HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանուհի Թովմասյանի երրորդ նամակը Մհեր Ենոքյանին

Ըստ վիճակագրության անհատի պաշտամունքի տարիներին 4,5-4,8 միլիոն մարդ դատապարտվել է քաղաքական մոտիվներով։ Գնդակահարվել է 1,1 միլիոնը, մյուսները հայտնվել են Գուլագում։

Բարև, տոթակեզ բարև, շոգախեղդ բարև, սիրելի Մհեր։

Շոգ է, անտանելի շոգ է երևանյան մեր տներում, իսկ բանտախցում տանելի՞ է արդյոք, քանի որ արևի կենարար շողը չի մտնում խուցը։ Ամեն անգամ պատկերացնելիս այդ բոլորը, շունչս կտրվում է։ Բայց համարյա բան չմնաց, համբերիր․․․

Անցնեմ 4-րդ հարցին։ Այսպիսի ջանջալ հարցազրույց ունեցե՞լ էիր, կամ երբևէ կունենա՞ս։ Զբաղեցնում եմ քեզ, մինչև Աստված մի դուռ բացի։

Դե, ուրեմն․․․

4. Ձեր պապը 1915 թ.-ին մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը, վերապրել է Ցեղասպանությունը, չի նահատակվել: Իսկ 1935-ից նա 20 տարի եղել է բանտում ու աքսորում: Ի՞նչ խնդիր էր լուծում խորհրդային իշխանությունը՝ բանտելով երգիծաբանին:

Վա՜խ, վա՛խ, հարցը կարդալուց՝ այնպես խղճացի պապիս, Մհե՛ր։ Երեք  տողով խտացրած ներկայացրեցիր նրա չապրած ամբողջ կյանքը։ Դրան էլ գումարիր, որ մինչև վերջին շունչն արհամարհվեց գրական աշխարհում՝ չտպագրվեց և իր ընթերցողի հետ հնար չգտավ հաղորդակցվելու՝ մնաց ընդհատակյա գրող։ Օրագրում գրել է․ «Ես իմ կյանքը թողեցի գզրոցներում»։

Ի՞նչ է դա՝ ճակատագրի հեգնա՞նք, թե՞ էս մարդն ապրելու կերպը չգիտեր։

«Դժվարությունն այնտեղ է սկսվում, երբ աշխարհ է գալիս մի մարդ, աշխատում է հագնել աշխարհային օրենքները և չի կարողանում։ Նրանք ստանդարտ են, իսկ մարդը կոշտուկներով լիքը։

Ի՞նչ անել։ Կարո՞ղ ենք պահանջել, որ նա նախապես գուշակելով, թե ծնվելու է այդպիսի մարդ, իր օրենքները հարմարեցներ դեռ չծնված մարդուն։

Չէր կարող։

Նա ասում է աշխարհն այս է, ուզում ես ապրիր, չես ուզում քեզ համար «պրոթեզարանում» հատուկ աշխարհ շինել տուր»։

Ու ապրել չկարողացող մարդն իր պրոթեզարան-գզրոցում ստեղծեց իր աշխարհն ու ապրեց մեջը խռոված անկատար աշխարհից։

Երգիծաբանները կոնֆլիկտը կրում են իրենց էության մեջ և մշտապես ընդդիմադիր են, չեն համակերպվում և անընդհատ ընդվզելով փորձում են սրբագրել շուրջբոլորը, որ ավելի հարմարավետ զգա իրենց մարդ տեսակը։

Կամսարն իր կռիվը սկսեց թուրքական իշխանության դեմ, հետո անցավ դաշնակցական կառավարությանը, հետո էլ թիրախ դարձրեց բոլշևիկյան ամբողջատիրությունը։

Կեղծալեզու նենգ թուրքն ասաց․ «Աֆարի՛մ, Կամսար դու մեծ մարդ կդառնաս»։

Դաշնակցությունը համբուրեց նրան՝ դրեց իր գլխին։

Իսկ բոլշևիկների ու Կամսարի ջուրը, ինչպես ժողովուրդը կասեր՝ մի առվով չգնաց։

Հիմա, պատմեմ սկզբից, Մհեր ջան, ինքդ որոշիր ո՞վ էր մեղավոր։

Երգիծաբանը տեսնելով, որ երբ նույնիսկ ծաղրում է թուրք վալիիին, կամ դաշնակցական բոլոր սրբությունները, իրեն ոչինչ չեն անում, նույնիսկ դրվատում են, 1918-ին «Հորիզոնում»  Լենինին առավ իր գրչի տակ և խոշտանգեց։

Բոլշևիկները զբաղված լինելով քաղաքացիական կռիվներով, բանի տեղ չդրեցին այդ հոդվածը։ Համ էլ Կամսարն անկախ Հայաստանում էր։ Հետո նա սկսեց իր գաղափարական պայքարը չիրականանալի կոմունիզմի դեմ, մինչև Կարմիր 11-րդ բանակը բռնազավթեց Հայաստանը։ Երգիծաբանը, տեսնելով հայ բոլշևիկների անգութ վայրագությունները, փախավ Թեհրան։ 1921 թվին բոլշևիկները համաներման դեկրետ հայտարարեցին, և բոլոր մեղանչած մտավորականներին հրավիրեցին Սովետական Հայաստան, որպեսզի քանդված երկիրը շենացնեն։ Վերադարձողներին ազատ լինելու ու ստեղծագործելու սուտուփուտ խոստումներ տվեցին և բոլորին էլ կաշառեցին տարբեր բաներով՝ տներով, պաշտոնով, աշխատավարձով ու երկաթյա վարագույրով փակեցի հետդարձի ճանապարհը։

Սարգիս Լուկաշինը Լեռ Կամսարին նվիրեց պարսիկի մի հսկա լքյալ տուն (երևի մոտ 20 սենյականոց) իր մեծ այգով։ Երեք գիրք հրատարակվեց։ Իսկական եղբայրություն․․․

Նորմալ մտավորականն ի՞նչ կաներ, Մհեր ջան։ «Նորմալ» մտավորականը գերի կդառնար իր բարերարին և կուրորեն կնվիրվեր «սոցիալիզմի շինարարությանը»։ Բայց Կամսարը միայն Ճշմարտության Աստծուն էր ծնրադրում։

Երգիծաբանը փոխանակ լավությանը լավությամբ պատասխաներ, փորձեր հարմարվել, տեղի տալ, մի փոքր վարձահատույց լինել՝ եթե չփառաբանել, գեթ աչք փակեր արդեն ակնհայտ իրողության հանդեպ, երախտամոռ ապիրատը հատու գրիչն  ուղղեց ընդդեմ անարդար բոլշևիկյան իշխանավորի և ամբողջատիրական համակարգի։ Չփոխեց, էլի, չփոխեց իր «գեշ» բնույթը՝ բոլոր իրավիճակներում և բոլոր ժամանակներում խփել անարդար իշխանավորին, որ պաշտպանած լինի հալածվածին, խեղճին, մերժվածին և արդարին։

Խորհրդային կառավարությունը տեսնելով, որ խրախուսանքը բանի տեղ չի անցնում՝ անցավ պատժի մեթոդին։ Կամսարը հենց մի արատ էր նկատում և գրավոր քննադատում, կառավարությունը իրեն նվիրած տնից և այգուց մի մաս կտրում էր՝ տալիս ուրիշին։ Գավգործկոմի «պատվին» գրված ֆելիետոնից հետո տունն ու այգին դրվում են աճուրդի և գրողը հայտնվում է նորից իր հին կոտրված տաշտակի առաջ։

Մհեր ջան, երևի հիմա կտարակուսես՝ թե ինչու էին մամուլում տպում, հետո ինչու պատժում։ Բերեմ մի հատված Նշան Յովհաննիսյանի հուշերից․

 «Ան իր յօդվածները կը բազմագրեր ու երբ «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագիրները կը մերժեին իր գրութիւնները, ան կը դիմեր Չեկայի նախագահ՝ Մելիք Յովսեփեանին, և երբ Մելիք Յովսեփեանը կը մերժեր ու ձեռքեն կառներ յօդուածը՝ յոդուածին յաջորդ պատճենով կը վազեր կուսակցութեան քարտուղար Աշոտ Յովհաննիսյանին կամ թե Գոմիսարներու խորհուրդի նախագահ Ալեքսանդր Միասնիկյանին: Երեքն ալ խիստ զբաղուծ մարդիկ, որոնք հնարավորութիւն չունեին կարդալու գրութիւնները, ու միշտ ալ տեղի տալով Լեռ Կամսարի պնդումներուն, թե «անվնաս» մի բան է՝ ստորագրեցեք, և անոնց մեկն ու մեկուն մակագրութիւնը առնելե վերջ գրութիւնը փախանակ խմբագրապետին ներկայացնելու, ուղղակի գրաշարներուն կը տաներ: Գրաշարները որոնք մեծ հաճոյք կըզգային Լեռ Կամսարի գրութիւններեն, իսկոյն կը վերցնեին Արամեն և  արամեան   տառերով թերթին ամենեն աչքի ընկնող մեկ էջին վրայ կը տպեին, մատնելով թերթի խմբագիրը անել մի կացութեանը, որ իր հերթին կը պատասխաներ զայրացած պաշտօնեաներուն. թե.

-Ես ի՞նչ կրնամ ընել՝ ահա մակագրութիւնը կուսակցութեան քարտուղարին կամ գոմիսարներու խորհուրդի և կամ չեկայի նախագահին:

Պատկերը կը լրացնեին դերասանները, որոնք ներկայացումներեն առաջ ժողովուրդին կը կարդային Լեռ Կամսարի գրութիւնները զուարճացնելով ներկաները:

Քննադատւողները զուր տեղ կը փնտռեին Լեռ Կամսարը, և երբ անոնք իրենց զայրոյթին հետ սրահը կը ձգեին, չը գիտես ուրկե ուր՝ Լեռ Կամսարը իր դեմքը ցոյց կուտար հասարակութեանը ընդունելու համար իր յաղթանակին ծափերը»:

Այ այսպես, դիվադադար էր արել խեղճ կոմունիստներին։ Այլևս չդիմացան՝ բռնեցին, բանտ տարան, որ լեզվին էլ զոռ չտա։ Էլի չստացվեց՝ բանտում էլ գրելու հնարը գտավ։ Ճարահատյալ Սիբիր ողարկեցին, որ լռի, հետո էլ Բասարգեչարի աքսորավայր։ Օգուտ չկար՝ գրեց, գրեց անդադրում ու ծաղրուծանակի ենթարկեց մի հսկա կայսրության գաղափարախոսություն։

Էնպես որ խորհրդային իշխանությունը ոչ մի խնդիր էլ չլուծեց Կամսարին դատապարտելով, ուղղակի սևերես ու ամոթով մնաց սերունդների առաջ՝ էդքան բան․․․

«Ես միշտ հայհոյեր եմ խորհրդային կառավարությանն։ Այդ հայհոյանքներու հիման վրա ես կրնայի ստանալ նախ գնդակահարություն (որպէս թեթև նախաճաշ), ապա 10 տարի բանտ, հետո նոր օրէնքով ալ, 25 տարվա տաժանակրություն հեռավոր աշխատանքային լագերում։ Այս պատիժներէն վերջ, եթէ սուտմեռուկ ձևացնէի և թաղվէի, բոլշևիկյան կառավարությունն երեք օրէն հարություն պիտի «պարգևէր» ինձի և կրկնէր իր պատիժները այնքան, մինչև օր մըն ալ իրոք որ մեռնէի։

Որովհետև այսքան մեծ հանցանքի համար միանվագ պատիժ գոյություն չունի խորհրդային օրէնսգրքում, այդ պատճառով ասանկ մաս-մաս պիտի կրէի պատիժս, ինչպէս ան պարագաներուն, երբ շերեփ գոյություն չունենալով, մէկը թէյի գդալով ապուր լեցունէ իր պնակը»։

Սպասումով՝ Վանուհի Թովմասյան           

07․08․2015

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter