HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական հանքային ջուր. հարուստ պաշարներ, բայց քիչ արտադրություն ու արտահանում

Այս տարի հանքային ջրի արտադրությունը Հայաստանում անկում է ապրել։ Տարվա առաջին կիսամյակում արտադրվել է  19 մլն լիտր հանքային ջուր, որը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 24,1%-ով։ Սրանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տրամադրած տվյալներն են։

Հանքային ջուրն այն եզակի ապրանքներից է, որը Հայաստան գրեթե չի ներմուծվում, բայց այստեղից արտահանվում։  Հայաստանյան խանութներում այսօր քիչ կհանդիպես (կամ չես հանդիպի) ներկրված հանքային ջուր։ Պատճառը պարզ է՝ երկրի ընդերքը հարուստ է հանքային ջրի պաշարով, և հայ արտադրողները ոչ միայն կարողանում են լիովին բավարարել տեղական շուկայի պահանջարկն, այլև՝ արտահանում կազմակերպել։ Սակայն, այս ամենով հանդերձ, չի օգտագործվում ողջ ներուժը։ Այն պետք է օգտագործվի արտահանման նպատակով, որի համար արտադրողներին հարկավոր են համապատասխան հնարավորություններ, քանի որ տեղական շուկային արտադրության ներկա ծավալները լիովին բավարարում են։

Հայաստանում հանքային ջրերի մեծ պաշարներ կան  Ջերմուկում, Դիլիջանում, Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում, Արզնիում ու Հանքավանում։ Պաշարներ կան նաև  Գավառում, Արարատ քաղաքի մոտակայքում, Լիճք գյուղի մոտ և այլն։

Վերջին 10 տարում Հայաստանում հանքային ջրի արտադրության ծավալով առայժմ ռեկորդային է նախորդ տարին՝ 2014 թվականը, երբ արտադրությունը կազմեց 58,6 մլն լիտր ու 35,6%-ով գերազանցեց 2013-ի ցուցանիշը։ Փաստերը ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո Հայաստանին հաջողվել է վերականգնել հանքային ջրի շուկայի ծավալները։ Այստեղ հարկավոր է շեշետել, որ հատկապես վերջին երկու տարվա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ արտադրության ծավալները կտրուկ աճել են։ Բայց իրականում ոչ թե ծավալներն են այդքան աճել, այլ՝ արտադրողները սկսել են շրջանառության վերաբերյալ իրական կամ իրականին ավելի մոտ ցուցանիշներ տրամադրել պետկան մարմիններին։ Բանն այն է, որ 2012-ի տարեվերջից ընդունվեց նոր օրենք, ըստ որի՝ Հայաստանում արտադրվող և ներմուծվող հանքային ջրերը, մի շարք այլ ապրանքների հետ միասին, ենթակա են պարտադիր դրոշմապիտակավորման։ Այս օրենքի կիրառումից հետո հանքային ջրի արտադրության ոլորտում առկա ստվերային գործունեությունը որոշակի կրճատվեց։ Թեև դրա արդյունքում հանքային ջրերի տեսականին թանկացավ, բայց դա այլ թեմա է։ Այսօր տեղական 1 լիտր հանքային ջուրն Հայաստանում կարելի է գնել շուրջ 250 դրամով (10-20  դրամով էժան կամ թանկ): Փաստ է, որ օրենքը կարողացավ արտադրողներին որոշ չափով ստիպել ցույց տալ իրական շրջանառությունը, և շուկան ինչ-որ մասով դուրս եկավ ստվերից։ Արդյունքում 2013-ին հանքային ջրերի արտադրության պաշտոնական ցուցանիշները 2012-ի համեմատ կտրուկ աճեցին։ Կրկնում ենք՝ աճեցին թվերը։ Հնարավոր է՝ նաև իրական ծավալները ևս աճել են, բայց զուտ թվերի աճն այստեղ ակնհայտ է։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ 2012-ին և դրան նախորդող տարիներին Հայաստանում ավելի շատ հանքային ջուր է արտադրվել, քան ներկայացվել է պաշտոնապես։ ՀՀ ԱՎԾ արխիվային տվյալների հիման վրա  ներկայացնում ենք վերջին 10 տարում Հայաստանում հանքային ջրի արտադրության ծավալների պաշտոնապես արձանագրված դինամիկան։

Փաստորեն, նախորդ տարի գրանցված աճի բարձր տեմպն այս տարի չի պահպանվել։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ ներկայիս պահանջարկը թույլ չի տալիս արտադրել ավելին, քան արտադրվում է։ Կամ արտահանման համար չկան լրացուցիչ հնարավորություններ և դրսի շուկայի համար ավելի շատ արտադրելն առայժմ ձեռնտու չէ արտադրողներին։ Ոչ մոտ երկրներ արտահանելու համար լրացուցիչ մեծ ծախսեր են պահանջվում։  Այս տարեսկզբին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) ուսումնասիրության արդյունքներ հրապարակեց։ Պարզվեց, որ հանքային ջրի շուկայում առկա է բարձր կուտակում, իսկ պահանջարկի աճ չկա։ Դա է պատճառը, որ ընկերությունների մեծ մասը չի աշխատում իր ողջ ներուժով։

ՏՄՊՊՀ-ի 2014 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունից տեղեկացանք, որ 2011-2013-ին և 2014-ի I կիսամյակում հանքային ջրերի շուկայում արտադրության և իրացման ցուցանիշներով առաջատար ընկերություններ են հանդիսացել «Ջերմուկ Գրուպ», «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» և «Ջերմուկ Մայր Գործարան» ընկերությունները, որոնց համատեղ բաժինը շուկայի արտադրության կառուցվածքում 2014-ի I կիսամյակի ընթացքում կազմել է 90%:

Իսկ արդեն ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասին հանձնաժողովի նոր ցուցակում, որը ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այս տարվա փետրվարին, նշվում է, որ 2014-ի նոյեմբերի սկզբի դրությամբ Հայաստանում շշալցված հանքային ջրի շուկայում գերիշխող դիրքերում են «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ 35,7% բաժնով, «Ջերմուկ Մայր Գործարան» ՓԲԸ-ն՝ 31,1% բաժնով և «Բյուրակն» ՍՊԸ-ն՝ 8,3% բաժնով։  

Արդյունահանված հանքային ջրի շուկայում էլ գերիշխում են «Ադամանդ Կ» ՍՊԸ-ն՝ 74,08% բաժնով և «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ն՝ 18,7 % բաժնով։ Միասին գրավում են տվյալ շուկայի 92,78 %-ը։

Տարեկան հաշվետվությունից կառանձնացնենք այն, որ հանձնաժողովը հանքային ջրի շուկայում գործունեության համար բացահայտել է մի քանի խոչընդոտներ։ Որպես առաջնային գործոններ առանձնացվել են ֆինանսական միջոցների բացակայությունը, ընթացակարգային խոչընդոտները, համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող աշխատուժի բացակայությունը, ազատ (որևէ ընկերության չպատկանող) հանքերի (հորատանցքերի) բացակայությունը և արտարժութային տատանումների անկանխատեսելիությունը: Ընկերությունների կողմից մրցակցային միջավայրին առնչվող խնդիրներ չեն մատնանշվել: Ըստ հանձնաժողովի՝ այս շուկան հագեցած է, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ընկերություններն ամբողջությամբ չեն օգտագործում իրենց արտադրական հզորությունները: Մասնավորապես ընկերությունների շուրջ 75%-ն արտադրական հզորություններն օգտագործում է միայն մեկ քառորդի չափով:

Արտադրվող հանքային ջրի 25-30%-ն արտահանվում է

Վերջին  5 տարիներին Հայաստանում արտադրվող հանքային ջրի 25-30%-ն արտահանվում է։  Նման եզրահանգման ենք գալիս ուսումնասիրելով ՀՀ մաքսային ծառայության և ՀՀ ԱՎԾ-ի տրամադրած տվյալները։

Քանի որ ՀՀ մաքսային ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին կիսամյակի տվյալները, 2014-ի տարեկան տվյալների  վրա հիմնվելով՝ նշենք, որ հայկական հանքային ջրի խոշորագույն գնորդը Ռուսաստանն է: Նախորդ տարի այս երկիր է արտահանվել 13 մլն լիտր հայկական հանքային ջուր (արտահանված հանքային ջրի ընդհանուր ցուցանիշի 88,5%-ը)։ Որոշակի քանակությամբ արտահանվում է նաև Վրաստան, ԱՄՆ, Ղազախստան, Բելառուս, Թուրքմենստան, Իրան, Ուկրաինա, Չեխիա և ԱՄԷ, շատ քիչ քանակությամբ էլ՝ Բուլղարիա և այլն։  Թվարկվածների շարքում ամենաշատն արտահանվում Է ԱՄՆ, նախորդ տարի՝  մոտ 460 հազ. լիտր։ 2013-ին արտահանվել է նաև Ֆրանսիա, Լեհաստան, Էստոնիա և Հարավային Աֆրիկա, իսկ 2012-ին՝ Իրաք և Չինաստան, բայց 2014-ին այս շուկաները կորցրել ենք. հայկական հանքային ջուր այս երկրներ առհասարակ չի արտահանվել։

Այնուամենայնիվ, 2014-ին Հայաստանից հանքային ջրի արտահանման ծավալն աճել է։ Եվ դա մեծապես դեպի Ռուսաստան արտահանման աճի հաշվին։ Նախորդ տարի դեպի այս երկրի   2,5 մլն լիտր ավելի շատ հանքային ջուր է արտահանվել, քան  2013-ին։ Դեպի ԱՄՆ արտահանումը ևս աճել է՝ 160 հազ. լիտրով։

Նշենք, որ հայաստանից արտահանվող հանքային ջրի ծավալը, ըստ ռուսական տարբեր աղբյուրների, Ռուսաստանում սպառվող  հանքային ջրի ծավալի 0,5%-ն էլ չի կազմում։  Սա նշանակում է, որ ռուսական շուկայում պահանջարկը մեծ է և հայկական հանքային ջրի արտահանումը դեպի այս շուկա կարելի է զգալի ավելացնել։ Ու եթե հայ արտադրողների հնարավորությունները չեն ներում դեպի հեռավոր երկրներ շատ հանքային ջուր արտահանել, ապա Ռուսաստան արտահանելու համար համամետաբար քիչ ծախսեր են հարկավոր։ Իսկ եվրոպական և այլ շուկաների վրա կենտրոնանալը կարևոր է նախ նրանով, որ հայկական հանքային ջուրը հայտնի դառնա այդ շուկաներում և հետո՝ ռուսական շուկայից կախվածությունը փոքրանա։

Ինչպես նշեցինք վերևում, հանքային ջուր Հայաստանում ներմուծվում է քիչ քանակությամբ։ Օրինակ՝ 2014-ին ներմուծվել է 393 հազ. լիտր, 2013-ին՝ 286 հազ. լիտր։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում վերաբացվեց «Սևան» հանքային ջրի գործարանը, որի հզորությունը պլանավորվում է հասցնել տարեկան մինչև 20-25 մլն շիշ արտադրության: Գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի և Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատաեր Սամվել Բալասանյանի որդին է: Գործարանի աշխատանքն արդեն այս տարի կարող է  նպաստել Հայաստանում հանքային ջրի արտադրության և արտահանման ծավալների աճին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter