HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ կառավարությանը տրամադրվող արտահանման վարկից կօգտագործվի՞ էլեկտրաէներգիայի գների փոխհատուցման համար». Լևոն Զուրաբյանի հարցը՝ ՊՆ փոխնախարարին

Լիլիթ Թադևոսյան

Այսօր` ԱԺ արտահերթ նիստում, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց տալու ժամանակ ասաց, որ համաձայն մամուլի հրապարակումների`  ՌԴ կառավարությունից ստանալիք վարկի միջոցներից մի մասը կօգտագործվի էլեկտրաէներգիայի գների փոխհատուցման համար:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված ՀՀ-ի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Զուրաբյանի խոսքով՝ վարկային միջոցներով էլեկտրաէներգիայի գների հնարավոր փոխհատուցումն ավելի հավաստի է դառնում, եթե համադրեն որոշ փաստեր, օրինակի համար այն, որ էլեկտարէներգիայի գների բարձրացման դեմ բողոքների վերաբերյալ Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է արել, ըստ որի` մեր կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բաձրացման ամբողջ բեռը:

«Ու նաև ասել է, ցիտում եմ, գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Եվս մեկ հանգամանք, որը կարծես հավաստի է դարձնում այս տեղեկությունը՝ այն, որ այս փաստաթութղը ստորագրվել է հունիս 26-ին, այսինքն՝ հենց այն պահին, երբ որ բողոքի ցույցերը գագաթնակետին էին հասել: Հիմա, մենք իսկապես ցանկանում ենք իմանալ՝ արդյոք այս պայմանագրի պայմանները հնարավորություն տալի՞ս են Հայաստանի կառավարությանը օգտագործել այս վարկից որևէ միջոց այդ ծրագիրն իրականացնելու համար: Նկատի ունեմ՝ մինչև Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված աուդիտի իրականացումը էլեկտրաէներգիայի գների փոխհատուցման ծախսը վերցնել կառավարության վրա»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Պատասխանելով Լևոն Զուրաբյանի հարցին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ որևիցե ցենտ կամ որևիցե լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որը պատգամավորը նշեց:

«Ես հատուկ ելույթի մեջ էլ նշեցի, որ համաձայնագրի առաջին հոդվածով սահմանված է, որ նշված 200 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկը ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար է` համաձայն սույն համաձայնագրի համար մեկ հավելվածում նշված ցանկի: Այսինքն՝ միմիայն այստեղ կարող է ձեռք բերվել ռազմական նշանակության արտադրանք, որը սահմանված է նշված ցանկում և ես նշեցի, որ հավելվածները հանդիսանում են նշված համաձայնագրի անբաժանելի մաս: Ասեմ ավելին՝ ոչ միայն նշված համաձայնագրով տրվող վարկի, այլև պաշտպանության նախարարության բյուջեով նախատեսված որևիցե լումա չի կարող գնալ այն նպատակի համար, որը դուք նշեցիք: Եղեք համոզված, որ դա լինելու է այդպես և իրավական դաշտը և նաև ընդհանուր մրտահրավերները մեզ նման հնարավորություն չեն կարող ընձեռնել»,- ասաց Արա Նազարյանը:

Արձագանքելով՝ Լևոն Զուրաբյանն ասաց. «Կներեք համոզված չենք կարող լինել, որովհետև մենք չենք վստահում այս իշխանությանը և ազնիվ այս իշխանության ազնից խոսքին, դրա համար ես առաջարկում եմ ուղղակի ներկայացնել պայմանագրային այն դրույթները, որոնք ստեղծում են մեխանիզմներ, որը թույլ կտա հանրային վերահսկողություն ունենալ և համոզված լինել, որ ոչ մի լումա, ինչպես դուք պնդեցիք, այլ նպատակներով չի գնալու: Կարո՞ղ եք ցույց տալ՝ պայմանագրային ո՞ր հոդվածներն են թույլ տալու մեզ վերահսկել իրավիճակը և հասկանալ, որ իսկապես այդպես է»:

Արձագանքելով՝ Արա Նազարյանն ասաց, որ ինքը քիչ առաջ ցիտեց առաջին հոդվածը, և եթե պատգամավորի մոտ կա պայմանագրի օրինակը, այդտեղ արդեն իր ասածը հիմնավորում էր:

«Եկեք այսպես պայմանավորվենք՝ դուք հարց տվեցիք, ես պատասխանեցի անկեղծ, հիմա դուք չեք հավատում,դա ձեր գործն է, ի՞նչ ասեմ»,- եզրափակեց փոխնախարարը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter