
Ոմանց աշխատավարձը բարձրացել է, իսկ ընդհանուր՝ կյանքը թանկացել
Այս տարվա հուլիսին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,5 հազ. դրամ։ Նախորդ ամսվա համեմատ այն աճել է 5,3%-ով, 2014-ի հուլիսի համեմատ՝ 5,9%-ով։ Իսկ տարվա առաջին 7 ամիսների տվյալներով՝ միջին աշխատավարձը կազմել է մոտ 180 հազ. դրամ։ Դա էլ 9,9%-ով գերազանցում է 2014-ի նույն ամիսների ցուցանիշը։
Ընդ որում՝ հուլիսին հանրապետությունում պետական հատվածի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173 հազ. դրամ, իսկ ոչ պետական հատվածինը՝ 214 հազ. դրամ։ 2014-ի հուլիսի համեմատ առաջին խմբի միջին աշխատավարձը բարձրացել է 6,8%-ով, իսկ երկրորդինը՝ 5%-ով։
Սրանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներն են, որոնք ներկայացված են հունվար-հուլիսի ամփոփ հրապարակման մեջ։ Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ: Եթե հավատանք ԱՎԾ-ի տվյալներին, ապա ստացվում է, որ հանրապետությունում որոշ աշխատողներ սկսել են ավելի լավ ապրել։
Սակայն, կենսամակարդակի վերաբերյալ ԱՎԾ-ն այլ ցուցանիշներ ևս ներկայացնում է: Խոսքը սպառողական գների ինդեքսի և առևտրաշրջանառության ցուցանիշների մասին է։ Իսկ ըստ դրանց՝ տարեկան համեմատությամբ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել։
Մասնավորապես, այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանում կյանքը թանկացել է 5%-ով։ Դա սպառողական գների ինդեքսի (գնաճի ինդեքս) ցուցանիշն է։ Իսկ այս տարվա հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 4,2%։ Այս տարվա հունիսի համեմատ էլ 2,2% գնանկում է արձանագրվել։
Առևտրաշրջանառության ծավալը հանրապետությունում այս տարվա առաջին 7 ամսում կազմել է 1,211 տրլն դրամ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս ցուցանիշը նվազել է 4,7%-ով։ Իսկ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, առևտրաշրջանառությունը նվազել է 2,8%-ով, այս տարվա հունիսի համեմատ էլ 3,4%-ով աճել է։ Առևտրաշրջանառության ծավալների անկումը խոսում է այն մասին, որ քաղաքացիների գնողունակությունը նվազել է, իսկ որոշ տնտեսագետների կարծիքով էլ՝ հնարավոր է, որ մարդիկ խնայում են ապագայի համար։ Սակայն այս պարագայում ավելի իրատեսական է առաջին տարբերակը, քանի որ դա մեծապես կապված է դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտների նվազմամբ, ինչը մեծ հարված է արտագնա աշխատանքի մեկնած հայերի հայաստանաբնակ ընտանիքների համար։
Մեկնաբանել