույթ ստանալու։ Այսօր էլ սեփական տան խնդիր ունենք։ Օգնության համար առաջին անգամ դիմել ենք ԼՂՀ կառավարություն՝ աջակցել վարկով տուն ձեռք բերել։ Կառավարությունը պատրաստակամ էր առաջկցել, թղթերը պատրաստել էինք, դիմել բանկ։ Վերջում պարզվեց՝ բանկերը գումար չունեն։ Հիմա սպասողական վիճակում ենք»,-պատմում է Հովիկը։

Որպես այլընտրանք, Ասմարյաններին առաջարկում են հիպոթեքով բնակարաններ ձեռք բերել առաջնային շուկայից, ինչը, ըստ Հովիկի, իրենք չեն ձգի։

«Մենք երկու ընտանիքի համար առնավազն պետք է երկու բնակարան գնենք, ինչը մեզ վրա կնստի մոտ 160 հազար ԱՄՆ դոլլար, այն դեպքում, որ մեր վարձած տունը մենք կարող ենք դրա կես գնով գնել։ Այն մեզ լիովին հարմար է»,-բացատրում է նա։

Ասմարյան եղբայրները երկմտանքի մեջ են։ Եթե տան հարցը չլուծեն, երևի մտածեն հեռանալու մասին, ինչը,նրանց հավաստմամբ, բնավ չեն ուզում։

Մինչ տան հարցը կկարգավորվի, Հովիկը օրերս մեկնում է Ինդոնեզիա աշխատելու։ Այնտեղ գործընկերներ ունի, որոնց հետ առևտրով են զբաղվում։

«Ինդոնեզիայում գործս վատ չի, այնտեղի եկամուտով կարողանում ենք այստեղ ներդրումներ անել և այգին զարգացնել, բայց վատը այն է, որ եկամուտը ստաբիլ չէ երկարաժամկետ ծրագրեր պլանավորելու համար»,-եզրափակեց Հովիկը։

Մեկնաբանություններ (2)

GB
To become a farmer is not an easy task, especially in a place, where you don't get support from your local authorities, but eventually the hard work will pay off to their next generation, where they will become wealthier and smarter farmers! Artsakh is God blessed fertile land, and the reward will be given to those who works hard!
josef
God bless such hard-working people. Stay in Armenia!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter