HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ուկրաինայում տեղի կունենա Արամ Պաչյանի «Ռոբինզոն» ժողովածուի շնորհանդեսը

Արամ Պաչյանի «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» ժողովածուն լույս է տեսել ուկրաիներենով։ Պաչյանը մեկնում է Ուկրաինա՝ սեպտեմբերի 10-ից 13-ը մասնակցելու իր գրքի հրատարակման շնորհանդեսներին՝ սեպտեմբերի 10-ին Կիեւում եւ սեպտեմբերի 11-ին Լվովում: Նա կմասնակցի նաեւ Լվովում կայանալիք հրատարակիչների ֆորումին:

Հետաքրքիր է, որ այս տարի հայերեն թարգմանվեց ուկրաինացի ժամանակակից հայտնի գրող Լյուբկո Դերեշի «Խաղարարը» վիպակների ժողովածուն, որի առաջաբանի («Թեքված Աստվածը») հեղինակը  եւս Պաչյանն է։

Առաջաբանդ բավականին տպավորիչ էր։ Այնպես ստացվեց, որ հիմա էլ քո գիրքն է ներկայացվում ուկրաիներենով։ Որոշ ընդհանրություններ նկատեցի քո ու Դերեշի արձակը համեմատելով։ Ամեն դեպքում, սկսենք «Ռոբինզոնից»։

Ես շատ ուրախ եմ, որ Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ, 1-ին հայկական գրական եւ կինոգործակալության ու «Անտարես» գրահրատարակչության ջանքերով Լյուբկոյի գիրքը հասանելի դարձավ հայ ընթերցողին: Հուսով եմ՝ սա դեռ սկիզբն է, եւ մենք էլի առիթներ կունենանք կարդալու նրա մյուս  վեպերն ու պատմվածքները:

Այո, շուտով Ուկրաինայում «Старий Лев» հրատարակչության միջոցով լույս կտեսնի նաեւ իմ «Ռոբինզոն» ժողովածուն, որի թարգմանիչը նույնպես Անուշավան Մեսրոպյանն է: Եթե մեր պատմությունները (ոչ նույնանման դիտակներով) ինչ-որ տեղերում երկխոսության են գնում, կարծում եմ, հետաքրքիր կլինի բացահայտել եւ մտածել դրանց շուրջ:

«Ինձ սոված մնալ էր պետք, որ հիշողություններս վերականգնեի»,- գրում ես «Ռոբինզոն» պատմվածքում։ Սեփական տարածքում մնալու սովորությունդ (երբ չկաս համացանցում, բջջային հեռախոս չես գործածում), մեկուսացումը գրելուդ նպաստելու համար ստեղծված վիճա՞կ է։

Հնարավոր է՝ գրելու համար ամենից աննպաստ պայմաններն են, ի վերջո, վերածվում լավագույն, բարենպաստ պայմանների: Այս առանձնությունը գրելու հետ կապված չէ, ավելի շատ՝ անձնային կեցությունը պահպանելու ջանքերի:

Օրեր առաջ կապ եմ հաստատել նաեւ Դերեշի հետ՝ հարցազրույց անելու նպատակով։ Իրեն մի հարց եմ ուղղել ու կցանկանայի քեզ էլ այդ հարցը տալ մինչ իր պատասխանը ստանալը։ Նրա հերոսները միշտ փախուստի մեջ են (ոմանք՝ արդեն «արարելուց» հետո, ոմանք էլ՝ «արարման» կեսին)։ Ինչ-որ առումով քո գործերը կարդալիս էլ նույն դիտարկումն էի արել ժամանակին։ Որտե՞ղ կամ ինչի՞ մեջ է նրանց փրկությունը։

Իմ «հերոսների» համար փրկությունը փրկության բացակայությունն է: Սա դեկադանս չէ: Եվ եթե նույնիսկ մեսիա լինի, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու: Բացակայություն ասելով՝ ես նկատի չունեմ մահը: 

«Միակ բանը,  որը հնարավոր չէ վերապրել,  մահն է»,- ասում էր Վիտգենշթայնը: «Թափանցիկ շշերում» տղան հետ է վազում դեպի անփրկելին,  միակ ճանաչելի տեղը՝ հայրը:  «Ցտեսություն, Ծիտ» վեպի հերոսը փորձում է վերապրել սեփական մահը եւ պտտվում է այդ «անհավանական»  թվացող բացակայության շուրջ, որը գնալով շնչավորվում է:

Լյուբկոյի հերոսները, եթե անգամ «փախչում» են, ապա, ինչպես «Խաղարարը» գրքի առաջաբանում եմ նշել, «Աստծո բաղադրության շուրջ: Մի փոքր Թեքված Աստծո, ով մարդկության պատմությունից ավանդվածը չէ, ոչ էլ կրոնի օրինական ժառանգորդն է, թեպետ պատմության եւ կրոնի մասին հիշատակումներ, իհարկե, կան:

Եվ մի փոքր Թեքված Աստծուն` այդ փառաբանվածին ու մերժվածին, ապրողին ու վերապրողին հավերժորեն անբարենպաստ իրականություն բերելու համար հերթական անգամ պիտի հիշել եւ հերթական անգամ կասկածի տակ դնել  հիշողությունը»:

Ռումինացի գրող Մատեյ Վիշնեկի (Վիշնեկը ստեղծագործում է Ֆրանսիայում) գործերից մեկում մի հետաքրքիր դիտարկում կա ոմն հրատարակիչ Կաբրելենգի կողմից «Ամերիկացները արդեն վաղուց հասկացել են, որ աշխարհը պետք է գրավեն «երրորդ» դեմքով, ոչ թե «առաջին»»։ Կոնտեքստի մեջ սա, առհասարակ, վերաբերում է գրողին, որը գրում է «առաջին» դեմքով։ Հրատարակիչը համոզված է, որ այլեւս առաջին դեմքով ներկայացված գրականությունը աշխարհին անհրաժեշտ չէ, եւ միակ ձեւը՝ «գրավելու» այդ աշխարհը,  «երրորդ» դեմքն է։

Ոչ ոք չի կարող գուշակել, թե տվյալ պահին աշխարհին ինչ է պետք եւ ինչ պետք չէ, մանավանդ գրականության ասպարեզում: Կարծում եմ՝ այստեղ հեգնանք կա, քանի որ խոսքը նորից գրավելու եւ հեգեմոնիայի մասին է: Առաջին դեմքը ավելի մասնավոր, խոստովանական եւ դրանով արդեն իսկ վտանգավոր մի ճանապարհ է: Նորման Մեյլերը իր հարցազրույցներից մեկում կեսկատակ ասում է․ «Երրորդ դեմքով կարող է գրել միայն Աստված»: 

Իրականում սա գրողի համար լրջագույն ու բարդ խնդիրներից մեկն է՝ ինչպե՞ս պատմել պատմությունը, ո՞ր դեմքով այն ամբողջովին կարտահայտի, կպատկերի հեղինակային մտահղացումը, որը շատ ժամանակ հեռու է աշխարհը գրավելու ցանկությունից:

Նորից քեզ ու քո ստեղծած գրականությանն անդրադառնալով ժամանակին զրուցել էինք օրագիր պահելու մասին. ասում էիր՝ գրելուց հետո վերացնում ես՝ այդպես դիմադրելով օրագրային կախվածությանը։ Այսօր կարծես թե դա հաղթահարվել է քո նոր «Ֆրագմենտներով», որոնք եւս օրագրության պատառիկներ են հիշեցնում։

Երեւի որոշ չափով հաղթահարվել է, քանի որ հիմա «Ֆրագմենտները» եւս հեռվում են մնացել: Երբ ես խոսում էի առհասարակ տեքստային կիսատության բնույթի մասին, կարծես տարընթերցման տեղ էր մնում: Համենայնդեպս, այսօր ինձ համար այլեւս գոյություն չունի մի հետաքրքիր արձակ, որը դուրս է փորձարարությունից՝ ամեն առումով: Ի վերջո, փորձարարությունը հսկայական ավանդույթ ունի, որն ինքն իրեն անվերջ սահմանում ու մերժում է:

Բարի՛ գրական ճանապարհ դեպի Ուկրաինա։ Վերջում ընթերցողին ուզում եմ ներկայացնել մի հատված քո եւ Դերեշի ստեղծագործություններից։ Գուցե իրենք հետաքրքիր համեմատության այլ եզրեր գտնեն ու ամբողջական կարդան երկուսիդ էլ․․․

Շնորհակալ եմ: Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ռոբինզոն» գրքի թարգմանչին՝ Անուշավան Մեսրոպյանին, «Հայ գրականության հիմնադրամին», որի աջակցությամբ էլ Կիեւում եւ Լվովում մասնակցելու եմ գրքիս շնորհանդեսներին:

ՀԳգլխավոր լուսանկարը՝ Անի Տագերի,

շապիկի ձեւավորումը՝ Նազար Գայդուչիկի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter