Կգնահատվեն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկերը և տեղանքի գեոֆիզիկական իրավիճակը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված թունավոր տեղանքի ռիսկերի գնահատման և էկոլոգիապես անվտանգ վնասազերծման մեթոդի մշակմանը:
Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում՝ ԴԴՏ: Անցյալ տարի ԵԱՀԿ աջակցությամբ մշակվեց արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր՝ կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր:
Տեղանքն, այնուամենայնիվ, դեռևս վտանգավոր է, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում և մոտ է բնակեցված, գյուղատնտեսական տարածքներին: Նոր ծրագրի շրջանակներում կգնահատվի գերեզմանոցի՝ շրջակա միջավայրի ու մարդու առողջությանը սպառնացող ռիսկերի, լցոնված նյութերի բաղադրության ու գեոֆիզիկական իրավիճակը, կառաջարկվի տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակ:
«Ես հավատացած եմ, որ մարդկանց համար առկա ռիսկերի գնահատումը, տեղանքի գեոֆիզիկական ուսումնասիրությունը և սողանքի ու էրոզիայի վտանգների վերլուծությունը կօգնի հստակ պատկերացում կազմել և առաջարկել արդյունավետ լուծումներ»,- ասաց Քարել Հոֆսթրան:
ԵԱՀԿ-ն կտրամադրի կազմակերպչական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ծրագրի իրականացման համար, որ կշարունակվի մինչև 2012թ. դեկտեմբերի վերջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել