
Ուշադրություն, սափրագլուխներ են
Ժաննա Սարգսյան
Այսուհետև հայոց աշխարհում շրջում են սափրագլուխներ: Երևանցի, շիրակցի ու լոռեցի ճաղատ տղաներն ու աղջիկները փնտրում են իրենց բնության դեմ ոճիր գործողներին ու պատժում: Զգուշացե'ք, օրենքից դուրս գտնվողնե'ր. նրանք անողոք են ու հետևողական: Հորդորվում է հայ սափրագլուխներին չնույնացնել այլազգի ահաբեկիչների կամ բուդդիստների հետ: Նրանց առաքելությունը բոլորովին այլ է` պայքարել բնությանը սպառնացող երևույթների դեմ:
Իսկ եթե ավելի լուրջ, երեկ Թռչկան ջրվեժի հաղթանակն էր տոնվում Շիրակամուտում: Երևանից, Գյումրիից, Վանաձորից այստեղ էին եկել հարյուրից ավելի համակիրներ` նշելու «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության հաղթանակն ու Թռչկան ջրվեժի փրկությունը:
Տոնախմբությունը բաղկացած էր մի քանի արարողակարգերից: Նախ` այցելուները շտապեցին վրանային ճամբար` շնորհավորելու արդեն 12 օր ու գիշեր ջրվեժի տարածքը հսկող էկոսահմանապահներին: Այդ պահին «Ռոբշին» ընկերության աշխատակիցները վերականգնում էին գետի նախկին հունը, որից հետո ապամոնտաժվեցին ՀԷԿ-ի համար նախատեսված խողովակները:
Հյուրերը շամպայնով օծեցին ածիլված գլուխներով ճամբարականներին ու վերականգնված տարածքը, ապա իջան ջրվեժ, որտեղ աղբահավաքություն կազմակերպեցին, լուսանկարվեցին, թեթև նախաճաշեցին: Մի քանի խիզախներ ցողվեցին Թռչկանի ջրով, ապա ամբողջ խումբը շարժվեց դեպի Շիրակամուտ: Պատվիրակության բեռնատարներին ուղեկցում էին ձիավորները:
Շիրակամուտցիները հյուրերին դիմավորեցին գյուղապետարանի բակում: Հենց այստեղ էլ «Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները ներկաներին սովորեցրին մի քանի ազգագրական պարեր, յարխուշտայի շարժումները, ապա բոլորը միասին շուրջպար բռնեցին:
Այնուհետև հավաքվածներն անցան գյուղապետարանի դահլիճ: Սրահը ծափերով բեմ կանչեց ճամբարական-ակտիվիստներին, ովքեր երգեցին Թռչկանի հիմնը: Ապա ելույթ ունեցան «Բամբիռ», «Որդան կարմիր» «Լուսնելիուս», «SCREAM», «YAN», «DREAMERS» ռոք-խմբերը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, ով նախկինում ևս այցելել էր ակտիվիստների ճամբար:
Միջոցառման գլխավոր ծեսը հրապարակավ սափրումն էր. ովքեր ժամանակ առ ժամանակ հերթապահել էին Թռչկանի ճամբարում, ցանկություն հայտնեցին միանալ իրենց ընկերներին: Ով` Չիչխան գետում, ով` գյուղապետարանի բակում, ով` համերգի ժամանակ, բեմահարթակին. ածիլեցին գլուխները` հանուն ընդհանուր գործի ու գաղափարի:
Այլևս վտանգ չի սպառնում ջրվեժին. հատուկ պահպանվող տարածքի ռեժիմում Թռչկանը կծառայի միմիայն որպես ժամանցի գոտի:
Սա աննահանջ պայքարի առաջին հաղթանակն է: Այսուհետև մարդիկ գիտեն, որ արդարությունը կարող է հաղթել, միայն թե պետք է հավատալ ու չընկրկել խոչնդոտների առաջ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել