HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախում բացվեց «Թումո» կենտրոն

Ստեփանակերտում այսօր բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ ուսում կստանան 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխաներ։

Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի խոսքով՝ ուսանողների ընդունելությունը կսկսեն սեպտեմբերի 14-ից, իսկ պարապմունքները՝ հոկտեմբերից։

«Ստեփանակերտի կենտրոնում կդասավանդեն նույն մասնագետները, ինչ-որ մնացած մեր 3 կենտրոններում։ Այս կերպ մենք փորձում ենք մշակել այնպիսի ճկուն համակարգ, որպեսզի կրթական ծրագիրը նույնը լինի բոլոր կենտրոններում»,-ասաց Զ. Բուդաղյանը։

Ինչ վերաբերում է Արցախի շրջաններից երեխաների ընդգրկմանը, ապա Զ. Բուդաղյանն ասաց, որ եթե գտնվեն այնպիսի կազմակերպություններ, ովքեր պատրաստակամություն կհայտնեն աջակցել տրանսպորտի հարցում, իրենք մեծ սիրով կընդունեն ուսանողներ նաև շրջաններից։

Ուսուցումը Թումոյում անվճար է, միայն պայմանագիրը կնքելուց առաջ գանձվում է դեպոզիտային սիմվոլիկ գումար, որ Արցախում հավանաբար կլինի մոտ 3000 դրամ։ Այս գումարը ուսուցման ավարտից հետո վերադարձվում է։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, կարևորելով Ստեփանակերտի կենտրոնի բացումը, ասաց. «Թումոյի Ստեփանակերտի կենտրոնը մի ինքնուրույն մասնիկ է իր յուրօրինակ հատկանիշներով։ Շինարարությունից սկսած մինչև բացումն ամեն ինչ այնքան սահուն անցավ և այնքան լավ մեզ դիմավորեցին, որ ես հաստատ գիտեմ, որ դժվարություններ չենք ունենա»։

Կազմակերպիչների ակնկալիքը մեկն է՝ հասնել լավ արդյունքի ավելի կարճ ժամանակահատվածում,  քան այն ստացան Երևանում։

«Վստահ եմ, որ կստացվի։ Երիտասարդների հետ աշխատելը ամենահաճելի բանն է, մանավանդ, երբ իրենց սիրածն ես մատուցում»,-եզրափակեց Մարի Լու Փափազյանը։

Ստեփանակերտի «Թումո» կենտրոնը բացվել է ԼՂՀ կառավարության, «Հայ բարեգործական ընդհանուր միության» և  «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter